Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության ևս մի փաստարկ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Մեսրոպագիր

 

Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի կրքերը չեն հանդարտվում: Դրան անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ու կոշտ հայտարարություններ արեց 2015 թվականին սամանադրական փոփոխությունների բուն գործընթացի և նախագծի հեղինակների իրական նպատակների մասին:

Մենք այդ  թնջուկին չէ, որ կանդրադառնանք, այլ Սահմանադրության փոփոխությունների տեքստի մի այլ«վրիպակի»:

Խոսքը մարդու իրավունքներին վերաբերող հոդվածներում այդ իրավունքների սահմանափակումների մասին է:

ՀՀ Սահմանադրության նախորդ (2005 թվականի փոփոխություններով) տեքստում մարդու իրավունքների սահմանափակումները ձևակերպված էին. «…հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»:

Նմանատիպ ձևակերպում է տրված նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում. «Այդ ազատությունների իրականացումը, որը պարտավորություններ և պատասխանատվություն է ենթադրում, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակական անդորրի, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական բնույթի տեղեկատվության հրապարակումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։

Իսկ հիմա նայենք ՀՀ գործող Սահմանադրությունը (2015 թ. փոփոխություններով): Այստեղ 2-րդ՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլխում, յուրաքանչյուր իրավունքի սահմանումից հետո դրա սահամանափակումները ձևակերպված են այսպես. «…կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Նկատեցի՞ք տարբերությունը: Այստեղ հեղինակները «մոռացել են» մի չնչին բան. «…եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» ձևակերպումը:

Կարծում եք դա պատահակա՞ն է դուրս մնացել, վրիպե՞լ է կարկառուն իրավաբանների աչքից: Բնավ: Մենք՝ տարբեր ոլորտների մի քանի փորձագետներ դեռ նախագծի քննարկումների ժամանակ բազմիցս սա մատնացույց ենք արել: Բայց մեզ լսողն ո՞վ էր, չէ՞ որ մենք դիլետանտներ ենք…

Մեզ չէին էլ լսի, որովհետև նպատակ էր դրված ամեն գնով հավերժացնելու այն ժամանակ իշխող ուժի և նրա ղեկավարի կառավարումը: Իսկ դրա համար պետք էր ձևակերպում, որը հնարավորություն կտար ցանկացած պահի սահմանափակել մեր իրավունքները օրենքով՝ առանց հիմնավորելու դրա անհրաժեշտությունը:

Ես չեմ կարող ելնել լավ իշխանության կանխավարկածից: Ցանկացած իշխանության մոտ էլ կարող է մարդու իրավունքները սահմանափակելու գայթակղություն առաջանալ: Ոչինչ, եթե դա գայթակղություն էլ մնա, սակայն եթե դա վերածվի բուռն ցանկության, ապա իշխանությունը կարող է օգտվել այս «վրիպակից» և օրենքով սահմանել, ասենք, որ գնաճի մասին խոսելը սպառնում է երկրի տնտեսական բարեկեցությանը (ի դեպ՝ «երկրի տնտեսական բարեկեցության» նպատակն էլ նորամուծություն է, որ ոչ մի միջազգային փաստաթղթում չի հանդիպում), հետևաբար արգելվում է այդ մասին գրել լրատվամիջոցներում (հիշո՞ւմ եք՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը լրագրողներին՝ «գներն աճում են, որովհետև դուք գրում եք այդ մասին»): Կրկնում եմ՝ դա կսահմանվի օրենքով: Իսկ անհրաժեշտությունը հիմնավորելու կարիք չի զգացվի. գործող Սահմանադրությունը դա չի պարտադրում:

Ահա ևս մի փաստարկ, որ ոչ թե օրվա իշխանությանը, այլ երկրին ծառայելու կոչված նոր Սահմանադրության արագ մշակումը անհրաժեշտություն է:

 

Մեսրոպ Հարությունյան