Ի՞նչ կապ կա ձկնաբուծարանների և արագիլների փետուրների աղտոտման միջև․ փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն, սակայն կան վարկածներ
Հասարակություն
29.07.2019 | 15:37Արդեն երկու շաբաթ է՝ Արարատի մարզի Հովտաշեն գյուղում արագիլները թռչելու փոխարեն քայլում են։ Պատճառը յուղանման նյութն է, որն արագիլների փետրավորման վրա է հայտնվել՝ անհնար դարձնելով թռիչքը, իսկ որոշ դեպքերում՝ դառնալով թռչունների անկման պատճառը։
Խնդրի շուրջ նոր զարգացումներին տեղեկանալու նպատակով Factor.am-ը զանգահարեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տեսչական մարմնի իրազեկման բաժնի ղեկավար Նաիրա Աղաբաբյանը նշեց, որ Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի, ինչպես նաև արագիլների փետուրներից վերցված յուղանման զանգվածի փորձանմուշների ուսումնասիրության աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են և նորություն դեռ չկա։
«Այս պահին նոր աշխատանքներ, նոր տվյալներ կամ արդյունքներ դեռ չկան, բայց առաջիկա օրերին սպասվում են»,- նշեց Նաիրա Աղաբաբյանը։
Factor.am-ը զրուցեց նաև «Թռչնասերների կենտրոն» ՀԿ տնօրեն, «Հասարակական ձայն» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանի հետ, որը Հովտաշենում էր արագիլների անկման ահազանգի հենց հաջորդ օրը։
Նրա խոսքով՝ արագիլներին ուսումնասիրած փորձագետներով կասկածներ ունեն, որ փետուրների վրա հայտնաբերվածը ձկան յուղ է։
Երեկ երեկոյան էլ «Armenian birdwatching association»-ի ղեկավար Կարեն Աղաբաբյանը կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ՝ Հովտաշեն այցելությունից և գրառում կատարել, որով հաստատել է Սիլվա Ադամյանի նշած վարկածը։
«Այսօր մենք նորից այցելեցինք Հովտաշեն, որտեղ դիտարկում էինք վատ թռչող արագիլների կերակրելու գործընթացը, անցկացրեցինք երկու արագիլների հերթական (չնախատեսված) մաքրման գործընթացը և մոտեցանք աղտոտման աղբյուրի բացահայտմանը»,- գրում է Կարեն Աղաբաբյանը։
Նրա կարծիքով՝ աղտոտման աղբյուրը թառափազգիների բուծմամբ զբաղվող ձկնաբուծարաններն են, որտեղից գետի մեջ են արտանետվում ձկների ներքին օրգանները։ Դրա հետևանքով էլ ջրի մեջ մեծ քանակությամբ յուղ է լցվում, իսկ արագիլներն էլ ջրի մեջ սնունդ փնտրելիս աղտոտվում են:
«Այս վարկածը պահանջում է հաստատում, որից հետո պետք է պարտադրվի ձկնաբուծարաններին ջրանցքների մաքրում և իրենց թափոնները կառավարելու այլ միջոցներ»,- նշված է Կարեն Աղաբաբյանի գրառման մեջ։
Նա նաև նկատում է․ «Տեղական ինքնակառավարման մարմինը շատ պատասխանատու է մոտենում կերակրմանը, կերակրում են օրը երկու անգամ։ Նոր ռեագենտներով մաքրումն ավելի լավն է, քան նախորդ մեթոդը, այնպես որ հաջորդ կիրակի մենք ստիպված կլինենք կազմակերպել «Մեծ լվացք» արագիլների համար»։
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ տնօրեն, «Հասարակության ձայն» ՀԿ-ի փորձագետ Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը թաքցնում է իրականությունը և, տեղյակ լինելով Հովտաշենում ստեղծված իրավիճակի պատճառների մասին, չի բարձրաձայնում։
«Արագիլների մասին Հովտաշենից Էդգար անունով մի բնակիչ է մեզ ահազանգել՝ ասելով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին զանգահարելիս իրեն կոպտել են և ասել, որ դա իրենց գործառույթը չէ։ Հովտաշենի բնակիչը մեզ երեկոյան է զանգահարել, իսկ հաջորդ օրը վաղ առավոտյան մենք երկու կազմակերպություններով՝ «Թռչնասերների կենտրոն» և «Հասարակության ձայն», մեկնել ենք, տեղում պարզել իրավիճակը և սկսել արագիլների փետուրների մաքրման աշխատանքները, որին զուգահեռ այդ մասին տեղեկացրել ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Մինչդեռ իրենք հրապարակումներ են տարածում, թե իբր առաջինն իրենք են սկսել այս խնդրով զբաղվել, սակայն դա այդպես չէ»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղից ահազանգ էր ստացվել, որ հուլիսի 13-ից գյուղում արագիլների անկում է նկատվում։
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ տնօրեն, «Հասարակության ձայն» ՀԿ-ի փորձագետ Սիլվա Ադամյանը և կազմակերպության ներկայացուցիչներ Միքայել Համբարձումյանն ու Նաիրե Սահակյանը մեկնել էին Հովտաշեն, որտեղ պարզել էին, որ շուրջ 4-5 արագիլի փետրավորումը աղտոտված էր անհասկանալի նյութով, ինչի պատճառով էլ թռչունները չէին կարողանում թռչել։ Նրանք այցելել էին նաև հարակից ջրանցքը, որտեղից սնվում էին արագիլները։ Ջրանցքից վերցված փորձանմուշները ուղարկվել էին ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ։
Նելլի Մելքոնյան
Լուսանկարները՝ Կարեն Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջի