«Եթե բախտներս բերեր». պետական քաղաքականությունը բախտի վրա չի կառուցվում
Տնտեսություն
10.01.2020 | 19:21– Ա՜խ, չէ՛, ես գիտեմ, որ ես բախտ չունեմ.
Ես երբե՜ք, երբե՜ք բախտ չեմ ունեցել…
Ես միշտ էլ էսպես անբախտ կլինեմ.
Մանուկ օրից են դեռ ինձ անիծել…
«Անուշ» Հովհաննես Թումանյան
Երբ XXI դարի երկրորդ տասնամյակի վերջում պետական համակարգի կողմից բարեփոխումներին դիմադրելու վերաբերյալ վարչապետի զգացմունքային ելույթից հետո պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ վատ ցուցանիշները բացատրում է վատ «բախտով», սկսում ես մտածել, որ «Something is rotten in the state of …»: XIX դարի վերջում կամ XX դարի սկզբում Անուշը հավանաբար իրավունք ուներ բողոքելու իր բախտից, սակայն պետական քաղաքականությունը «բախտը բերելու» վրա չի կառուցվում:
«Մինչև այսօր մենք չենք հասկանում հստակ տվյալները, թե ինչ ունենք էս երկրում հողերի մշակման հետ կապված, հողերի քանակի հետ կապված, տարածքի հետ կապված, ինչ մշակաբույսեր ինչ բերքատվություն են տալիս։ Եթե հիմա վերցնեք ու հասկանաք, թե վիճակագրությունը ոնց ենք հավաքում, կհասկանաք, թե ինչու ունենք էս ստվերը, ինչ որ ունենք», – ասում է էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը:
Արտակ Քամալյանը գյուղատնտեսության նախարարի տեղակալ է նշանակվել ՀՀ վարչապետի 2018թ. սեպտեմբերի 6-ի №1189-Ա որոշմամբ, և անցած 15 ամիսների ընթացքում չի վերցրել ու հասկացել, թե վիճակագրություն ոնց են հավաքում: Կառավարությունը խոսում է փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մասին: Ծրագրային բյուջեն, որի մասին հայտարարում է կառավարությունը, այլ կերպ քան փաստերի վրա, չի կառուցվում: Ինչպե՞ս է էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության քաղաքականություն մշակում, եթե չունի վիճակագրությամբ հաստատված փաստեր:
«Մեր ժողովուրդը պիտի լավ կովեր ունենա՞ն, պիտի ունենան, բայց չեն ունենալու մի տարում, հաստատ է, երկու տարում էլ չեն ունենալու։ Էն եղածն էլ որակն ընկնելու է, լավ են կերակրելո՞ւ, ոչ, ոնց կերակրել, նենց էլ կերակրելու են, որովհետև նույն ժողովուրդն են։ Ի՞նչ պիտի փոխվի մի տարվա ընթացքում, որ կաթի ծավալն ավելանա։ Էն որ ասում եմ՝ իներցիայով գնում է ներքև, էդ ի նկատի ունեմ», – ընդգծել է պարոն Քամալյանը։
Պարոն Քամալյանը հավանաբար կարծում է, որ մինչև իր փոխնախարար նշանակվելը Հայաստանում գյուղատնտեսության նախարարություն չի եղել, «լավ կովեր» ունենալու ուղղությամբ ոչինչ չի արվել:
ՀՀ կառավարությունն իր 2007թ. մարտի 22-ի N 336-Ա որոշմամբ հաստատել է ՀՀ 2007-2015թթ. տավարաբուծության զարգացման ծրագիրը, որով նախատեսված 12110 գլուխ տոհմային երինջի փոխարեն, Հայաստան փաստացի ներկրվել է 2506-ը: Նախկինում արդեն նշել եմ, որ 2017թ.-ի հուլիսին իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ժամկետանց պարտավորություններ ունեցող շահառուներին հատկացված 1384 գլուխ տոհմային կենդանիներից առկա է 441-ը: 2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված տոհմային երինջների դիմաց գումարների հավաքագրման հատուկ հաշվին 1 մլրդ. 165 մլն. ՀՀ դրամի փոխարեն կուտակվել է 270 մլն. ՀՀ դրամ, կամ նախատեսվածի 23%-ը: 2014թ. ապրիլի 17-ի №412-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը ներել է 2007-2015թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ ներկրված և տարաժամկետ վճարման պայմանով տրամադրված տոհմային երինջների դիմաց մի շարք տնտեսվարող սուբյեկտների պարտքը, առանց հրապարակելու այդ տնտեսվարողների ցանկը:
