«Կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի՞ է». քաղաքապետ Հայկ Մարությանը 54 մլն դրամի ծառայություններ է պատվիրել Հ1-ի նախկին գլխավոր պրոդյուսերի ՍՊԸ-ին
Քաղաքականություն
21.01.2019 | 13:15Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների համար ծախսել է 120 միլիոն դրամ կամ 246 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարի մեջ ներառված չէ 71 մլն դրամ արժողությամբ ձեռք բերված գլխավոր նոր տոնածառը: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանին ուղղված գրավոր հարցման պատասխանից:
Նշված գումարից 30 մլն դրամ վճարվել է միայն Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության համար: Սա համարժեք է 61 հազար 600 ԱՄՆ դոլարի: Միջոցառումն իրականացրել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն:
Երևանի քաղաքապետարանի և «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 21-ին ՍՊԸ-ն ապահովել է երկու մասից բաղկացած միջոցառում: Առաջին հատվածում եղել է 20 րոպե տևողությամբ երաժշտական ներկայացում, իսկ երկրորդ հատվածը ներառել 1 ժամ տևողությամբ համերգային ծրագիր: 30 մլն դրամանոց պայմանագիրը քաղաքապետարանի և «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև կնքվել է 2018 թվականի դեկտեմբերի 19-ին:
2018 թվականի դեկտեմբերի 20-ին էլ մեկ այլ պայմանագիր է կնքվել քաղաքապետարանի և «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև, որի արժեքը կազմել է 24 մլն դրամ կամ 49 հազար 300 ԱՄՆ դոլար:
Այս պայմանագրով էլ ՍՊԸ-ն տոնական միջոցառումներ է ապահովել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը: Գումարի շրջանակներում իրականացվել է 2,5 ժամ տևողությամբ համերգ և 1,5 րոպե տևողությամբ հրավառություն: Նույն պայմանագրի շրջանակներում հունվարի 6-ին մոտ 3 ժամ տևողությամբ տոնական համերգ է կազմակերպվել:
Ուշագրավն այն է, որ Երևանի քաղաքապետարանը 54 մլն դրամի ծառայություններից է օգտվել, բայց մրցույթ չի հայտարարել, ինչպես պահանջում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը: Փոխարենը՝ քաղաքապետարանը գնումն իրականացրել է ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 13-ի հ. 1458-Ա որոշման համապատասխան`մեկ անձից գնման իրականացման ձևով:
Այստեղ հարկ է նշել, որ գնումների մասին օրենսդրության համաձայն՝ գնման նախընտրելի ձև է հանդիսանում բաց մրցույթը, և միայն արտառոց դեպքերում է, երբ կարող է տրամաբանական դիտվել այս ընթացակարգից շեղումը։ Մինչդեռ տվյալ դեպքում ոչ միայն չի եղել նախընտրելի՝ բաց մրցույթի ընթացակարգից շեղվելու անհրաժեշտություն, այլև եղել է կանխատեսելի կարիք, ինչի դեպքում մեկ անձից գնումն առավել խնդրահարույց է դառնում։
Ի դեպ, «Ֆակտորի Փրոդաքշնի» սեփականատերերից մեկը՝ Ռուդիկ Տեր-Գալստյանը, «Հանրային» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսերն է եղել: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվել, որ 54 մլն դրամի ծառայությունների համար մասնագիտությամբ դերասան քաղաքապետն ընտրել է իր ոլորտի ներկայացուցչի ՍՊԸ-ն:
2014 թվականին, դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով պետական բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքին և այն հանգամանքին, որ նրանց մերձավորները պետական այս կամ այն կառույցին ինչ-որ ծառայություններ են մատուցում, ասել էր. «Գիտեք՝ կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի՞ է, ո՛չ, կոռուպցիան հենց սա է»:
Շարունակելով ներկայացնել ամանորյա միջոցառումների ծախսերը՝ նշենք, որ տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում: Ավան վարչական շրջանում կազմակերպվել է ամանորյա երկու միջոցառում՝ 6 մլն և 5,5 մլն դրամի շրջանակներում: Ծառայություններն իրականացրել են «Լամեքս» ՍՊԸ-ն և «Սլայդ Արտ» ՍՊԸ-ն:
5 մլն 658 հազար դրամի շրջանակներում «Բրուս» ՍՊԸ-ն միջոցառում է կազմակերպել Աջափնյակ վարչական շրջանում:
8 մլն դրամի շրջանակներում «Արմքոմփվիններ» ՍՊԸ-ն միջոցառում է կազմակերպել Նոր Նորք վարչական շրջանում:
5 մլն 310 հազար դրամի շրջանակներում «Էլիտա Էս Վե» ՍՊԸ-ն և 1 մլն 940 հազար դրամի շրջանակներում «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն միջոցառում են կազմակերպել Արաբկիր վարչական շրջանում:
«Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջոցառումների կազմակերպիչն է՝ 920 հազար դրամով:
«Էլիտա Էս Վե» ՍՊԸ-ն 9 մլն 988 հազար դրամի շրջանակներում միջոցառում է կազմակերպել նաև Էրեբունի վարչական շրջանում: «Էլիտա Էս Վե» ՍՊԸ-ն մոտ 10 մլն դրամի միջոցառումներ է կազմակերպել նաև Շենգավիթ վարչական շրջանում: «Էլիտա Էս Վե» ՍՊԸ-ին է բաժին հասել նաև Նուբարաշեն վարչական շրջանը: Այս վարչական շրջանի միջոցառումների համար էլ ՍՊԸ-ին վճարվել է 2 մլն 269 հազար դրամ:
Նորք-Մարաշ վարչական շրջանում 2 մլն 200 հազար դրամով ամանորյա միջոցառումներ է կազմակերպել «Հաղթանակ 2000» ՍՊԸ-ն:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ամանորյա միջոցառման համար «ՄԱԴԷԼ» ՍՊԸ-ին վճարվել է 1 մլն 458 հազար դրամ:
Իսկ ահա Կենտրոն վարչական շրջանում ամանորյա միջոցառումները կազմակերպել է «Սիթիթայմ» ՍՊԸ-ն՝ 5 մլն դրամով։
Նարեկ Կիրակոսյան