«Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետևանքով պետությանը 131 մլն դրամի վնաս է պատճառվել
Հասարակություն
16.08.2019 | 18:16Դեռևս 2016թ. ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից պետական անտառային ֆոնդի հողերը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներքին աուդիտի հաշվետվությունները, ինչպես նաև դրա հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Պարզվել է, որ վարձավճարների չափերը սահմանելու և պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու, ինչպես նաև չվճարված վարձավճարները գանձելու գործընթացում առկա են մի շարք թերություններ և խախտումներ, որոնք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել է հաղորդում ՀՀ գյուղատնտեսության նախարարին:
Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության վարչությանը հանձնարարվել է պարբերաբար հետևել աշխատանքների կատարման ընթացքին: Սակայն աշխատանքների կատարման ընթացքի մասին ստացված միջանկյալ, իսկ 2019թ. մարտի 22-ին ներկայացված ամփոփ տեղեկությունների ուսումնասիրությամբ ակնհայտ է դարձել, որ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից անցած ժամանակահատվածում օրենքով նախատեսված գործուն միջոցներ չեն ձեռնարկվել պետության և ՊՈԱԿ-ի իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ:
Ուստի ՊՈԱԿ-ում նախաձեռնվել է 2006-2018թ.թ. պետական անտառային ֆոնդի հողերի վարձակալման գործընթացին, այդ թվում՝ վարձակալության պայմանագրերի կնքմանը, վարձավճարների գանձմանը, հայցերի հարուցմանը, դատական գորընթացներին և կատարողական վարույթներին առնչվող փաստաթղթերի մեծածավալ ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ արձանագրված խախտումները ոչ միայն չեն վերացվել, այլև ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց վարքագծում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, որոնցով պետությանը պատճառվել է նյութական վնաս:
Այսպես, ՊՈԱԿ-ի հարուցած հայցերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք 2006-2018թ.թ. ընթացքում, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, սահմանված ժամկետում հայցեր հարուցելու, անհիմն դատական ակտերը բողոքարկելու, ինչպես նաև հայցը բավարարելու մասին օրինական ուժ ստացած դատական ակտերը կատարման ներկայացնելու պարտականությունները չեն կատարել, որի արդյունքում պետությանը պատճառել են 131.146.423 ՀՀ դրամի նյութական վնաս, անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Ուստի դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Միաժամանակ 145 մլն. ՀՀ դրամի չափով պայմանագրային պարտավորությունները չկատարած շուրջ 100 վարձակալներից վնասն ամբողջությամբ հատուցելու, ինչպես նաև արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ նախապատրաստվում է հաղորդում: