Լոս Անջելես քաղաքը կլինի հայ-կալիֆոռնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությանը

Լուրեր

18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո փոխնահանգապետ Էլենի Կունալակիս,
Հարգարժան քաղաքապետ Գարսեթի և քաղաքային խորհրդի անդամ Քրեկորյան,
Պատվավոր պետական այրեր,
Հարգելի վերահսկիչներ՝ տիկին Բարգեր և տիկին Սոլիս,
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ,
Գերաշնորհ հոգևոր հայրեր,
Ձերդ Գերազանցություններ,
Ընտրյալ և առաջադրված պաշտոնյաներ,
Հարգելի հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,

Շատ ուրախալի է ինձ համար այսօր այստեղ գտնվել: Ես կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ պարոն Գարսեթիին՝ այս գեղեցիկ իրադարձությունը կազմակերպելու և մեր հաղորդակցության համար առիթ ընձեռելու համար:


Պարոն Գարսեթի, մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրվածությունն ու աջակցությունը հայ համայնքին: Օգտվելով առիթից` ես կցանկանայի նաև իմ խորին գնահատանքը հայտնել Խորհրդի անդամ Փոլ Քրեկորյանին, վերահսկիչներ Քեթրին Բարգերին և Հիլդա Սոլիսին` հանրային միջոցառման կազմակերպման գործում իրենց արժեքավոր ներդրման համար:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուզոմին, ով չկարողացավ մասնակցել այս հանդիպմանը, և ում հետ հանդիպելու եմ ավելի ուշ Նյու Յորքում՝ բարեկամության և Հայաստան-Կալիֆորնիա գործընկերությունն առաջ մղելու գործին իր նվիրվածության համար: Այդ հանդիպմանը Հայաստանի և Կալիֆորնիայի միջև կստորագրվի համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։

Իմ անկեղծ շնորհակալությունը փոխնահանգապետ Ելենի Կունալակիսին` մեզ հետ այսօր լինելու համար:

Հայաստանը մեծապես գնահատում է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների, Կալիֆորնիա մեծ նահանգի և Լոս Անջելես քաղաքի հետ: Սա աշխարհի այն եզակի վայրերից մեկն է, որտեղ մենք ունենք հայկական մտավոր, մշակութային, կրոնական և ֆինանսական ներուժի մեծ կենտրոնացում: Եվ սա շատ առումներով ծնում է հզոր կենտրոնաձիգ ուժ աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի համար:

Ես ուրախ եմ այսօր, երբ տեսնում եմ այս միջոցառմանը ներկա հայկական ավանդական բոլոր կուսակցություններին և կազմակերպություններին: Ես ուրախ եմ, որ տեսնում եմ բոլոր քրիստոնեական դավանանքների ծաղկուն համայնքները: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ տեսնում մշակութային, կրթական, ֆինանսական և փաստաբանական կազմակերպություններ: Լոս Անջելեսը՝ իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով հայերի հիմնարար ինտեգրման հիանալի օրինակ է ամերիկյան հասարակության մեջ:

Սա շատ ամուր հիմք է, մնայուն կռվան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում, որն իսկապես փոխլրացնող և օգտակար է:

Այսօր մեր ամուր կապերը շարունակում են էլ ավելի ամրապնդվել մշակութային փոխանակումներով, համատեղ ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն անշեղորեն բարձրացնում է մեր փոխվստահության, փոխադարձ աջակցության ու փոխըմբռնման մակարդակը:

Հաջորդ տարի մենք նշելու ենք Երևանի և Լոս Անջելեսի միջև Քույր քաղաքների համաձայնագրի 15-ամյակը, ինչը կնշանավորվի մի շարք նախաձեռնություններով, որոնք կնպաստեն երկու քաղաքների միջև համագործակցությանը: Մենք բարձր ենք գնահատում նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսայի և ներկայիս քաղաքապետ Էրիկ Գարսեթիի` այս համագործակցությունը խթանելու և ընդլայնված գործընկերության նոր հնարավորություններ դիտարկելու ջանքերը:

Այս այցի ընթացքում մենք ևս մեկ քայլ կձեռնարկենք մեր բարեկամությունն առավել գործնական և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Վաղը մենք ունենք մեծ Կալիֆոռնիա-Հայաստան գործարար սիմպոզիում, որին կհաջորդի երկու կարևոր պայմանագրերի կնքման արարողությունը` ուղղված մեր առևտրատնտեսական կապերի զարգացմանը:

Սա լավ առիթ է՝ մեր երախտագիտությունը հայտնելու Կալիֆոռնիա նահանգի և Լոս Անջելես քաղաքի իշխանություններին՝ մեր երկրի մշակութային և ավանդույթային արժեքները մշտապես ի ցույց դնելու համար: Դա արժեքավոր ներդրում է այս երկրում Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու և այն ամերիկյան տուրիստական քարտեզների վրա երևակելու ուղղությամբ: Բոլոր այդ փառատոնները, կինոցուցադրությունները, համերգները և մյուս միջոցառումներն ազդակներ են ստեղծում Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև ավելի ակտիվ փոխանակումների, մարդկանց միջև ավելի ինտենսիվ շփումների համար։

Կցանկանայի նաև հավաստել մեր երախտագիտությունը Կալիֆոռնիա նահանգի և Լոս Անջելես քաղաքի իշխանություններին` այս մեծ քաղաքի հենց սրտում Հայոց ցեղասպանության հուշարձանի բացմանն օժանդակելու համար: Այն վեր է հառնում որպես Լոս Անջելեսի հանրային տարածքի վրա կառուցված առաջին հուշահամալիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Այն նաև մեր համայնքի երախտագիտության արտահայտությունն է Միացյալ Նահանգներին, ամերիկացի ժողովրդին, Կալիֆորնիա նահանգին և այս գեղեցիկ քաղաքին:

Մենք ակնկալում ենք շարունակել մեր համագործակցությունը Կալիֆորնիայի իշխանությունների հետ: Մենք ակնկալում ենք սերտացնել մեր փոխանակումները Լոս Անջելես քաղաքի հետ: Մենք պատրաստ ենք ամրապնդել մեր բարեկամությունը Կալիֆորնիայում ընտրված պաշտոնյաների հետ, որոնցից շատերը Հայաստանի նվիրյալ բարեկամներն են Կալիֆորնիայի հայամետ պատգամավորական խմբում, Սենատի Կալիֆոռնիայի հանձնախմբում, Հայաստանի և Արցախի հետ փոխադարձ առևտրի կենտրոններում, արվեստի և մշակութային փոխանակման օջախներում, և իհարկե, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբում:

Մենք առաջ կշարժվենք հայ-կալիֆորնիական համագործակցության խորացմանն ուղղված մեր ջանքերում, իսկ Լոս Անջելես քաղաքը կլինի հիմնական կիզակետը՝ միանգամայն հասկանալի պատճառներով: Վստահ եմ, որ այդ հարաբերությունները դինամիկ կերպով կզարգանան՝ ընդգրկելով նորանոր նախաձեռնություններ և համատեղ ջանքեր:

Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր այստեղ եք»։

Ելույթներով են հանդես եկել նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։