Մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Լուրեր

02.03.2026 | 00:03
BFMTV. Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը դուրս է եկել Միջերկրական ծով՝ Աբու Դաբիում ֆրանսիական բազայի վրա Իրանի հարձակումից հետո
01.03.2026 | 22:21
Դուբայի և Շարժայի հյուրանոցները դուրս են հանում զբոսաշրջիկներին. ԱՄՆ-ն դիվանագետներին տուն է ուղարկում, իսկ Բրիտանիան դիտարկում է քաղաքացիների տարհանման հարցը․ BBC
01.03.2026 | 21:42
Կենսաթոշակները կբարձրանան ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ավտոմատ կերպով՝ գնաճին զուգահեռ․ Փաշինյանի հայտարարությունն Իջևանում
01.03.2026 | 21:38
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող ԵԱ-ում
01.03.2026 | 21:22
Թրամփը պնդում է, որ Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հարցում են ներկայացրել, և ինքը համաձայնել է
01.03.2026 | 21:04
ԱՄՆ բանակը հայտարարել է իրանական «Ջամարան» դասի էսկադրային ականակրի խորտակման մասին
01.03.2026 | 20:16
Իրանի դեմ իրականացվող «Էպիկական կատաղություն» գործողության շրջանակներում զոհվել է ԱՄՆ երեք զինծառայող
01.03.2026 | 19:26
Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ֆրանսիայի ռազմական բազային Աբու Դաբիում
01.03.2026 | 18:53
Իրանի նոր առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում․ Արաղչի
01.03.2026 | 18:28
Բավրայի մաքսային անցման կետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
01.03.2026 | 18:05
ՀՀ ԱԳՆ-ն չեղարկված թռիչքների պատճառով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին է դիմել
01.03.2026 | 17:49
ILNA-ն հայտարարել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի զոհվելու մասին, այնուհետև հերքել տեղեկությունը
01.03.2026 | 17:42
Իրանի նախագահը դիմել է ժողովրդին․ «Հակառակորդին կհասցնենք հուսահատության՝ ոչնչացնելով նրանց բազաներն ու հնարավորությունները»
01.03.2026 | 17:28
Բախվել են GAZel և KIA մակնիշների ավտոմեքենաները․ ՆԳՆ
01.03.2026 | 16:53
Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 23-ը
Բոլորը

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսի համավարակի հաղթահարման պայքարը շարունակվում է։ Մենք ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում: Այդ պայմանները երբեմն կարող են խիստ թվալ: Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ ձեռնարկվող գործողություններն անհրաժեշտ են: Անհրաժեշտ են կյանքեր փրկելու և ձեզնից յուրաքանչյուրի առողջության պահպանման եւ պաշտպանության համար:

Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ: Պետք է գիտակցենք, որ ցանկացած դժվարություն ժամանակավոր է ու հաղթահարելի:

Պատմությունը մեզ սովորեցրել է չընկճվել և հաղթահարել դժվարությունները: Հիշենք, որ անցել ենք բնության արհավիրքի՝ Սպիտակի երկրաշարժի միջով: Ապրել ու աշխատել ենք պատերազմական ծանր տարիներին: Հաղթել ենք արցախյան գոյամարտում, կառուցել մեր նոր, անկախ հայրենիքը:

Կորոնավիրուսի դեմ պայքարում ևս հանգուցալուծումը կախված է մեզնից՝ թե որքան միասնական, համախմբված, պատասխանատու, կազմակերպված և կարգապահ ենք:
Սիրելի՛ բարեկամներ,

Այսօրվա պայքարում առավել զգայուն խմբում մեր տարեցները և խոցելի առողջություն ունեցող քաղաքացիներն են: Իմ բոլոր մտքերը և զգացմունքները, վստահ եմ, նաև ձեր մտքերը և զգացմունքները առաջին հերթին նրանց մասին և նրանց հետ են: Սեր ու հոգատարություն է պետք նրանց նկատմամբ։ Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրանց պաշտպանելուն:

Խորապես հասկանում եմ, որ դժվարին իրավիճակ է հատկապես սոցիալապես խոցելի և անապահով մեր հայրենակիցների համար։ Ես հասկանում եմ, որ ձեռնարկվող քայլերը դեռևս հիմնովին չեն փոխում ձեր վիճակը: Պետության աջակցությունից բացի շատ կարևոր է միմյանց սատարելը:

Օգնենք հարևանին, ծանոթին ու անծանոթին, նրանց, ովքեր այսօր դրա կարիքը ունեն: Մենք այսօր խուսափում ենք ձեռքով բարևել: Սակայն երբե՛ք, երբե՛ք չպետք է դադարենք օգնության ձեռք մեկնել միմյանց:
Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ այս օրերին ձեր համբերության ու ըմբռնման համար:

Շնորհակալ եմ նաև արտակարգ դրությանը պատասխանատվությամբ արձագանքելու համար:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր նորօրյա հերոսներին՝ առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ բժշկից ու բուժքրոջից մինչև շտապօգնության մեքենայի վարորդ: Նրանք այսօրվա պայքարի առաջին գծում են: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս այս օրերին նորովի գնահատեց նրանց անձնուրաց աշխատանքը:

Շնորհակալ եմ այն կամավոր ուսանողներին և դասախոսներին, ովքեր այս պահին հիվանդների կողքին են:

Շնորհակալ եմ պետական համակարգի ծառայողներին՝ ոստիկանից, զինվորականից մինչև փրկարար ու դիվանագետ, որոնք այս ծանր պայմաններում շարունակում են պատվով կատարել իրենց պարտականությունները:

Շնորհակալ եմ ուսուցչին և հեռավար սովորող ուսանողին, խանութի գանձապահին ու հավաքարարին, տաքսու վարորդին, բոլորին, ովքեր այս օրերին իրենց աշխատանքով կիսում են պետության և հասարակության ծանր բեռը:

Խնդրում եմ սերս և շնորհակալությունս փոխանցել մեր հասարակության կրտսեր, ամենասիրելի և ամենագնահատելի անդամներին՝ մեծ ու փոքր երեխաներին: Նրանց համար նույնպես շատ դժվար է տանը նստել գարնանային այս օրերին: Բայց հենց այդ սերունդն է վաղը հաղթահարելու ցանկացած այլ դժվարություն:

Շնորհակալությունս բոլոր այն ընտանիքներին, ովքեր մեկուսացած են իրենց տներում:

Շնորհակալ եմ բոլոր փոքր, միջին ու մեծ գործարարներին: Նրանց վրա է հենվում երկրի տնտեսությունը, որը այս օրերին հսկայական ճնշման տակ է: Գործարար-պետություն համագործակցությունը պետք է ամուր լինի։ Ներկա վիճակից պետք է դուրս գալ փոխըմռնման և փոխօգնության համատեղ ջանքերով։

Առանձնակի ցավ ու վիշտ եմ ապրում Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում մեր ժողովրդի զավակների կորստի համար: Ցավակցում եմ նրանց ընտանիքներին ու հարազատներին։
Սիրելինե՛րս,

Կորոնավիրուսի թեստերից բացի մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում: Այդ թեստերի արդյունքներով պայմանավորված կլինի մեր վաղվա օրը:

Կորոնավիրուսը, վստահաբար, նահանջելու է։ Մենք կրկին անցնելու ենք բնականոն կյանքի: Ես սպասում եմ այդ օրվան, երբ տատիկներն ու պապիկները նորից կգրկեն իրենց թոռնիկներին, երբ մայրիկները իրենց փոքրիկներին կտանեն մանկապարտեզ, երբ ուսանողները կշտապեն համալսարան, իսկ աշակերտները՝ դպրոց, երբ երիտասարդները սիրելիների և ընկերների հետ կլցնեն զբոսայգիները, փողոցները, սրճարանները, մեր գյուղերն ու քաղաքները:

Այդ օրը, վստահաբար, գալու է: Սակայն մինչ այդ պետք է շարունակել լինել կարգապահ, պատասխանատու և կազմակերպված:

Եղե՛ք առողջ, եղե՛ք զգոն:

Եղե՛ք հոգատար ու սրտացավ:

Աստված պահապան բոլորիս…