Զորամասը լքած զինվորին նույնասեռական հայտարարելն ու նույն զորամաս վերադարձնելը հաշվեհարդար է. իրավապաշտպաններն ահազանգում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 20-ին Կապանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Էրիկ Գասպարյանի մայրը անհանգիստ է որդու անվտանգության համար։ Ջեմմա Գասպարյանը Factor TV-ին պատմում է, որ Պաշտպանության նախարարությունն իր որդուն վերադարձրել է նույն զորամաս, որից նա խնդիրների արդյունքում հեռացել էր․ «Ենթադրում եմ՝ եթե չնեղացնեին, իրա ծառայած տեղն ա, ինքն ավելի լավ կզգար, բայց եթե խնդիր ա եղել, միգուցե լարվեն հետը։ Վախենում եմ էլի չնեղեն, ասեն տես՝ գնացիր նորից հետ եկար։ Լավ կլիներ ինքը որոշեր՝ կուզենա՞ր նույն զորամասը, թե՞ ուրիշ տեղ»։
Էրիկ Գասպարյանին Ռազմական ոստիկանության աշխատակիցները հոկտեմբերի 28-ին հայտնաբերել էին Երևանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ զորամասը ինքնակամ լքելու համար, Էրիկը հարցաքննվել ու հանձնվել է զորամասի ղեկավարության հսկողությանը։ Ապա՝ որպես պատիժ 30 օր ժամկետով զինծառայողին տեղափոխել են կարգապահական վաշտ։ Ժամկետի ավարտից հետո ծառայությունը կշարունակի Կապանի զորամասում։ Փաստաբան Հայարփի Սարգսյանն ասում է․ «Դա հաշվեհարդար է, որովհետև քաջատեղյակ լինելով, որ նա զորամասից ծանրակշիռ պատճառ ունենալով է դուրս եկել, այնուամենայնիվ, որոշել են այնտեղ տեղափոխել։ Բոլորս էլ հասկանում ենք՝ բանակում ինչ է կատարվում և եթե քրեակատարողական հիմնարկներում կան զոն նայողներ, բանակում էլ կան դիվիզիոն նայողներ, և նա խնդիր էր ունենալու, նրանից պահանջելու էին այդ գումարը, իսկ նա դա չունի։ Միակողմանի ծնողազուրկ է»։
Նշենք, որ Էրիկ Գասպարյանը ցուցմունքում հայտնել է, որ զորամասից հեռացել է գումարային խնդիրներից դրդված, անհնար է նույն զորամասում ծառայությունը շարունակել։ Բայց թերևս զինծառայողի վերադարձը Կապանի զորամաս բացառում է մեկ ուրիշ հանգամանք։ Խոսելով դեպքից, ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, թե փախուստի դիմած զինծառայողը մնացել է ընկերոջ տանը։ Մեջբերենք ՌՈ պետի խոսքը․ «Ընկեր ասելով` ֆեյսբուքով` սայթերով են ծանոթացել, երևի ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ: Մեկ ասում է` ընկերս չի, համենայնդեպս, երկու տղա մնացել են իրար հետ»: Այսպիսով, ըստ զինծառայողի շահերը ներկայացնող փաստաբան Հայարփի Սարգսյանի, ՌՈ պետը զինծառայողին վերագրել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում՝ արատավորելով բարի համբավը․ «Ռազմական ոստիկանության պետը ևս թույլ է տվել ոչ պատշաճ, վարկաբեկող արտահայտություններ, և փաստորեն՝ զրպարտել է իմ պաշտպանյալին, քանի որ նա այդպիսի սեռական կողմնորոշում չունի և այն արտահայտությունը, թե երկու տղա մնացել են մի տեղ, դե պատկերացրեք՝ ամբողջ բանակում բոլորը տղաներ են և նույն տեղն են մնում, դա ի՞նչ է, պիտի այլ որակո՞ւմ տանք»։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ սեռական կողմնորոշման մասին հայտարարություն անելը մեծապես վնասել է զինծառայողին։ Ըստ այդմ՝ նա չի կարող ծառայությունը նույն զորամասում շարունակել: «Սեռական կողմնորոշման մասին հայտարարությունը մեծ վնաս է զինվորին։ Գիտեք, որ բանակը չի ընդունում դա, էդպիսի դեպքերում զինվորին նսեմացնում