Ջրբաժան կամ առանց «իզմ»-երի դարաշրջանի ավարտը Հայաստանում
Տնտեսություն
11.05.2019 | 19:01Նախահեղափոխական Հայաստանում և հեղափոխության օրերին հանրային դժգոհություններն ու քննարկումները կենտրոնացած էին անարդարության և կոռուպցիայի շուրջ: Ամենափոքր եկամուտ ունեցող քաղաքացիները շեշտում էին թալանը դադարեցնելու և երկրում ստեղծված արդյունքն ավելի արդար բաշխելու անհրաժեշտության մասին: Հեղափոխության օրերին չկար «ազատական», «պահպանողական» կամ «լիբերտարիան» բանավեճ և հռչակվում էր Հայաստանում «իզմ»-երի դարաշրջանի ավարտը: Սակայն «իզմ»-երի արմատները ոչ թե ազգային կամ էթնիկական են, այլ հասարակական և սոցիալական:
Հեղափոխությունից մի քանի ամիս անց, 2018թ. օգոստոսին, դեռևս անհայտ անձանց ազդեցությամբ հանրային օրակարգ նետվեց պրոգրեսիվ համահարթի հարցը, ինչի արդյունքում 27-37 միլիարդ դրամ են շահելու 210-215 հազար ՀՀ քաղաքացիներ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, բանկային, ապահովագրական, էներգետիկ, բջջային կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցներ, ովքեր, հավանաբար, ամենամեծ ներդրումն ունեն հեղափոխության գործում: Այս փոփոխությունները իշխանության հակառակորդներին նրա բարեկամը չեն դարձնելու, սակայն վանելու են նրա հետ ճանապարհ անցած, բայց սոցիալական պետության գաղափար կրողներին: Պրոգրեսիվ-համահարթ բանաձևին ավելացավ նաև «անհատական ջանքը»:
Նոր օրակարգի ձևավորումն ամենևին խնդիր չէ: Խնդիր կարող է դառնալ հեղափոխության հիմնական շարժառիթներից որևէ մեկի կենսունակությունը: Թավշյա, ոչ բռնի հեղափոխության գործում մեծ էր Ն. Փաշինյանի անհատական ջանքը: Սակայն նա միայնակ ոչինչ անել չէր կարող: Հեղափոխությունը մի քանի հարյուր հազարի համատեղ ջանքի արդյունք էր: Անցած երկու տասնամյակներում իշխանությանը ընդիմացող բոլոր ուժերի առաջնորդները մշտապես շեշտել են, որ Հայաստանում իշխանության փոփոխություն տեղի կունենա այն ժամանակ, երբ փողոց դուրս գա մի քանի տասնյակ հազար մարդ: Նախկինում Փաշինյանի հնչեցրած 1+1+1+1 գաղափարը նույնպես ընկալվում էր որպես քաղաքացիների համախմբման կոչ, քանի որ տարիներ շարունակ միայնակ «1»-ը չէր կարողանում փոփոխություններ իրականացնել:
Դրոշը հարգելու, մեր բնակավայրերը մաքուր պահելու, լավ, ցանկալի է արևմտյան կրթություն ստանալու, ազգային ինքնությունը պահպանելու վերաբերյալ հայտարարությունների հետ միաժամանակ տնտեսական քաղաքականության ոլորտում առաջ են մղվում «անհատական» ջանքի վերաբերյալ «լիբերտարյան» գաղափարներ և անհասկանալի է դառնում, թե իշխանությունն այս շաղախով ինչ նոր եսակենտրոն քաղաքացի է ուզում կերտել: Հանրության բարեկեցության և դրա համար յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունը շեշտողները բնութագրվում են որպես «սոցիալիստներ» կամ նույնիսկ «կոմունիստներ»:
Եթե հանրության բոլոր անդամները կարողանան իրենք իրենց բարեկեցությունն ապահովել, ապա Հայաստանը կդառնա բոլոր բարեկեցիկներից ամենաբարեկեցիկ երկիրը: Բայց այլ, նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրների փորձը վկայում է, որ անհատական ջանքի վրա հիմնված հասարակությունը սովորաբար շերտավորվում է:
Լիբերտարյան գաղափարախոսությունը ենթադրում է, որ յուրաքանչյուրն ինքը և միայն ինքը պետք է պայքարի իր բարեկեցության համար և պետությունն այդ հարցում անելիք չունի: Այդ մոտեցումը հավանաբար կարող է արդյունավետ լինել այն հասարակություններում, որոնց բոլոր անդամներն ունեն բացարձակ հավասար ստարտային պայմաններ: Սակայն այդպիսի հասարակություններ չկան: Իսկ հաշվի առնելով նախորդ 2-3 տասնամյակների ընթացքում հանրային միջոցների տնօրինման հետ կապված անհավասարություններն ու շեղումները, հասարակության մի ստված զանգվածին որակյալ կրթական, առողջապահական, մշակութային և այլ ծառայությունների հասանելիության հետ կապված խնդիրները, հասկանալի է դառնում, որ հանրային մեծ զանգվածի դժգոհությունը լուրջ հիմքեր ուներ և դրանք անտեսելը վտանգավոր է:
Ավելի շատ կամ ավելի քիչ «ազատականության» մասին մտածելիս հաճախ մտովի վերադառնում եմ 1990-ականների երկրորդ կես, երբ արևմտյան խորհրդականները պետական կառավարման համակարգում աշխատող միջին օղակի ղեկավարներին բացատրում էին «գլոբալիզացիայի» և «ազատականության» առավելությունները, իսկ մենք՝ համայնավարական լուծը թոթափած և բուհից կյանք մտած անկախ Հայաստանի առաջին երիտասարդ սերունդն, առանց ծամելու կլանում էինք այդ նոր, սակայն այնքան հասկանալի և ընդունելի գաղափարները և մեր արևմտյան գիտելիքներով պատրաստվում էինք փոխել Հայաստանը և դարձնել աշխարհի առաջատար երկրներից մեկը: Որոշ անձինք պնդում էին, որ ոչինչ հատուկ անել պետք չէ և միայն հանքային ջրերով և կոնյակով մենք կգրավենք աշխարհը: Հետագայում պարզվեց, որ աշխարհում հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների պակաս չկա:
Անցյալ 20-25 տարիների ընթացքում Հայաստանը որդեգրեց ազատական տնտեսական քաղաքականություն: Եվ ճիշտ արեց: Սակայն պարզվեց, որ արևմուտքն ինքը պատրաստ չէր այդ «ազատականությանը»: Բեռլինի պատը քանդելուց ընդամենը 30 տարի է անցել, իսկ մեր երկիր բազմաթիվ «ազատական» խորհրդականներ ուղարկած երկրներից մեկն ուզում է բետոնե կամ մետաղե պատով բաժանել Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը, իսկ մյուսն ապավինում է նեղուցին: Ի դեպ, չնայած պատերին ու նեղուցներին, երկու երկրներում էլ, ինչպես նաև այն երկրներում, որոնցից նրանք ձգտում են բաժանվել, գործում է եկամուտների հարկման պրոգրեսիվ համակարգ: Երբ ՀՀ իշխանությունները խոսում են եվրոպական արժեքներից, սովորաբար նկատի են ունենում արևմտյան Եվրոպան, որի բացարձակ մեծամասնությունը «պրոգրեսիվ» է: Ուզում եք ասել, որ հարկման համակարգը եվրոպական արժեքային համակարգի մաս չի՞ կազմում:
Հայաստանի այսօրվա իշխանությունը տնտեսության կառավարման «լիբերտարյան» գաղափարների առաջին կրողը չի և հավանաբար վերջինը չի լինելու: Կար ժամանակ, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը կարծում էր, որ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը» Սանտա Կլաուսին գրված նամակ է: «Լիբերտարյան» գաղափարներ դավանող ամերիկացիների համար ֆրանսիական «ազատություն, հավասարություն, եղբայրություն»-ը օքսիմորոն է, քանի որ նրանց աշխարհընկալումը թույլ չի տալիս ազատությունը կապել հավասարության կամ եղբայրության հետ: Այս գաղափարներն ամերիկացիների և եվրոպացիների կողմից ընդունվում են ոչ թե հռչակագրային մակարդակում, այլ կենսակերպի մաս են կազմում: 17-18 տարեկան ամերիկացիները հեռանում են ծնողական տնից, որպեսզի ըմբոշխնեն իրենց ազատությունն ու վայելեն անձնական կյանքը, իսկ գերմանական օրենսդրությունը ֆինանսական օժանդակություն է նախատեսում կրթական համակարգում մինչև 25 տարեկան «երեխա» ունեցող ընտանիքների համար: Այս ամենով հանդերձ չպետք է մոռանալ, որ ամենաազատական ԱՄՆ-ում, չնայած իրենց գաղափարների գրավչությանը, «լիբերտարյանները» փոքրամասնություն են:
Հասարակությունում միշտ կան և լինելու են մարդիկ, որոնք առաջնորդվելու են այսօրվա իշխանության կարծիքով հավանաբար ուտոպիստական տեսակետներով և «ազատություն» հասկացության կողքին հավասարապես կարևորելու են նաև «հավասարության», «եղբայրության» և «արդարության» գաղափարները: Սակայն իշխանության կողմից մինչ այժմ առաջարկվող «ռեալիստական» ծրագրերն ընդամենն ունեցել են տեսական հիմնավորումներ, որոնք ցույց չեն տվել թե ինչ չափով է Հայաստանում կամ նման երկրներում ներդրումների, արտահանման և աշխատատեղերի աճը կախված հարկային դրույքաչափերից: Այդ տեսական հիմնավորումների մասին տեղյակ են նույնիսկ ոչ տնտեսագետները:
Այսօրվա իշխանությունը նվաճել է իր ընտրած ճանապարհով առաջ գնալու իրավունքը: Առաջարկում եմ հիշել, որ սոցիալական անհավասարության, անարդարության և կոռուպցիայի պատճառով հայկական աշխարհը վերջերս հերթական հեղափոխության միջով անցավ: Ուզում ես հուսալ, որ հասարակությունում չեն լինելու դժգոհ խավեր, որոնք շարունակելու են մտածել, որ «վերջին կռիվը» և մեծ պայքարը դեռ առջևում են: Բոլոր հեղափոխություններից հետո լուսանցքում մնացած և մշտապես բարեփոխումների փուլում գտվնող կրթության համակարգի «բարիքներից» չօգտվող խավը միշտ ձգտել է ոչնչացնել հարուստ «տզրուկ»-ներին և նրանց համարել է «կուշտ շներ»: Արդյոք այդ խավերը կառավարության գործողություններում տեսնու՞մ են իրենց փրկության ճանապարհը: Թե՞ Հայաստանը մտնում է հեղափոխական պայքարի հաջորդ փուլ: Արևմտյան Եվրոպայի «պրոգրեսիվ» երկրները գրեթե երկու հարյուրամյակ է դուրս էին եկել այդ շղթայից: Մեր օրերում, հասարակության շերտերի միջև բարեկեցության խորացող տարբերությունների պայմաններում ի հայտ են գալիս նոր դժգոհություններ:
Այսօրվա իշխանությունն առաջ է գնալու՝ փորձելով ձևավորել հաջորդ «էլիտան»: Հետևում մնալու են նրանք և նրանց երեխաները, ովքեր չեն կարողանալու «արևմտյան կրթություն» ստանալու համար հող նախապատրաստել, քանի որ տարիներ շարունակ թերֆինանսավորման պատճառով հանրակրթությունը գտնվում է աղետալի վիճակում:
Ի լրումն մեր հասարակությունում գոյություն ունեցող անհավասարությունների և անարդարությունների, չպետք է մոռանալ, որ այդ 27-37 մլրդ դրամը, որն իշխանությունը պատրաստվում է նվիրել այն 200 հազարին, ամրության բարձիկ հանդիսացող այն ավտոմատ կայունարարն է, որը մեր տնտեսությունը պաշտպանում է ցնցումներից: Հաշվի առնելով ամերիկա-չինական առևտրային պատերազմը, բրեքզիթի հետ կապված և մի շարք այլ անորոշություններ, չի կարելի բացառել, որ առաջիկայում Հայաստանն ունենալու է այդ բարձիկի կարիքը: Առանց որևէ մոգական թվի հավատալու ավելացնեմ, որ վերջին 3 տասնամյակում համաշխարհային տնտեսությունը 11 տարի պարբերականությամբ ցնցում է ապրել, որոնցից երկուսը անկախ Հայաստանի տնտեսության վրա ծանր ազդեցություն են ունեցել. 1987թ.՝ սև երկուշաբթի, 1998թ.` ռուսական դեֆոլտ, 2009թ.՝ համաշխարհային ճգնաժամ:
Բազմաթիվ կրթական հաստատությունների ողբալի վիճակից կամ հարյուր հազարավոր ընտանիքների սոցիալական ծանր վիճակից հուզվող, սակայն համահարթ հարկման օգտին քվեարկող և այդպիսով հասարակության ամենից բարձր եկամուտներ ունեցող 200 հազար մարդուն 27-37 մլրդ դրամ նվիրողները պետք է պարզեն իրենց «ինքնությունը» և որոշեն, թե արդյոք իրենք համահարթ են մտածում, թե պրոգրեսիվ: Հաջորդ անգամ, երբ որևէ հասարակական կազմակերպություն, անհատ կամ այլ կառույց ՀՀ կառավարությանն ուղղված իր առաջարկին ստանա «ձեր կողմից առաջարկվող ծրագիրը ներկա պահին հնարավոր չէ իրականացնել պետական բյուջեում միջոցների բացակայության պատճառով» տիպի պատասխան, ըմբռնումով չի մոտենալու, քանի որ գիտի, որ այդ միջոցները գործող իշխանությունը նվիրել է այն 200 հազարին:
Համահարթի ներդրումը Ռուբիկոն չէ, այն ընդամենը ջրբաժան է: Սա չի նշանակում, թե երեկվա ընկերները, համախոհները, դաշնակիցները վաղը թշնամի են դառնալու: Չեն դառնալու, քանի որ կարծես թե անցել են այն ժամանակները, երբ գերիշխում էր «ով մեր հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը: Նախկին համախոհները շարունակելու են զրուցել, քննարկել, կատակել, միասին ժամանակ անցկացնել: Բայց տնտեսության կառավարման լիբերտարյան գաղափարներ չդավանողները, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 23 և 26 հոդվածները որպես կառավարման սկզբունքներ որդեգրելու կողմնակիցները, իշխանության ձևակերպմամբ «կեղծ սոցիալական կարգախոսներով» առաջնորդվողներն իմանալու են, որ այսօրվա իշխանությունը որոշել է՝ յուրաքանչյուրը պետք է իր գլխի ճարը տեսնի: Վաղը արևմտյան կրթություն ստացածները, մեր ժամանակների հերոսները, որոշելու են, որ առաջ են գնալու, իրենց որոշման արդյունքում ստացած լրացուցիչ եկամտով տնտեսական աճը «խթանելու» իրենց անձնական ջանքը գործադրելու, ուրիշ մեծ ու բարի գործեր կատարելու օրակարգով: Տնտեսական աճի արդյունքների ավելի արդար բաշխման խնդիրը մնալու է:
Արտակ Քյուրումյան