«Դուք կարծում եք ԲՀԿ-ում մարդիկ կան, որոնք առանց Գագիկ Ծառուկյանի ինչ-որ նախաձեռնությամբ հանդես կգա՞ն»․ Տիգրան Ուրիխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.11.2019 | 19:20Factor TV-ի եթերում զրուցում ենք ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հետ
-Դուք այսօր ի՞նչ վտանգներ եք տեսնում կառավարության քաղաքականությունում, որ ասում եք` եթե այսպես շարունակվի` կարող է դրվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց։
-Ամենևին էլ էդպիսի բան չեմ ասել։ Լրագրողը հարցրեց՝ տեսնու՞մ եք էդպիսի վտանգ, թե՝ չէ, պատասխանեցի, որ ես չունեմ իմ մտքում այդպիսի օրակարգ, ես չեմ ուզում այդպիսի բան լինի, երկիրը ինքը իր բոլոր կառույցներով ու ենթակառույցներով հոգնում է կարճաժամկետ քաղաքական, հետևաբար՝ տնտեսական և, ընդհանրապես, ծրագրային մոտեցումներից, ծրագրավորելուց, պլանավորելուց։ Մարդիկ հոգնում են էսօր վաղվանից ավելի որևէ գործողություն պլանավորելու անհնարինությունից, մարդիկ ուզում են ավելի կայուն, ավելի երկար հեռանկարում տեսանելիություն ունենալ իրենց համար բոլոր ուղղություններով։ Ես ինքս ապրում եմ, աշխատում եմ և դեռ մեծ նպատակներ ու հույսեր ունեմ հայրենիքիս հետ կապված։ Բայց ամենակարևորը սոցիալական ուղղությունն է, որովհետև մենք ինչպես ունեինք 800 հազար աղքատների պաշտոնական բանակ, այդ թվում՝ աշխատող աղքատների, եթե մենք 4,9 տոկոս տնտեսական աճ ենք կանխատեսում, կներեք, Հովիկ Աբրահամյանը 5,5 էր կանխատեսում, Կարեն Կարապետյանը 7 տոկոս էր կանխատեսում։ Ուրեմն էդ տնտեսական հեղափոխությունները մենք վերապրել ենք, չենք հասցրե՞լ։ Եթե մյուս ցուցանիշները՝ գործազրկության, արտագաղթի, մեզ հայտնի, մեր պրոբլեմները բոլոր․․․ մարդկանց կյանքի որակը չի փոխվում։ Ընդ որում՝ իմ լեզուն երկար է, ես այս ամենն ասել եմ նաև նախկին իշխանությունների օրոք։ Եթե մարդկանց կյանքի որակը չփոխվեց, արդարություն, իրավական համակարգ, օբյեկտիվություն, կոռուպցիայի ոչնչացում, ինչ ուզում եք ասեք, ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ ապրեն լավ, ապահով, անվտանգ, հոգևոր ու մշակութային կյանքով լիարժեք։ Եթե դա տեղի չի ունենում, հարց է առաջանում՝ ինչպե՞ս։ Այստեղ եմ տեսնում վտանգը։ Վարչապետին անընդհատ հարցնում եմ՝ որտե՞ղ է էդ հայտնաբերված 63 հազար աշխատատեղից ամեն ամիս մուծվող 63 միլիոն դրամը, իմ խնդիրը Նիկոլ Փաշինյանի սուտը բռնացնելը չէ։ Եթե այդպես լիներ, ես 5 տարի չէի քվեարկի Նիկոլ Փաշինյանի նախագծերի օգտին, չէի պահի նույն քաղաքական կուրսը։ Իմ խնդիրն այն է, որ պարզաբանենք, թե ո՞ւր է անհետացել էդ 900 միլիոն դրամը։ Եվ եթե էդպիսի բան կա՝ սրա համար պետք է խիստ պատասխան տալ։ Եվ եթե նախկին իշխանությունների օրոք հասարակությունը հանդուրժում էր մեծ կողոպուտ, մեծ հանցագործություններ, մեծ ստվեր, մեծ թալան, մեծ խախտումներ, մեծ չարաշահումներ, դա չի նշանակում, որ մի փոքր պակաս թիվը այս իշխանությունների համար լավ է համեմության մեջ։ Ո՛չ, այս իշխանությունները եկել են բացարձակ կատարյալ կառավարում խոստանալով։
-Տեսնու՞մ եք մի բան, որ այս իշխանությունները խոստացել են ու չեն անում, կոռուպցիա կամ թալան տեսնու՞մ եք։ Դուք ասում եք՝ որտե՞ղ են այդ գումարները, որտե՞ղ են, թալանվե՞լ են։
-Ինձ դուր չի գալիս, որ առաջին հարց ու պատասխանին ես Փաշինյանին դա ասում եմ, ինքը ասում է՝ համոզիչ չէ, երկրորդին ես փաստաթուղթ եմ բերում, ասում է ճիշտ է, ուրեմն խնդիր կա, ես կհանձնարարեմ, որ ուսումնասիրեն, անպայման նստենք, բանակցենք։ Եվ անցնում է ժամանակ ոչ մի ձայն, ծպտուն չկա։ Ինձ դուր չի գալիս, որ Թորոսյան Արսենը իր կնոջ հիմնարկին փոխանցում է 57 միլիոն դրամ և հետո ավելին։
-Բայց ինքը դա հերքեց լրագրողների հետ հարցազրույցում։
-Ինքը դա հերքե՞ց։ Իսկ պաշտոնական տեղեկատվությանը ծանո՞թ եք, ցուցանիշներին ծանո՞թ եք։ Իսկ երբ փոխվարչապետն իր կազմակերպությանը դրամաշնորհ է տրամադրում։ Այո՛, օրինական ընթացակարգերով։ Այո՛, օրինական է արվում ամեն ինչ, վարչապետն էլ զրահապատ կեսմիլիոնանոց մեքենան օրինական է գնում։ Բայց կրկնեմ պատահաբար թերթերից մեկում կարդացի, որ բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի ծախսերի վերաբերյալ օրինագիծը երբ եկավ երկու հոգի դեմ քվեարկեց, մինչդեռ շատ ընդդիմադիրներ կային՝ Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ուրիխանյան։ Հիմա Տիգրան Ուրիխանյանը հարկադրված է Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ բա ինչո՞ւ եք շարունակում։ Իմ օրակարգում չկա արտահերթ ընտրությունների խնդիր։ Դեռ ընտրություններից առաջ վարչապետին հարցրել եմ՝ հարգելի բարեկամ, ի՞նչ կարող եմ անել ես, մենք մեր թիմով պատրաստ ենք ծառայեցնել, որպեսզի այն ամենը, ինչը ոչ թե խոստացված էր ժողովրդին, այլ ժողովուրդը հռչակեց, իրականություն դառնա, կամ գոնե ցույց տանք, որ ամեն ինչ անում ենք, որ իրականություն դառնա։ Գնալով ես ստիպված եմ ցույց տալ, թե ինչ չի արվում։
-Ձեզ համար ակնհայտորեն հեղափոխական չէ հաջորդ տարվա բյուջեն։ Ըստ Ձեզ, հեղափոխական իշխանություններն ունե՞ն այդպիսի ֆինանսական հնարավորություններ, որպեսզի հեղափոխական բյուջե գրեն, թե՞ նրանք չգիտեն ինչպես վարվել եղածի հետ։
-Ես լսել եմ, եթե սխալ եմ՝ ինձ ուղղեք, վարչապետն ասաց, որ միջոցները չափազանց շատ են, ծախսելու տեղ չգիտենք։ Եթե պետք է՝ ավելացնեմ՝ հավելյալ հավաքագրումներ բյուջեում անընդհատ ավելացող ցուցանիշներով, տնտեսական աճի կանխատեսումներ, բացահայտվող կոռուպցիա, ստվեր, թալան։ Ես հիշում եմ, թե ինչպես իմ ընդդիմադիր գործընկերը առիթ-անառիթ ամբիոնից ասում էր, թե ինչպես է այսօրվա ամենամոդայիկ, արդեն ոչ օլիգարխ գործարարներից մեկը շաքարավազը ներկրում և արտադրության քողի տակ դատարկ անգարի մի մուտքից ներս մտցնում և դուրս հանում մյուսից իբր արտադրվում է և պատմում, թե քանի միլիոնի վնաս է հասցնում։
-Հաճախ է խոսվում այն մասին, թե Գագիկ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՝ պատգամավոր: Դուք հերքո՞ւմ եք, որ նա գործարար է:
