Արման Թաթոյանը Դավիթ Գրիգորյանի հարցով կդիմի ԲԴԽ-ին

Լուրեր

17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իրավական դիրքորոշումներ է հայտնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով առգրավման և խուզարկության առնչությամբ։

Պաշտպանի հայտարարության մեջ նշվում է.

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբաններ Գեորգի Մելիքյանը և Երվանդ Վարոսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են բանավոր և գրավոր բողոքներ՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով Դ.Գրիգորյանի աշխատասենյակում կատարված առգրավման և խուզարկության ընթացքում նրա իրավունքների երաշխավորման հետ:

Փաստաբանները ներկայացրել են պնդումներ այն մասին, որ քրեական վարույթի ընթացքում թույլ են տրվել Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտումներ, այդ թվում՝ քրեական հետապնդման մարմնի օրենքով չնախատեսված գործողությունների արդյունքում: Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանների հրապարակային հայտարարություններն այս հարցերի առնչությամբ, ինչպես նաև նրա վերաբերյալ քրեական վարույթի հետ կապված ՀՀ գլխավոր դատախազության ու ՀՀ բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական հաղորդագրությունները:

Ի գիտություն է ընդունվել Դավիթ Գրիգորյանի հրապարակային հայտարարությունն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ փաստաբաններ Գեորգի Մելիքյանի և Երվանդ Վարոսյանի բարձրացրած հարցերը քրեական վարույթի ընթացքում մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից համակարգային նշանակության են, պարունակում են մյուս գործերով առգրավմանն ու խուզարկությանն առնչվող իրավակիրառ պրակտիկայի խնդրահարույց զարգացման վտանգներ և կարող են առաջացնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները խախտող հետևանքներ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային դարձնել դրանց առնչությամբ իր իրավական դիրքորոշումներն ու նախատեսվող քայլերը:

Դրանք հիմնված են ինչպես Պաշտպանի քննարկմանը ներկայացված բողոքների ու վարույթային փաստաթղթերի, այնպես էլ ՀՀ օրենսդրության ու վերաբերելի միջազգային չափանիշների համադրված ուսումնասիրության վրա: Ընդ որում, կոնկրետ գործով հարցերն առավել ուշադրության արժանի են, քանի որ բարձրացված են և վիճարկվում են պաշտպանության հատուկ երաշխիքներ ունեցող անձի՝ դատավորի վերաբերյալ գործով:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև հատուկ արձանագրում է, որ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու կոնկրետ դատական ակտի և այն հարցերին, որոնք դատական վիճարկման առարկա են ու գտնվում են կոնկրետ գործով դատարանի լիազորությունների տիրույթում: Բոլոր հարցերին անդրադարձերը կատարված են բացառապես Պաշտպանի իրավասության տեսանկյունից:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հետևյալ հարցերին.

1. Նախաքննության մարմնի կողմից առգրավմանը կամ խուզարկությանը այն անձի և նրա փաստաբանի մասնակցությունը (ներկայությունը) չթույլատրելը, ում աշխատասենյակում կատարվում է քննչական գործողությունը և ով անմիջականորեն հանդիսանում է այդ աշխատասենյակում առկա գույքի տիրապետողը կամ տնօրինողը:

Կոնկրետ իրավիճակում քննիչը դատավոր Դավիթ Գրիգորյանին չի թույլատրել ներկա լինել կամ մասնակցել վերջինիս աշխատասենյակում կատարվող առգրավմանը: Փոխարենը՝ քննիչն առգրավմանը մասնակից է դարձրել դատարանի աշխատակցի, ով այդ աշխատասենյակի հետ առնչություն չունի: Ընդ որում, քննիչը Դ.Գրիգորյանի մասնակցությունն իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը մերժել է՝ պատճառաբանելով, որ նրա մասնակցությունը քննչական գործողությանը նախատեսված չէ:

Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել, որ անձի աշխատասենյակում կատարվող առգրավումը նրա մասնավոր կյանքին միջամտող քննչական գործողություն է, իսկ քրեադատավարական իմաստով աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին: Այդ աշխատասենյակի նկատմամբ մասնավորության ակնկալիք (expectation of privacy) ունի հենց այն անձը, ում հատկացված է այդ աշխատասենյակը և ով զբաղեցնում է այն:

Այս երաշխիքը պատահական չէ. այն նպատակ ունի երաշխավորելու մասնավոր կյանքի պաշտպանության իրավաչափ անհրաժեշտությունը: Ուստի, անձի ներկայությունը կամ մասնակցությունը իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը, անկախ նրա դատավարական կարգավիճակից, պետք է ցանկացած գործով միշտ դիտարկվի հենց այդ տեսանկյունից: Դա ապահովելու անմիջական պարտականություն կրում է քննչական գործողությունը կատարողը, եթե իհարկե հնարավոր չէ դա օբյեկտիվ պատճառներով: Դավիթ Գրիգորյանի դեպքում այս պահանջի ապահովումն առավել առանձնահատուկ է, քանի որ խոսքը հատուկ պաշտպանվող սուբյեկտի՝ դատավորի նկատմամբ կատարվող գործողության մասին է:

Նշվածից բացի, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած բողոքում պնդել է փաստաբան Գ.Մելիքյանը, քանի որ խոսքը վերաբերում է առգրավմանը, ապա հենց առգրավման պարագայում է իր վստահորդի մասնակցությունն այդ գործողությանը եղել առանցքային:

Հարցն այն է, որ Հայաստանի օրենսդրությամբ՝ առգրավման մասին որոշումը ներկայացնելուց և հրապարակելուց հետո է քննիչն առաջարկում կամովին հանձնել առգրավման ենթակա առարկաները և փաստաթղթերը, իսկ առաջարկը մերժվելու դեպքում առգրավումը կատարում է հարկադիր կարգով: Միայն առգրավման ենթակա առարկաները առգրավման մասին որոշման մեջ նշված տեղում չհայտնաբերելու դեպքում է հնարավոր կատարել խուզարկություն:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղին է համարում փաստաբանի պնդումն այն մասին, որ քննիչին անհրաժեշտ առարկաների կամ փաստաթղթերի առկայության մասին ստույգ տեղեկությունների կարող էր տիրապետել միայն այն անձը, ում հատկացված է համապատասխան աշխատասենյակը կամ ով զբաղեցնում է աշխատասենյակը: Այդ անձն է հաստատապես տիրապետում առգրավման ենթակա առարկաների ու դրանց գտնվելու կոնկրետ տեղի մասին տվյալների: Ըստ փաստաբանի՝ այդ առաջարկը պետք է արվեր ու հնարավորությունը տրվեր իր վստահորդին:

Միջազգային, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն առավել խիստ պահանջներ է ներկայացնում խուզարկության նկատմամբ: Բանն այն է, որ խուզարկությունն առավել մեծ ծավալով է միջամտում անձի մասնավոր կյանքին և կարող է պարունակել նաև քրեական հետապնդման տարրեր: Ուստի, սկզբունքային նշանակություն ունի աշխատասենյակում խուզարկության կատարմանն այն անձի ու իրավաբանական օգնության համար հրավիրված նրա փաստաբանի մասնակցությունը, ում դա հատկացված է և ով ունի մասնավորության ակնկալիք (expectation of privacy) այդ աշխատասենյակի նկատմամբ:

Կոնկրետ գործով քննիչը չի թույլատրել փաստաբանի մասնակցությունը խուզարկությանը՝ պատճառաբանելով, թե դա նախատեսված չէ, չնայած փաստաբանի համապատասխան միջնորդությանը և նրան, որ Դ.Գրիգորյանն ինքն է խնդրել թույլ տալ իր փաստաբանի մասնակցությունն իր իսկ աշխատասենյակում կատարվող խուզարկությանը: Քրեական հետապնդման մարմնի նման գործողություններն անթույլատրելի են և կոպտորեն խախտում են իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքը: Ընդ որում, փաստաբանը նշել է նաև, որ որոշ ժամանակով չի թույլատրվել նաև Դ.Գրիգորյանի մասնակցությունը խուզարկությանը:
Սույն գործով պետք է նկատի ունենալ նաև, որ վերը նկարագրվածից բացի, Հայաստանի օրենսդրությունը նախատեսել է դատավորի՝ իբրև պաշտպանության ենթակա հատուկ սուբյեկտի առանձին երաշխիքներ:

Դրանք իրենց հերթին պայմանավորված են դատավորի աշխատանքի ու դատական իշխանության հեղինակության երաշխավորման կարևորությամբ (Բարձրագույն դատական խորհրդին ու դատավորին իրազեկում և այլն): Ուսումնասիրությունը վկայում է այս երաշխիքների հարցում ակնհայտ խնդիրների մասին:

2.  Ընդհանրական ձևակերպումները խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդության ու այդ միջնորդության կապակցությամբ դատարանի կայացրած որոշման մեջ, խուզարկությունը դատարանի թույլատրած տարածքում, ինչպես նաև խուզարկությամբ որոնվող առարկաների կապը քրեական վարույթի հետ:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով բարձրացրել են նաև հարց այն մասին, որ նրա աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդությունը և այդ միջնորդության կապակցությամբ դատարանի որոշումը պարունակում են ընդհանրական, վերացական բնույթի ձևակերպումներ:

Ըստ փաստաբանների՝ դա հանգեցրել է նրան, որ քննիչը, օգտվելով այդ ձևակերպումներից, դատավորի աշխատասենյակից առգրավել է նաև այնպիսի առարկաներ ու փաստաթղթեր, որոնք առնչություն չունեն Դ. Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթի հետ: Ըստ փաստաբանի՝ խուզարկության համար դատարանի որոշման մեջ նշված կոնկրետ տարածքից բացի քննիչը խուզարկություն է կատարել նաև այնպիսի տարածքում, որը դատարանի որոշման մեջ նշված չէ:

Նախ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդունում է, որ առգրավումը և խուզարկությունը քրեական վարույթի ընթացքում հանրային իրավաչափ շահերի պաշտպանության համար կարևոր նշանակություն ունեցող քննչական գործողություններ են:

Դրա հետ միասին, աշխատասենյակում կատարվող առգրավումը և խուզարկությունը ցանկացած պարագայում մարդու անձնական կյանքին միջամտող քննչական գործողություններ են, իսկ խուզարկությունն առհասարակ կարող է պարունակել քրեական հետապնդման տարրեր: Ուստի, քննչական այս գործողությունների ու հատկապես խուզարկության պարագայում կարևորագույն նշանակություն ունի այն, թե որոշակիության ինչ աստիճան ունեն քննիչի միջնորդության ու առավել ևս խուզարկությունը թույլատրող դատարանի որոշման մեջ առկա ձևակերպումները:

Կոնկրետ դեպքում, ինչպես վկայում է փաստաբանի բողոքն ու դատական ակտի ուսումնասիրությունը, դատավորի և նրա օգնականի աշխատասենյակներում, այդ թվում՝ դրանցում առկա չհրկիզվող պահարաններում խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշման եզրափակիչ մասում տեղ է գտել «(…) քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային կրիչներ և փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ և իրեր հայտնաբերելու և վերցնելու համար» ընդհանրական ձևակերպումը:

Իրականում, դատական ակտի ձևակերպումները պետք է լինեն կոնկրետ (այդպիսին պետք է լինի նաև քննիչի միջնորդությունը), հստակ ցույց տան դատարանի թույլտվության սահմանները, խուզարկության ծավալն և կանխորոշեն քննիչի գործողությունների շրջանակը: Հակառակ դեպքում խուզարկության նկատմամբ դատական վերահսկողության նշանակությունն իմաստազրկվում է և չի ծառայում իր նպատակին՝ իրական երաշխիքից վերածվելով պատրանքայինի: Այդ պարագայում խուզարկությունը չի ծառայում քննության կամ քրեական հետապնդման իրավաչափ շահի պաշտպանությանը, իսկ անձնական կյանքին միջամտությունը դառնում է ոչ իրավաչափ:

Ձևակերպումների կոնկրետության պահանջը վերաբերում է ոչ միայն որոնվող առարկաներին կամ փաստաթղթերին, այլ նաև այն կոնկրետ տարածքին, որի խուզարկության համար տրվել է դատարանի թույլտվությունը: Այս կանոնից ցանկացած շեղում պետք է համարել անթույլատրելի:

Դավիթ Գրիգորյանի գործով դատարանի որոշմամբ քննիչի համար խուզարկության թույլատրվող տարածք են սահմանվել միայն դատավորի և նրա օգնականի աշխատասենյակները: Այս մասին է վկայում նաև դատական ակտի ուսումնասիրությունը: Սակայն փաստաբանը Պաշտպանին ներկայացված բողոքի հիմնավորմամբ նշել է, որ քննիչը դուրս է եկել դատարանի որոշման մեջ նշված տարածքի շրջանակից և խուզարկել է նաև գործավարի ու դատական նիստերի քարտուղարի աշխատասենյակները, որոնք դատավորի կամ նրա օգնականի աշխատասենյակները չեն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն այս հարցում հստակ է՝ առգրավում և խուզարկություն թույլատրող որոշման ընդհանրական ձևակերպումները և այդ որոշմամբ չնախատեսված տարածքի խուզարկությունը խախտում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը:

3. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով փաստաբանների բարձրացրած մյուս հարցն առնչվում է քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնիքվել է դատավորի աշխատասենյակի դուռը և նրան թույլ չի տրվել մուտք գործել իր աշխատասենյակ: Ըստ բողոքի՝ քննիչը դա արել է այնպիսի եղանակով, որ դատարանի աշխատակիցների ու այլ անձանց համար ակնհայտ է դարձել, որ ինքն անհնարին է դարձնում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացումը՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավորի նկատմամբ, վտանգելով նրա հեղինակությունն ու անկախությունը: Փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել նաև ոստիկանության ծառայողի հսկողության ներքո դատավորի աշխատասենյակի կնիքված դուռը պատկերող լուսանկար:

Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դատավորի վերաբերյալ քրեական գործով նրա նկատմամբ քրեական հետապնդման մարմնի ցանկացած գործողություն պետք է արվի առավելագույն զգուշությամբ՝ խստորեն պահպանելով օրենսդրական պահանջն առ այն, որ պետք է ապահովել մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն:

Սա միջազգային իրավաբանությունից բխող կանոն է: Ուստի, քննիչի գործողությունը մտահոգիչ է:
Այս հարցի հետ կապված՝ Պաշտպանը ողջունում է Բարձրագույն դատական խորհրդի արձանագրումն այն մասին, որ «…քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ», ինչպես նաև կարևոր է համարում խորհրդի ձեռնարկած միջոցները դատավորի անկախության ապահովման ուղղությամբ:

Այսպիսով, վերը նկարագրվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում սույն գործով իր իրավասության սահմաններում ձեռնարկել հետևյալ միջոցները՝

1) դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ հրավիրելով վերջինիս ուշադրությունը համակարգային բնույթի նկարագրված հարցերի վրա և առաջարկելով ձեռնարկել գործուն միջոցներ՝ թույլ չտալու համար մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց զարգացումներ դատական պրակտիկայում.

2) առաջադրել կոնկրետ հարցադրումներ և դրանց առնչությամբ պահանջել պարզաբանումներ Գլխավոր դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից յուրաքանչյուրից իր իրավասությանն առնչվող մասերով, ինչպես նաև ներկայացնել իրավակիրառ պրակտիկայի վտանգավոր զարգացումներ թույլ չտալուն ուղղված առաջարկներ:

Սույն հայտարարության մեջ նշված հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո»: