Ո՞ւմ մեղքով է Արցախը դուրս մնացել բանակցություններից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
Բոլորը

Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հասարակական քննարկումների ոլորտ վերադարձրեց հին, բայց չմոռացված մի հարց՝ Հայաստանի ո՞ր նախագահի մեղքով է Արցախը դուրս մնացել Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններից:

«Երբ ռազմական գործողությունները դադարեցին, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր: Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, ընդունեց որոշում, որ Արցախի շահերը պետք է ներկայացնի Հայաստանը»,- ասել էր Լավրովը։

Արցախը բանակցություններից դուրս թողած Հայաստանի նախագահի անունն այդպես էլ չհնչեցնելու արդյունքում սկսվեցին ներհասարակական բանավեճեր, թե ո՞ւմ նկատի ուներ ռուսաստանցի պաշտոնյան: Հայաստանի թե՛ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք չեն ընդունել, որ իրենց մեղքով է Արցախը դուրս մղվել բանակցություններից։ Ավելին՝ տարբեր առիթներով նախագահներն իրար են մեղադրել։

Այսպես՝ այս տարվա հունիսին դեռևս ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանն ակնարկեց, որ երբ ինքը նախագահ է դարձել, Արցախն արդեն բանակցությունների սեղանին չէր. «Ուղղակի հիշեցնեմ, ես դարձել եմ նախագահ 98 թվականին, Արցախը բանակցությունների սեղանին… ընդհանրապես, բանակցություններ չեն եղել Լիսաբոնի 1996 թվականի գագաթնաժողովից հետո, ուղղակի աբսուրդ է»։

Իր հերթին՝ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը մեղադրել է Ռոբերտ Քոչարյանին: 2016-ի Ապրիլյան պատերազմից օրեր անց տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանը պնդել է՝ տարածքային զիջումներ ենթադրող Մադրիդյան փաստաթուղթը որդեգրել է Ռոբերտ Քոչարյանը և հենց նա է Ստեփանակերտին դուրս թողել բանակցություններից, իսկ Սերժ Սարգսյանն ուղղակի ժառանգել է առանց Արցախի բանակցություններ: Նախագահների հակադիր դիրքորոշումներն ավելի են թեժացնում քաննարկումները:

Իրականում Հայաստանի ո՞ր նախագահի քաղաքականությունը բերեց Արցախի՝ որպես բանակցային կողմի հեռացման: Քաղաքագետ Արա Պապյանն ասում է՝ միանշանակ չէ, որ մեղավորը Քոչարյանն էր։ Դեռ Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք էր բանակցություններում ճգնաժամ սկսվել, հրաժարական էր տվել նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։ Արցախի հարցում տարաձայնությունների ֆոնին 1998 փվականի փետրվարին հրաժարական տվեց նաև Տեր-Պետրոսյանը՝ մինչ այդ հասցնելով գրել «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրանալու պահը» հոդվածը։ Դրանից հետո միայն եկան քոչարյանական ժամանակներ։

Արա Պապյանը ասում է. «Եթե զուտ օրացույցային նայենք, դա տեղի է ունեցել Քոչարյանի ժամանակ, որովհետև Քոչարյանն էր, որ հայտարարեց՝ քանի որ ինքը ներկայացնում է և՛ Հայաստանը, և՛ Արցախը, կարող են այդ բանակցություններն ընթանալ, բայց նախապայմանները գալիս են Տեր-Պետրոսյանի ժամանակվանից։ Փակուղային վիճակն էր, որ ստիպեց Քոչարյանին դա անելու»։

Մինչդեռ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը նկատում է՝ Ռուսաստանի արտգործնախարարը որպես մեղավոր մատնանշեց Հայաստանը ներկայացրած ղեկավարին՝ այդ կերպ ստվերելով իրենց խաղացած բացասական դերը։ Շիրինյանը վստահ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է Արցախը դուրս թողել բանակցություններից, իսկ նրան դա անել դրդել է Ռուսաստանը՝ հեռուն գնացող նպատակով. «Ռուսների հուշելով Ռոբերտ Քոչարյանը փոխեց ձևաչափը՝ օգտագործելով սին, դատարկ, անօրինական մեթոդ, թե ինքը ղարաբաղցի է, դրա համար կարող է Ղարաբաղի դիրքորոշումը ներկայացնել։ Կարծում եմ՝ իրենք են արել, որ ամբողջ գործընթացի մանիպուլյացիան վերցնեն իրենց ձեռքը»։

Արա Պապյանն ասում է, որ պատերազմից անմիջապես հետո Արցախը ներկայանում էր բանակցությունների երկու պատվիրակությամբ, որոնցից մեկը պաշտոնական Ստեփանակերտն էր, մյուսը՝ այսպես կոչված Արցախի ադրբեջանական համայնքին։ Ըստ Արա Պապյանի՝ պետք է նկատի ունենալ, որ եթե Արցախը վերադառնա բանակցությունների սեղան, ադրբեջանցիները կարող են հիշել իրենց երկրորդ պատվիրակության մասին։ Ըստ նրա՝ ռուսական դիվանագիտությունը թաքնված նպատակ է հետապնդում. «Սուբյեկտայնությունն ընդգծելով՝ կանխել Հայաստանի և Արցախի միացումը, Արցախը պահել Հայաստանից անջատ, որ դառնա գործիք ռուսական քաղաքականության համար՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դեմ։ Արցախի մասնակցությունը պրոհայկական չի, դա նշանակում է՝ փորձ անել կանխել միասնության ձգտումը»:

Լևոն Շիրինյանի ձևակերպմամբ՝ հիշեցնելով Քոչարյանի ձախողման պատմությունը, Կրեմլը հրաժարվում է երկրորդ նախագահից՝ կարմիր լույս վառելով արդարադատության առաջ, մյուս կողմից՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե Արցախի հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին, Լավրովը սիրաշահում է Հայաստանի իշխանությանը, որն ինքնուրույն է որոշումներ կայացնում, ու սպասարկում է ոչ թե ռուսական, այլ Հայաստանի պետական շահերը:

«Մեզ հետ նորից բարեկամ է դառնում այն պետությւոնը, որի զորքերը և՛ Սումգայիթ են արել, և՛ Կոլցո օպերացիա են արել, և՛ 1990 թվականին Բաքվի հայությանը փրկելու ոչ մի ջանք չեն գործադրել։ Իսկ այս տարիներին ինքներդ տեսել եք՝ Ադրբեջանին զինել է, պատերազմ է սանձազերծվել և այլն։ Ուրեմն՝ այստեղ քաղաքական բլեֆ է, որ գնում է։ Լևոն Շանթն ասում էր՝ քաղաքական ֆլիրտը քաղաքական աշխարհի կյանքն է, մենք էլ պետք է անենք»,- ասում է Լևոն Շիրինյանը։

Ի վերջո՝ արդյո՞ք փակված կարելի է համարել Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու՝ Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած տարբերակը։ Ըստ Լևոն Շիրինյանի՝ թեկուզ և մանևրի նպատակով, Հայաստանը պիտի չհրաժարվի այդ մտքից, իսկ Արա Պապյանը վստահ է՝ դա իրականություն չի դառնա. Փաշինյանը առաջ էր քաշել մի գաղափար, որը չի ողջունել ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ, որ ամենակարևորն է, ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան