«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
29.11.2026 | 23:07ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի հաջորդ հատվածում, անդրադարձել է 2031 թվականին պաշտոնից հեռանալու իր խոստմանը, երկրի ինստիտուցիոնալ կայացման անհրաժեշտությանը, ինչպես նաև ընդդիմության այն քննադատությանը, թե սահմանադրական փոփոխություններն ու խաղաղության գործընթացը տեղի են ունենում Ադրբեջանի պարտադրանքով։
Հաղորդավարը նշել է, որ ընդդիմադիրները վարչապետի՝ սահմանադրական հանրաքվեի դրական արդյունքի դեպքում 2031 թվականին հեռանալու խոստումը համեմատում են Սերժ Սարգսյանի՝ ժամանակին տված և չկատարած խոստման հետ։ Արձագանքելով այս համեմատությանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նման խոստման չկատարման հետևանքով տեղի է ունեցել հեղափոխություն, ապա ընդգծել, որ իր և Սերժ Սարգսյանի իրավիճակները սկզբունքորեն տարբեր են։
Փաշինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո ուներ հետագա առաջադրման սահմանադրական սահմանափակում, մինչդեռ ինքը խորհրդարանական կառավարման համակարգում չունի առաջադրվելու որևէ սահմանադրական արգելք ո՛չ 2031 թվականին, ո՛չ էլ հետագա ընտրական փուլերում։ Նրա պնդմամբ՝ նման հայտարարություն անելու իր շարժառիթը երկիրը ճիշտ դիրքավորելն ու «գերանձնավորված» վիճակից դուրս բերելն է․
«Երբ երկիրը դիրքավորված է ճիշտ, էական չէ վարչապետի անձը։ Մեր երկրի պրոբլեմն ի՞նչ է․ որ մենք գերանձնավորված երկիր ենք։ Մեզ պետք է լինել ինստիտուցիոնալ երկիր»։
Անդրադառնալով ընդդիմադիրների այն դիրքորոշմանը, թե սահմանադրական փոփոխություններն ու խաղաղության գործընթացն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պարտադրանքն են, ինչի պատճառով իրենք հրաժարվում են մասնակցել քննարկումներին, Փաշինյանը երկու փաստարկ է ներկայացրել։
Առաջին փաստարկը ներկայացնելիս վարչապետը նշել է, որ հայկական քաղաքական և գրական մտածողության մեջ հաճախ խոսվում է «անարդար աշխարհի» մասին, որի պատճառով երկիրը պարբերաբար տուժում է, սակայն չի դիտարկվում սեփական դիրքավորման հարցը։ Համեմատություն անելով երթևեկության կանոնների հետ՝ Փաշինյանը նշել է, որ կանաչ լույսի տակ հետիոտնային անցումով փողոցը հատելը չի կարելի մեկնաբանել որպես պարտադրանք և շարունակել անցնել հոծ գծերի վրայով։
Երկրորդ փաստարկը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն արձագանքել է խորհրդարանում հնչող «ալիևյան խաղաղություն» ձևակերպմանը՝ նշելով, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել միայն հակամարտության կողմ հանդիսացող երկրի ղեկավարի հետ․
«Մենք ո՞ւմ հետ ենք կոնֆլիկտի մեջ եղել՝ Ադրբեջանի, չէ՞։ Ադրբեջանի նախագահն Ալիևն է, չէ՞։ Ես որ խաղաղության համաձայնագիրը ստորագրեմ, ո՞ւմ հետ եմ ստորագրելու՝ գնամ Ուրուգվայի նախագահի հե՞տ ստորագրեմ։ Այդ խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ հայկական, 50 տոկոսով՝ փաշինյանական»։
Ամփոփելով խոսքը՝ վարչապետը հայտարարել է, որ անհրաժեշտ է ռազմավարական որոշում կայացնել հանուն ճիշտ դիրքավորման, խաղաղության և ինստիտուցիոնալ պետության, որպեսզի հնարավոր լինի ապահովել երկրի և քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

