1,5 մլն դոլար՝ Շուշիի մզկիթին.«IDeA» հիմնադրամը վերականգնում է Արցախի պատմական ժառանգությունը.ՏԵՍԱՆՅՈւԹ
Հասարակություն
18.09.2019 | 20:38Շուրջ 1.5-դարյա պատմություն ունեցող այս կառույցը՝ Գոհվար աղայի կամ Գոհար տիկնոջ Վերին մզկիթը, գտնվում է հայոց բերդաքաղաք Շուշիում: Մզկիթը չի գործում դեռևս խորհրդային ժամանակներից, այդ տարիներին այն վերածվել էր թանգարանի: Արցախյան պատերազմի ժամանակ, Շուշիի ազատագրումից հետո, թանգարանը ևս դադարել է գործել, և մզկիթի շենքը լքվել է:
Այսօր արդեն այն հավակնում է դառնալ նոր ու հետաքրքիր վայր Շուշիի զբոսաշրջային քարտեզի վրա:
Դեռ 5 տարի առաջ Արցախի Կառավարությունը, «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի հետ համատեղ, նախաձեռնել է Գոհար տիկնոջ մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:
Հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանի խոսքով՝ մզկիթի վերականգնման նախագիծը թույլ կտա ոչ միայն ներկայացնել տարածաշրջանի և Շուշիի պատմամշակութային ժառանգությունը, այլև խթանել Արցախի զբոսաշրջությունը:
«Մենք սերտորեն համագործակցում ենք Արցախի իշխանությունների հետ: Սա արցախյան նախաձեռնություն է, նրանք են մեզ ուղղություն տալիս, որպեսզի ճիշտ ու թափանցիկ աշխատանք տարվի։ Մենք նաև Իրանից մի քանի փորձագետի ենք հրավիրել, որպեսզի վերականգնման աշխատանքները պատշաճ ձևով իրականացվեն: Հայերը լայն մտահորիզոն ունեցող մարդիկ են՝ սփռված աշխարհով մեկ, և մենք հարգում ենք ինչպես մեր մշակույթը, այնպես էլ այն մարդկանց մշակույթը, որոնք պատմության ընթացքում մեր կողքին ապրել են։ Մզկիթի վերականգնման հիմնական պատճառը հենց սա է»,- նշում է Ռաֆֆի Պաղճեանը։
Մզկիթի վերականգնման նախագծի շրջանակում պահպանվել է կառույցի առաջնային տեսքը, ընդլայնվել ու բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը, հիմնովին վերականգնվել է նաև մեդրեսեի՝ հոգևոր վարժարանի շենքը, որը ժամանակին մահմեդական կրթարան է եղել:
«Դասավանդվել է կրոն, կրոնական իսլամական փիլիսոփայություն, պարսկերեն, արաբերեն։ Դպրոցը եղել է ժամանակի համանման այլ մուսուլմանական կրթական հաստատությունների մոդելով գործող և կառուցված կրթական հատատություն: Այդ դպրոցը սպասարկել է տարածքի մուսուլմանների կրթական տարբեր գործառույթները և նույնպես գործել է 1800-ականների երկրորդ կեսից մինչև Սովետական կարգերի հաստատումը։ Այնուհետև դպրոցի մի մասը Սովետական շրջանում քանդվել է ՝ որոշակի այլ նկատառումներից ելնելով, այսինքն՝ Սովետական իշխանություների ժամանակ է մի մասը քանդվել»,- ասում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Մզկիթի վերականգնման նպատակով Իրանից հրավիրվել է իսլամական հոգևոր կառույցների վերականգնման աշխատանքների հարուստ փորձ ունեցող 12 մասնագետ, որոնցից մեկը՝ Միլանի պոլիտեխնիկական համալսարանի մեկ դասախոս։ Հայկական կողմից ներգրավված է փորձագետների խումբ՝ կազմված իրանագետից, իսլամագետից, թուրքագետից, ադրբեջանագետից ու արաբագետից։
Մինչ շինարարական աշխատանքները սկսելը, մզկիթի տարածքում իրականացվել են պեղումներ, որոնց արդյունքում մեդրեսեի շենքի առաջին հարկի տակ հայտնաբերվել է վաղ միջնադարյան դամբարան:
Մզկիթի վերականգնման փորձագիտական թիմի անդամ Ռուբեն Մելքոնյանը նշում է, որ կառույցն իսլամի շիայական ուղղությանն է պատկանում, այնտեղ առկա արձանագրություններն ամողջովին պարսկերեն են: Նրա խոսքով՝ պահպանվել են նաև որոշ արաբերեն գրություններ, որոնք հիմնականում հատվածներ են մահմեդականների սուրբ գրքից՝ Ղուրանից:
«Մեր ուսումնասիրության ընթացքում ո՛չ մզկիթի պատերին, ո՛չ հարակից տարածքներում որևէ թուրքերեն, ադրբեջաներեն բառ կամ տառ անգամ չի եղել, ամբողջովին պարսկալեզու և արաբալեզու արձանագրություններ են, ինչը նաև ցույց է տալիս մզկիթի կրոնադավանանքային պատկանելությունը»,- նշում է արևելագետը։
Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ մզկիթի գոյության ողջ ընթացքում ո՛չ հայկական զորքի, ո՛չ էլ բնակչության կողմից վնաս չի հասցվել: Մզկիթում պեղումների ընթացքում հետաքրքիր գտածոներ են ի հայտ եկել. «Ուսումնասիրության ժամանակ մզկիթի մինարեթներում՝ աշտարակներում, հայտնաբերել ենք դիպուկահար զենքի պարկուճներ, ինչը խոսում է այն մասին, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հենց մուսուլմանները, այսինքն՝ ադրբեջանցիները, շրջանցելով մզկիթի կրոնական գործառույթները, աշտարակիներից կրակել են բնակչության վրա, ընդ որում՝ դիպուկահար է կրակել»:
Մզկիթի վերականգնման աշխատանքներին մասնակցած իրանագետ Արտյոմ Տոնոյանը նշում է, որ պեղումների ընթացքում հայտնաբերել են նաև Գոհար տիկնոջ թողած կտակը։
«Հետաքրքիր է, որ ամբողջ կտակը գրված է պարսկերենով, կա հետաքրքիր նկարագրություն այն տարածքների մասին, որոնք պատկանել են մզկիթին ու պետք է հետագայում շարունակեին ապահովել մզկիթի տնտեսական կյանքը: Այսինքն՝ այդ կալվածքներից ստացված հասույթով ապահովվում էր և՛ մզկիթի, և՛ հարակից հոգևոր դպրոցի գործունեությունը»,- ընդգծում է Արտյոմ Տոնոյանը։
Իրանագետի կարծիքով՝ ակնհատ է, որ մզկիթն իրանական ճարտարապետությանն է պատկանում, ինչի մասին նաև պատմությունն է վկայում։
«18-րդ դարի երկրորդ կեսին վերաբերող անցքերի նկարագրության աղբյուրն ավելի նոր շրջանի է, բայց խոսում է 18-րդ դարի 2-րդ կեսի իրադարձությունների մասին ու շեշտում, որ ճարտարապետներ բերվեցին Ատրպատականից: Իսկ գիտենք, որ Ատրպատականն Իրանի հյուսիս-արևմտյան տարածքն է»,- ասում է իրանագետը։
Արևելագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Շուշիում մզկիթի կառուցումն այդ տարիներին բնական էր. «Իբրահիմ խանի իշխանության տարիներին, բնական է, որ պետք է կառուցվեին նաև հոգևոր գործառույթներ ունեցող տաճարներ, և վկայված է, որ Շուշիում այս մզկիթի տեղում կառուցվել է շատ ավելի փոքր և եղեգից մզկիթ, որը 1860-ականներին որոշել են վերանորոգել: Վերանորոգել է խանական դինաստիայից Գոհար աղան կամ տիկին Գոհարը, ով, ի դեպ, մոր կողմից վրացուհի էր: 1863-64 թթ. մզկիթը վերջնականապես վերակառուցվել է՝ արդեն ոչ եղեգից, և ծառայել Շուշիի շիայական բնակչության հոգևոր կարիքների համար ու կոչվել Գոհար աղայի ուրբաթօրյա Վերին մզկիթ: Խորհրդային շրջանում՝ աթեիզմի գաղափարախոսության ազդեցության տակ, այն չի շարունակել գործել որպես մզկիթ և վերածվել է այլ գործառույթներ ունեցող կառույցի՝ թանգարանի»:
Ռուբեն Մելքոնյանը նշում է, որ բացումից հետո մզկիթը գործող չի լինելու: Այն ունենալու է զբոսաշրջային ու կրթական գործառույթներ. «Վերանորոգումից հետո այն չի գործելու որպես մզկիթ, այն ընդունում ենք որպես իսլամական պատմամշակութային ժառանգության օրինակ, որը եղել է այս տարածքներում, և մենք չենք զբաղվում պատմության խեղաթյուրմամբ։ Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ այն շարունակելու է գործել որպես մզկիթ, այն ունենալու է լոկ մշակութային հուշարձանի կարգավիճակ, և հարակից հոգևոր դպրոցն էլ կարող է օգտակար լինել այն ուսանողների համար, որոնք ուսսումնասիրում են արևելքը, իսլամը և կարող է ապահովել բնական միջավայր։ Երբ դասավանդում են, օրինակ, իսլամի հիմունքներ և ներկայացնում իսլամի մզկիթի կառուցվածքը, առանձնահատկությունները, այն կարող է լինել բնական միջավայր՝ ցույց տալու այդ ամենը»։
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը լիահույս է, որ մզկիթի բացումից հետո արձագանքը դրական կլինի։
«Հուսով եմ՝ վերջնական արդյունքը տեսնելուց հետո Արցախում կհամոզվեն, որ դա ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Շատերը համոզված են, որ վերանորոգման աշխատանքների համար ծախսվող գումարը կարելի էր այլ նպատակի ծառայեցնել, սակայն սա ևս ներդրում է Արցախի զարգացման մեջ։ Մզկիթը նոր ու հետաքրքիր զբոսաշրջային վայր կդառնա ինչպես տեղացիների, այնպես էլ Հայաստանից ու արտերկրից ժամանող հյուրերի համար»,- նշում է նա:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»(IDeA) հիմնադրամից հայտնում են, որ Մզկիթի վերականգման համար ծախսվել է ավելի քան 1,5 միլիոն դոլար:
Շուշիի Գոհար տիկնոջ մզկիթի վերականգնման աշխատանքները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն այդ գործում ներգրավել է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան կազմակերպություններ: Դրանց թվում են «TFA-Armenia» ճարտարապետական բյուրոն, մեկ իրանական ճարտարապետական ընկերություն, «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն» և Իրանական մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպությունը։
Մզկիթն այցելուների համար բաց կլինի հոկտեմբերի 4-ից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի Մելքոնյան