Քաղաքապետարանը թույլ չի տվել սեռական բռնության դեմ ակցիան անցկացնել բռնաբարության մասին պաստառներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.07.2026 | 20:30
«Հոգով հարուստ» մարդը․ դատարանը Գագիկ Բեգլարյանի գործով առաջին վճիռն է կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:22
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը
14.07.2026 | 20:10
Սյունիքի մարզի Հացավան և Աշոտավան գյուղերում 36 ժամ ջուր չի լինի
14.07.2026 | 20:00
Ծառուկյանի ձերբակալմամբ՝ պարալիզացվել է ՀՀ տնտեսության մեծ հատված․ անգործ մնացին անգամ ՔՊ-ին ընտրած մարդիկ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:49
«Կոմիտաս պարկ»-ի բնակարանների գազիֆիկացումը պետք է իրականացվի առանց լրացուցիչ վճարի․ հանձնաժողովի որոշում
14.07.2026 | 19:38
Թուրքիայի դատարանը Նեթանյահուի կալանքի օրդեր է տվել
14.07.2026 | 19:26
Բաքվի վերաքննիչ դատարանում փաստաբանները խնդրել են արդարացնել Դավիթ Մանուկյանին
14.07.2026 | 19:15
Հայրս մահից է պրծել. հրդեհ՝ «Թումանյան շաուրմա»-ի ծխատարի պատճառով․ բնակիչների ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:09
Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային աջակցող «կամավորների կոալիցիայից» դուրս գալու մասին
14.07.2026 | 19:00
Փաշինյանն ուղիղ ասել է՝ Ծառուկյա՛ն, կոտրելու եմ քո բիզնես-ողնաշարը․ սա քաղաքական պրոցես է, ոչ թե իրավական․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 18:49
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն
14.07.2026 | 18:32
«Վարչական դատարանը չի ընդունել «Տաշիր Կապիտալ»-ի հայցը՝ ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման վերաբերյալ»
14.07.2026 | 18:19
Սևանի ափին գտնվող 2.5 հա հողատարածքը վերադարձվել է պետությանը. այն վարձակալել էր Կարապետ Գուլոյանը
14.07.2026 | 18:10
Քաղցրաշենում 13-ամյա աղջիկ է մահացել // Հայ գերիների վերաբերյալ համաժողով Բրյուսելում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 17:59
Telegram-ի հղումների t.me դոմեյնը դադարել է գործել ամբողջ աշխարհում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները փորձել են խոչընդոտել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կազմակերպած ակցիայի անցկացումը՝ այն պաստառներով ու թռուցիկներով, որոնք նախատեսել էին իրավապաշտպանները։ Բայց գենդերային բռնության դեմ իրազեկման ակցիան, ի վերջո, նոյեմբերի 25-ին անցկացվել է Երևանի կենտրոնում։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծրագրերի համակարգող Տաթևիկ Աղաբեկյանը, որ կազմակերպիչներից է, պատմում է, թե ինչպես ուրբաթ օրը քաղաքապետարանում բախվեց պաշտոնյաների ոչ այնքան դրական վերաբերմունքին։

«Ինձ ուղղակի ասեցին, որ չեն կարող ամեն ինչը թույլատրել, պետք ա ինչ-որ բաներ հանենք։ Պաստառների մեջից շատ արագ՝ առանց ինչ-որ հիմնավորման, հարցնելու, բռնեցին կողքի դրեցին բոլոր այն պաստառները, որոնցում «բռնաբարություն» բառն էր օգտագործված։ Կողք դրեցին, ասեցին, որ սա թույլ չենք տալիս։ Հագուստների հետ կապված ասեցին, որ մի արեք հագուստները։ Ուղղակի հագուստները որոշվեց, որ չի լինելու։ Միակ բանը, որ ինձ էդ օրը ասեցին, որ գիտեք՝ մենք հետո էնքան բողոքներ կստանանք էս ամեն ինչի հետ կապված, միակ արգումենտն էր, որ նրանք բերեցին»,- պատմում է Աղաբեկյանը։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ծրագրերի համակարգող Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ ակցիան նպատակ է ունեցել թիրախավորել սեռական բռնություն իրականացնող անձանց, հանրությանը հասցնել, որ ցանկացած պարագայում, մեղավորը բռնարարն է, և ոչ՝ սեռական բռնության ենթարկված անձը։ Հասկանալի չէ քաղաքապետարանի մերժողական կեցվածքը։

Հովհաննիսյանը նշում է․ «Նախ՝ պահանջեցին, որ ամբողջական կոնտեքստը ցույց տանք, սկսած պաստառներից վերջացրած իրերն ու բուկլետները, որոնք պետք է բաժանվեն։ Հետո ասացին, թե ցանկալի, չէ այդպիսի բովանդակությամբ պաստառների ցուցադրություններ լինեն։ Բռնաբարություն բառը պիտի չերևար, ինչը զարմանալի է, որպես գրվածք պիտի չերևար, ըստ քաղաքապետարանի տվյալ վարչության աշխատակիցների։ Ինչը ևս զարմանալի է, որովհետև 16-օրյակը գենդերային բռնությանն է վերաբերվում»։

Իսկ Տաթևիկ Աղաբեկյանը պատմում է, որ քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության աշխատակիցները փորձել են համոզել ակցիան անցկացնել պետական շենքերից հեռու։ Եվ, ի վերջո, թույլատրել են ցուցադրել միայն հինգ պաստառ՝ առանց «բռնաբարություն» բառի, և տղամարդկանց հագուստների, որոնցից յուրաքանչյուրի վրա գրություն էր՝ սեռական բռնության իրավիճակներ նկարագրող։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ քաղաքապետարանի աշխատակիցները օրենք են խախտել․ «Օրենքում կա հստակ կետ, որը խախտվել է։ Իրավունք ունեն սահմանափակել միջացառումը հանրային, միայն եթե էնտեղ ոտնահարվում են մեկ այլ խմբի կամ անձանց իրավունքներ։ Փորձ է արվել սահմանափակել մեր միջոցառման իրականացումը, խախտելով դրա բովանդակությունը և նման սահմանափակմամբ նրանք խոչընդոտելու էին մեր՝ և՛ նպատակին հասնելուն, և՛ տվյալ թիրախին՝ մեր որոշած ուղերձները հասցնելուն»։

Պաշտոնյաների կողմից քննարկման առարկա դարձնելը սեռական բռնության դեմ ակցիայի նպատակահարմարությունը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գնահատում է որպես ակցիայի անցկացման խոչընդոտ։ Այդպիսով՝ հարցականի տակ է դրվել, թե արդյոք քաղաքապետարանի անհամաձայնության պարագայում ակցիա կանցկացվի ընդհանրապես։

«Մոտեցան նաև ոստիկաններ ակցիայի ժամանակ և ասեցին՝ ցույց տվեք քաղաքապետարանի տված փաստաթուղթը, որով այս ակցիան իրազեկված է կամ թույլատրելի է։ Երբ ասեցինք չունենք, ասեցին՝ գուցե պետք է չանցկացվեր այս ակցիան, դա միայն շտապ հավաքների պարագայում կարող է թույլատրելի լինել այն էլ ոչ այսպիսի պաստառների պարագայում։ Կա որոշակի կարծրատիպային մոտեցում՝ չընդունել այն, ինչ գոյություն ունի, չընդունել, ծածկել  հատկապես սեռական բռնությանը վերաբերող փաստերը Հայաստանում և այդ ամբողջական կարծրատիպային պատկերացմանը տիրապետում է նաև քաղաքապետարանի տվյալ վարչությունը, որը մերժել էր կամ անցանկալի էր համարել ակցիայի անցկացումը։ Համարում եմ, որ  այո՝ որոշակի խոչընդոտ էր ակցիայի անցկացման համար և մտածելու տեղիք է տալիս հետագայում մենք կցանկանա՞նք իրազեկել, թե՝ չենք ցանկանա»,- ասաց Հովհաննիսյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցում պարզաբանեց՝ քաղաքապետարանի աշխատակազմի ու ակցիայի կազմակերպիչների միջև ընդամենը բանավոր քննարկումներ են եղել ցուցադրվելիք բովանդակության որոշ կոմպոնենտներ խմբագրելու շուրջ․ «Սա մեկնաբանել՝ խոչընդոտել հավաքի անցկացումը, ես չէի ասի այդպիսի բան, որովհետև այդպիսի փաստ ուղղակի չկա»։

Մեր հարցին՝ ի՞նչ իրավունք ունի քաղաքապետարանը որոշ կոմպոնենտներ թույլ տալ, որոշները՝ ոչ, Կարապետյանը պատասխանեց․ «Օրենքի հոդվածում կա այսպիսի դրույթ, որ համայնքի ղեկավարը կարող է վերապահում անել հավաքի անցկացման հետ կապված, եթե կան մի քանի պայմաններ՝ ուրիշի կյանքին սպառնացող կոմպոնենտներ և հանրության զգալի մասի համար ոչ ընդունելի էլեմենտներ, այսինքն՝ համայնքը ունի այդ իրավասությունը առնվազն քննարկելու հավաքի կազմակերպչի հետ և առաջարկելու փոփոխություներ»։ Մեր դիտարկմանը, այդ թվում՝ հանե՞լ բառեր պաստառների՞ց, Կարապետյանը դրական պատասխան տվեց․ «Այո»։

Կարապետյանն ավելացրեց՝ եթե հավաքի կազմակերպիչը չի ընդունում քաղաքապետարանի առաջարկները, դա դեռ չի նշանակում, որ քաղաքապետարանը խոչընդոտել է հավաքի անցկացումը։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ևս գտնում է, որ քաղաքապետարանը պետք է առաջնորդվի հավաքների մասին ազատության օրենքով, ու այսօրինակ խոչընդոտ չի կարող տեղի ունենալ. «Իմ կարծիքով՝ քանի որ արդեն իսկ մի քանի նախադեպեր են տեղի ունեցել՝ ծայրահեղ որոշ խմբավորումների միջամտության, փորձել են ուղղակի ապահովել հնարավորինս անխոչընդոտ անցկացնելու մթնոլորտ ստեղծելու հնարավորությունը։ Ոչ թե պետք է որոշ պաստառներ հանելու պահանջ դրվեր, այլ հենց քաղաքապետարանը ապահովեր առանց որևէ խոչընդոտի ակցիայի անցկացումը։ Ես կարծում եմ, որ բովանդակության մեջ մտնելու իրավասություն չունի և պետք է հնարավորինս զերծ մնան նման դեպքերից»։

Գենդերային բռնության դեմ քարոզարշավների 16-օրյակներ անցկացվում են ամեն տարի՝ ամբողջ աշխարհում։ Նոյեմբերի 25-ից՝ Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրվանից սկսվող միջոցառումները «ՈՉ» են ասում բռնությանը և բարձրաձայնում են իրավունքների պաշտպանության ասպարեզում եղած խնդիրները։

Ռոբերտ Անանյան