-Ես նույնիսկ անհրաժեշտություն չեմ տեսնում այդ թեմային անդրադառնալու, որովհետև դա էն թեման չէ, Նիկոլ Փաշինյանն է այդ թեմային անդրադարձել, Գագիկ Ծառուկյանն է անդրադարձել։ Եթե էսօր վարչապետից այն կողմ ավելի հեղինակավոր կարծիք կա, պատասխանեմ այդ հարցին։ Դա մեկ։ Երկրորդ, կարո՞ղ է այսօր նոր Հայաստանի պայմաններում որևէ մեկը լինել պատգամավոր և գործարար, եթե դա արգելված է օրենքով միաժամանակ։ Որևէ մեկը կարո՞ղ է անել մի բան, ինչը թույլատրված չէ ոչ միայն օրենքով, այլև տրամաբանությամբ։ Չէ՞ որ ամեն ինչ հիմա մանրադիտակի տակ է, խոշորացույցի պրիզմայով է դիտարկվում, և յուրաքանչյուր ոք, ով թույլ կտա իրեն ապօրինի, անտրամաբանական, սխալ, ազատ և հպարտ քաղաքացու ցանկություններին և հոգեբանությանը դեմ որևէ քայլ կամ արարք, կծեփվի անմիջապես ասֆալտե ծածկույթով մակերևույթին։
-Այսինքն, իշխանությունն ի՞նքն է Գագիկ Ծառուկյանին հռչակել ոչ գործարար։
-Ես ասում եմ էսօր կարո՞ղ է լինել էնպիսի բան, որն ապօրինի է և դրա համար ոչինչ չլինի։ Եթե կան էդպիսի երևույթներ նոր Հայաստանում, քննարկենք։
-Ի՞նչ օրենսդրական նախաձեռնությունների է մասնակցում Գագիկ Ծառուկյանը:
-Ոչ միայն քառօրյայի սկզբում, այլև յուրաքանչյուր օրվա սկզբում մենք քվեարկում ենք բոլոր նախորդ օրը քննարկված օրինագծերը։ Այսինքն, այսօր ավելի հեշտ է թվարկել, որոնց չի մասնակցել։
-Ես նկատի ունեմ այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ԲՀԿ-ն ինքն է ներկայացնում։ Դրանց պարոն Ծառուկյանը մասնակցու՞մ է։
-Դուք կատա՞կ եք անում։ Դուք կարծում եք ԲՀԿ-ում մարդիկ կան, որոնք առանց իր հետ համաձայնեցնելու ինչ-որ նախաձեռնությամբ հանդես կգա՞ն։
-Ինքը բայց չի հեղինակում, չէ՞ դրանք։
-Դուք տեսնու՞մ եք, որ ես պարզ եմ պատասխանում ԲՀԿ-ին վերաբերող այն հարցերին, որոնց ընդունված է ոչ ուղիղ պատասխանել կամ շրջանցել։ Դուք կարծում եք, որ որևէ բան ԲՀԿ-ում կարող է տեղի ունենալ, այնպես ինչպես նկարագրեցի՞ք։
-Սերժ Սարգսյանը խոստացել է շուտով խոսել։ Ըստ Ձեզ, նա ի՞նչ ունի ասելու ժողովրդին և ի՞նչ հարցերի պետք է պատասխանի պարոն Սարգսյանը։
-Սերժ Սարգսյանը, անշուշտ, մնում է էն մարդը, սա իմ համոզմունքն է, որն ունի բավականաչափ էական ազդեցություն քաղաքական գործընթացների վրա, և դա ինձ համար զարմանալի է։ Բա սկզբից մերժում էին, մերժում էին, մերժում էին, մերժում էին, հետո վեց ամիս իրար հետ միաժամանակ ապրում էին ճիշտ այնքան, ինչքան տևում էր իշխանափոխության ամբողջական ավարտը՝ Երևան քաղաք, գործադիր իշխանություն, խորհրդարան, հետո հիշեցին, որ ամառանոց ունեն։ Ու ոչ մի քրեական գործ, ոչ մի պատասխանատվություն, ոչ մի հետևանք։ Էսօր Սերժ Սարգսյանը պիտի ավելի շատ խոսի իր ձերբակալության մասին, քան՝ Նիկոլ Փաշինյանը։ Դուք համաձա՞յն եք, որ սա հարց է հասարակության մեջ։ Դուք համամիտ չե՞ք, որ ամբողջ համաժողովրդական, համազգային, պարուրված նաև այլ պետությունների քաղաքացիների, այլ ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ էն միաբանության ճրագը, որ վառվել էր մեր միասնական, միաբան հոգու մեջ, մեկ խնդիր էր դրել՝ ձերբազատվել նախկին համակարգից համակարգի գլխավորով և գլխավորներով հանդերձ, և պատասխանատվության ենթարկել։ Ուրեմն ի՞նչ է նշանակում այս մեկուկես տարվա գործընթացը՝ կամ նրանք մեղավոր չէին ոչնչում, բացառությամբ մի քանի երկիր փախած մարդկանց, մնացած բոլորը մեղավոր չէին, կամ չեն ենթարկվում պատասխանատվության։
Մհեր Արշակյան
Մանրամասները՝ տեսանյութում