Այնպես որ նախորդ իշխանություններն էլ են «լավ» տոհմային կովեր ու վառ ապագա խոստացել գյուղացուն: Ներկայացրեք, թե նախորդների համեմատ ինչն եք այլ կերպ անում, որ հանրությունը լավ արդյունք ակնկալի ձեր աշխատանքից:
Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք «լավ են կերակրելո՞ւ, ոչ, ոնց կերակրել, նենց էլ կերակրելու են»: Եթե Ձեր կարծիքով հայ գյուղացին վատ է կերակրում իր կովերին, ի՞նչ է արել Ձեր կողմից ղեկավարվող կառույցը, որպեսզի փոխի գյուղացու վարքագիծը, որպեսզի նրան օժանդակի որակյալ և բարձր կալորիական կերեր ձեռք բերելու հարցում: Պետական քաղաքականության ի՞նչ գործիքներ եք օգտագործել:
Պարոն Քամալյանը խիստ սխալվում է, երբ հայտարարում է, թե «նույն ժողովուրդն են»: Պարոն Քամալյանը սխալվում է, որովհետև մինչև թավշյա հեղափոխությունը, որի ալիքի վրա ինքը Ռուսաստանից եկել ու դարձել է իշխանության մաս, Հայաստանում այլ, հուսալքված ժողովուրդ էր ապրում: Չնայած արդեն 15 ամիս է բարձր պաշտոն է զբաղեցնում, նոր Հայաստանում ապրող պահանջատեր ժողովրդին հավանաբար դեռ լավ չի ճանաչում: Հանրային հեռուստատեսությունը շեփորահարում է, որ Հայաստանում տնտեսական ու քաղաքական խորը փոփոխություններ են տեղի ունենում և եթե հայ գյուղացին տպավորություն ստանա, որ այդ փոփոխությունների դրական արդյունքներն իր կողքով են անցնում՝ չի լռելու:
Փոխնախարար Քամալյանի հետ քննարկումներ ունեցած մի քանի անձանցից լսել եմ այն մասին, որ երբ դժվար իրավիճակում է հայտնվում, դա բացատրում է վերջին 30 տարին իր` Ռուսաստանում ապրելու հանգամանքով: Արդարացումներ միշտ կարելի է գտնել: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ Ռուսաստանում լավ քաղաքականություն է մշակվել և իրականացվել, չնայած քիչ չեն եղել նաև авось-ի վրա հիմնվածները:
ՀՀ վարչապետը դժգոհում է, որ պետական համակարգը դիմադրում է: Բարձրաստիճան պետական պաշտոնյաների մի մասը չի դիմադրում, ուղղակի պետական քաղաքականության հարցերում հույսը դրել է «բախտի» վրա: Տիկնայք և պարոնայք, ոչ կառավարության ծրագիրը և ոչ էլ ձեր նախարարությունների ու գերատեսչությունների կանոնադրությունները «բարի բախտի» վրա չեն կառուցված:
Հույսը բախտի վրա դնելը հայկական ֆենոմեն չէ: Այն այնքան ընդունված է թե որոշ գործարարների, թե պետական քաղաքականություն մշակողների և իրականացնողների շրջանում, որ գրքեր և հոդվածներ են գրվել այդ մասին, որոնցից առավել հայտնի են Ռիկ Փեյջը (Rick Page) 2001թ. և Թեդ Գիի (Ted Gee) 2008թ. «Hope is Not a Strategy» նույն վերնագրով աշխատանքները, որոնց հեղինակները փորձում են բախտի վրա քաղաքականություն կառուցողներին հուշել, որ դրա վրա հույս դնողները կարող են նույնիսկ երբեմն հաջողությունների հասնել, բայց բախտը խնդիրները չի լուծում: Միայն հստակ նպատակների սահմանման, դրանց հասնելու ուղղությամբ համակարգված աշխատանքի և առաջնորդին բնորոշ կարևորագույն հատկությունների դրսևորման դեպքում կարող է բախտը ժպտալ:
Որպես գյուղատնտեսության բնագավառում պետական քաղաքականության համար պատասխանատու, խոսեք գյուղատնտեսական քաղաքականության, դրա իրականացման գործում ձեր անելիքների, ձեր կողմից իրականացվող քաղաքականությունների հետ կապված ռիսկերի և դրանց հնարավոր նյութականացման արդյունքում հետևանքները մեղմելու նպատակով ձեր կողմից կիրառվող պետական քաղաքականության գործիքների, արածների ու գրանցած արդյունքների մասին:
Անուշի համար կարելի էր վերջում «վուշ-վո՜ւշ» երգել: Պետական քաղաքականություն մշակելու և իրականացնելու դեպքում դա թույլատրել չի կարելի:
Արտակ Քյուրումյան