Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
Քաղաքականություն
29.11.2026 | 23:41
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Թովմաս Շահվերդյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 96,8%-ը։
Այս մասին հայտնել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Աշտարակի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանը։
Շահվերդյանն առաջին անգամ Աշտարակի քաղաքապետ է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ 27 տարեկանում։ Այդ ժամանակ նա անկուսակցական էր, իսկ 2021 թվականին դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Աշտարակ համայնքն ունի 59 հազար 515 ընտրող։
«Հետքը» 2016 թվականին ուսումնասիրել էր Շահվերդյանի հայտարարագիրը և գրել, որ նա և նրա հայրը՝ Սարգիս Շահվերդյանը, Աշտարակում մի շարք բիզնեսներ ունեն։
Շահվերդյանի պարզաբանմամբ՝ «Ավգոռ» ՍՊԸ-ի գործունեության տարածքում տեղակայված էին Աշտարակի շուկան, «Աշտարակ» սուպերմարկետը և հացի գործարանը։ Ընկերությունն այդ տարածքը վարձակալում էր նրա հորից։ Ըստ հրապարակման՝ Սարգիս Շահվերդյանը նաև Քասախի կիրճում գործող «Արևիկ» հանգստյան տան սեփականատերն ու տնօրենն էր։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Աշտարակի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 45,61%-ը։ Մեծամորից հետո սա մասնակցության ամենացածր ցուցանիշն է նոյեմբերի 29-ին ընտրություններ անցկացրած 12 համայնքներում։
Հակոբյանի հրապարակած արդյունքները նախնական են։
Եվգենյա Համբարձումյան