և ստորացնում են, և նրան թույլ չեն տալիս այնտեղ սնվել, առանձնացնում են, և սա շատ լավ գիտի նախարարությունը։ Արծրուն Հովհաննիսյանն այցելել է ՌՈ, այցելել այդ տղային, ասել, թե շատ լավ գիտի, որ կիրովականցիները արնախում են և մեկ օր հետո զինվորը հայտնվել է նույն զորամասում»,- ասաց իրավապաշտպանը։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից Factor TV-ն հետաքրքրվեց, թե ինչու է Գասպարյանը վերադարձվել Կապանի զորամաս, որտեղ խնդիրներ է ունեցել։ Չնայած ՌՈ պետի հայտարարությանը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե չի կարծում, որ եթե զինծառայողի խնդիրը կապված լինի սեռական կողմնորոշման հետ, նրան նույն զորամաս կուղարկեն։ Որպես կանոն նման դեպքում ծառայության վայրը փոխում են:
«Ուսումնասիրել է մասնագիտական խումբը, եթե գտել է, որ պիտի ուղարկեն էնտեղ, ուրեմն ճիշտ են արել։ Ես չգիտեմ՝ իր խնդիրը զորամասում ա, թե՝ ոչ»,- ասաց Հովհաննիսյանը։
Հատկանշական է, որ այն պահին, երբ դեռ զինծառայողը փնտրվում էր, ՊՆ մամուլի խոսնակը Ֆեյսբուքում գրառում էր արել, թե երեք օրից ավելի զորամասը լքած զինծառայողը քրեական պատասխանատվության է ենթարկվելու։
Ժաննա Ալեքսանյանը նշում է․ «Ես արձանագրում եմ, որ Պաշտպանության նախարարությունը շատ վատ է վարվում զինվորների հետ։ Սա առաջին դեպքը չի, երբ զինվորին նվաստացնում են, իսկ հիմա դա անում են հրապարակայնորեն, ինչպե՞ս կարելի էր այդքան հրապարակումներից հետո տանել նույն զորամաս։ Նրա սեռական կողմնորոշման մասին էին հայտարարություն արել, հերյուրանքներ տարածել զինվորի մասին, որ նա չէր կարող այլևս այդ զորամասում ծառայել և նույն զորամաս տանելու մեջ ես տեսնում եմ հաշվեհարդար։ Ես զարմանում եմ Պաշտպանության նախարարի վրա, որը անգործություն է ցուցաբերում այս հարցում»։
Զինծառայողի մայրը ևս կատարյալ սուտ որակեց որդու հասցեին ՌՈ պետի ակնարկը, թե որդին ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի, և զորամասը լքել է Երևանում ընկերոջ հետ հանդիպելու համար։ Տիկին Ջեմման պահանջում է ներողություն խնդրել․ «Սաղ սուտ ա, նման բաներ չի եղել, այ դրա համար կարելի ա նրանցից պատիվ պահանջել, որ չիմանալով ինչի՞ են նման հայտարարություններ անում։ Նենց էր խոսակցությունը գնում, թե երեխեն գոմիկ ա, դա սուտ ա, մարդ ա, եթե ըտեղ ա գտել հարմար, ես մտածում էի, որ իմ մոտ կգա, առանց իմանալու իրենք մարդու անունը գցում են, ոնց գցել են, թող նենց էլ վերականգնեն»։
Փաստաբան Հայարփի Սարգսյանը, որ երկուշաբթի օրն է տեսակցել պաշտպանյալին, ասում է որ զինծառայողը ՌՈ-ում տանջանքների է ենթարկվում։ Ասում է՝ զինծառայողին բերման են ենթարկել քաղաքացիական հագուստով ՌՈ աշխատակիցներ, բայց այդ փաստը քողարկելու համար ՌՈ պետի հրամանով տեսանյութ են նկարել, թե իբր բերման ենթարկողները համազգեստով ՌՈ աշխատակիցներ են եղել․ «Իմ պաշտպանյալը նշում է, որ այդ ընթացքում իրեն ֆիզիկական ցավ է պատճառվել, բացի դա, շատ վատ է զգացել, ծաղրի է ենթարկվել, նվաստացուցիչ պայման է եղել, վատ վերաբերմունք։ ՌՈ-ն ի՞նչ է ուզում զինծառայողից»։
Զինծառայող Էրիկ Գասպարյանը միակողմանի ծնողազուրկ է։ 10 ամիս առաջ կորցրել է հորը, և մոր խոսքով՝ ծառայության է մեկնել հայրենիքին ծառայելու մեծ պատրաստակամությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան