«Մեր օպերային միանշանակ անհրաժեշտ է գլխավոր դիրիժոր»․ Կարեն Դուրգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.06.2019 | 19:50Հայաստանի վերջին մեկ տարվա քաղաքական, հասարակական եւ մշակութային զարգացումների մասին Factor․am-ը զրուցում է դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ․
-Պարոն Դուրգարյան, մեկ տարի առաջվա Հայաստանն, ըստ Ձեզ, ինչպիսի՞ երկիր էր մշակութային գործունեության համար։
-Մշակութային դաշտն ապրում է իր կյանքով, իր չգրված օրենքով։ Բայց եթե նայենք օրենքով գրված կողմից, գրվածը թերի է։ Ուստի կարծում եմ, որ արտիստը եւ արվեստագետը բողոքում է իր կյանքից, որովհետեւ օրենքը լիարժեք չէ։ Որպեսզի օրենքը լիարժեք լինի կարծում եմ պետք չէ շատ փնտրել, թե ինչպիսի մոդել վերցնել եւ ինչպիսի օրենսգիրք գրել մշակութային դաշտի համար։ Պետք է վերցնել զարգացած երկրների մի քանի օրինակ, ուսումնասիրել եւ Հայաստան աշխարհին համապատասխան լավ կողմերը վերցնել եւ մշակել։ Այսօր էլ է դաշտն ապրում իր չգրված օրենքով հարաբերվելով նախարարության հետ։
-Հեղափոխությունը մշակութային դաշտի համար որեւէ էական նշանակություն կունենա՞։
-Վստահաբար կունենա, որովհետեւ մենք տեսնում ենք ինչ է կատարվում վերջին մեկ տարում, տարբեր օրենքներ են մշակվում եւ մեր դաշտում էլ կընդունվի օրենք, որով գործիչը կաշխատի եւ կապրի։
-Մասնավորապես ի՞նչ օրենքների կարիք է զգում դաշտը։
-Օրենքները շատ մանր են նաեւ։ Մենք գլոբալ առումով կարող ենք ֆիքսել՝ տնօրենն է կարեւոր, թե գեղարվեստական ղեկավարը։ Ինչ պետք է անի տնօրենը եւ ինչ պետք է անի գեղարվեստական ղեկավարը։ Այսօրվա օրենքի մեջ գրված է որոշ կետեր, բայց ինչ-ինչ պատճառներով էդ կետերը ոչ միշտ են աշխատում։ Կամ՝ երաժիշտը աշխատում է մի տեղ, արդյո՞ք իրավունք ունի երկրորդ տեղում էլ աշխատելու։ Կամ՝ արդյո՞ք իրավունք ունի դասավանդելու միեւնույն ժամանակ։
-Այսինքն, դա կանոնակարգելու կարիք կա։
-Միանշանակ։ Եվ ի՞նչ է նշանակում ռեժիսոր-դերասան հարաբերությունը։ Արդյո՞ք դերասանը պարտավոր է անել ամեն ինչ, ինչ խնդիր որ դնում է ռեժիսորը, ինչպե՞ս է մշակվում պայմանագրային սիստեմը, ազատ արտիստն ի՞նչ իրավունքներ ունի Հայաստանում աշխատելու եւ ապրելու։
-Աշխարհում կա Լա Սկալա եւ օպերային այլ հայտնի թատրոններ։ Հայաստանի օպերան ունի՞ Լա Սկալա լինելու պոտենցիալ։
-Չեմ կարծում, որ մենք պետք է ձգտենք դառնալ Լա Սկալա։ Մենք պետք է ձգտեն լինել մենք։ Պետք է կարողանանք մեր տեղը գտնել, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող ենք տալ Լա Սկալային կամ նրանից վերցնել։ Մեր պոտենցիալը մեծ է։ Բայց այն ժամանակահատվածում չենք, որ ասենք ձգտում ենք դառնալ Լա Սկալա։
-Ի՞նչն է պատճառը։
-Աշխատանքի համակարգը։ Ամբողջ աշխարհն աշխատում է այլ համակարգով, մենք մերն ենք հորինում։
-Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը գրեթե միշտ պատմությունների կենտրոնում է, տնօրեն է նշանակվում աղմուկով, հանվում է աղմուկով։ Սա ինչո՞վ է բացատրվում։
-Մի քանի տարբերակ կա։ Նախ ցանկացած մարդ իրավունք ունի իր միտքը արտահայտել, որովհետեւ ապրում ենք անկախ Հայաստանում եւ օրենքը բոլորի համար հավասար է։ Մյուս կողմից, եթե երաժիշտն ասում է՝ ուզում ենք այս տնօրենին ունենալ, իրեն հարց են տալիս՝ քո անմիջական ղեկավարն ո՞վ է։ Գեղարվեստական ղեկավարը հասկացանք, բայց ի՞նչ գործ ունես տնօրենի հետ։ Հավատացեք, շատ թատրոններում եմ աշխատել եւ չգիտեմ, թե տնօրենն ով է։ Որովհետեւ ես գործ ունեմ միայն իմ մասնագիտության անկյունի հետ՝ գեղարվեստական ղեկավարի։ Դա գալիս է նաեւ նրանից, որ արտիստը պաշտպանված չէ, նրա մեջ վախ կա։ Գալիս ենք առաջին հարցին՝ օրենքը դեռ ֆիքսած չէ, որպեսզի արտիստը իմանա՝ նա եկել է գործի, նա անում է իր գործը պրոֆեսիոնալ, նա պաշտպանված է օրենքով, որեւէ մեկը չի կարող ասել, որ դու լավը չես։ Որովհետեւ դա պետք է ապացուցել՝ դու լավ երաժի՞շտ ես, թե ոչ։ Այդ իսկ պատճառով թատրոնը քանի որ մեկն է, այդ իսկ պատճառով տարբեր մարդիկ փորձում են ի սրտե պաշտպանել, բայց ինչը պաշտպանել, իրենք էլ չգիտեն։
–Դուք եղել եք օպերայի եւ բալետի ազգային թատրոնի գլխավոր դիրիժոր։ Այսօր Օպերան դիրիժոր չունի արդեն երկար տարիներ։ Ըստ ձեզ դա անդրադարձե՞լ է օպերայի գործունեության վրա։
-Ես կարծում եմ, որ ամեն մի օղակ պետք է իր ղեկավարն ունենա, նվագողը պետք է իր ղեկավարն ունենա, որ կարողանա իր գույնը ունենա։ Օպերայի թատրոնը ոչ թե կարող է, պարտավոր է ունենալ գլխավոր դիրիժոր։ Եթե համեմատում ենք Վիեննայի օպերայի թատրոնի հետ, կամ Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որտեղ չկա գլխավոր դիրիժոր, մենք վերադառնում ենք Լա Սկալային։ Մենք մերը պետք է անենք։
Զրուցեց Մհեր Արշակյանը
Մանրամասները տեսանյութում