Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
29.11.2026 | 23:32Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային դիրքավորման, տարածաշրջանային խաղաղության, արտաքին երաշխավորների դերի և պետականության ինստիտուցիոնալացման շուրջ առկա աշխարհայացքային տարաձայնություններին։
Խոսելով ինստիտուցիոնալ երկիր կայացնելու անհրաժեշտության մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ պետությունն ի սկզբանե պետք է լինի ինստիտուցիոնալ։
Անդրադառնալով ընդդիմախոսների այն դիրքորոշմանը, թե սահմանադրական փոփոխություններն ու խաղաղության գործընթացն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պարտադրանքն են, վարչապետը նշել է, որ այդ թեզը շահարկվում է։
Երթևեկության կանոնների օրինակով վարչապետը համեմատություն է անցկացրել՝ նշելով, որ կարելի է երթևեկելի մասում կանգնելու պատճառով վրաերթի ենթարկվել և մեղադրել «անարդար աշխարհին» կամ հասկանալ կանոններն ու փողոցը հատել հետիոտնային անցումով՝ կանաչ լույսի տակ։ Նա նաև արձագանքել է «ալիևյան խաղաղություն» որակմանը՝ ընդգծելով, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է հակամարտության կողմի՝ Ադրբեջանի նախագահի հետ, ուստի այն հավասարապես առնչվում է երկու կողմերին։ Փաշինյանի խոսքով՝ նպատակն է սերնդեսերունդ փոխանցել հարատև պետության հայեցակարգը։
Պետրոս Ղազարյանը ներկայացրել է ընդդիմադիր աշխարհայացքի կողմնակիցների հակափաստարկը․ եթե անգամ Հայաստանը ճիշտ դիրքավորվի, արդյո՞ք դա ինքնաբերաբար կերաշխավորի, որ ուժեղ և ագրեսիվ հարևանները ոտնձգություն չեն անի՝ ելնելով իրենց շահերից։ Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտել է «ավտոմատ» բառը՝ պարզաբանելով, որ ճիշտ դիրքավորվելը ստատիկ վիճակ չէ, այլ մեկնարկային կետ, որից հետո պետք է հետևողական քաղաքականություն վարել և ռազմավարություն իրականացնել։ Մինչդեռ սխալ դիրքավորումը, նրա գնահատմամբ, «ավտոմատ նշանակում է գոյություն ունենալու շանս չունենալ»։
Վարչապետի պնդմամբ՝ նախորդ 30 տարիների ընթացքում ձեռք բերվածը եղել է ինքնիշխանության, բարեկեցության, ժողովրդավարության և երկրի զարգացման հաշվին։
Փաշինյանը ներկայիս քաղաքական գիծը բնորոշել է որպես «հազարամյա նշանակություն ունեցող իրադարձություն»․
«Այն, ինչ մենք առաջարկում ենք, ի վերջո նշանակում է, որ առնվազն 500 տարվա ընդմիջումից հետո մենք, կոպիտ ասած, կադաստրով ունենում ենք մեր պետությունը և մեր հայրենիքը»։
Իր միտքը պարզաբանելու համար նա բերել է «պապենական հողի» մասին քաղաքացիների նամակների օրինակը՝ նշելով, որ առանց սեփականության վկայականի և գույքահարկի վճարման կտրոնների հողի նկատմամբ իրավունքը միայն «պապի տնկած ծառերով» հնարավոր չէ պաշտպանել։ Ըստ նրա՝ նպատակն այնպիսի պետություն ու հայրենիք ունենալն է, որն անառարկելի է իր տարածքային ամբողջականությամբ։
Պետրոս Ղազարյանը ներկայացրել է նաև այլընտրանքային մոտեցումը, ըստ որի՝ Հայաստանն ուժային հարաբերակցությամբ չի կարող մրցել հարևանների հետ և առանց արտաքին երաշխավորի, օրինակ՝ Ռուսաստանի, փաստացի կմնա «Ալիևի բարեհաճության հույսին»։
Արձագանքելով այս թեզին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ի իրադարձությունները և ՀԱՊԿ-ի՝ որպես երաշխավորի դերը, ապա անդրադարձել պատմական օրինակներին․
«Մենք ունեցել ենք այդ երաշխավորը 2022 թվի սեպտեմբերի 13-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Ավելին՝ Սան Ստեֆանոյի պայմանագրից սկսած մենք ունեցել ենք երաշխավորներ։ Եվ մեր ակադեմիական հրատարակություններում գրված գրքերից՝ հրատարակված իմ վարչապետությունից առաջ, հետևությունն այն է, որ այն ժամանակ, երբ մենք ունեցել ենք երաշխավոր, դրա վերջը աղետն է։ 1915 թվականի ցեղասպանությունն էլ է դրա՝ ըստ էության կոմբինացված տարբերակներից մեկը, որ մենք, այսպես ասած, երաշխավորներ ունեինք»։
Խոսելով այն մասին, թե ով կամ ինչը կարող է լինել Հայաստանի իրական երաշխավորը՝ վարչապետը կրկնել է Կառավարության նիստերից մեկում հնչեցրած իր ձևակերպումը՝ հայտարարելով, որ երաշխավորը ՀԴՄ կտրոնն է՝ որպես պետական ինստիտուտների ու պաշտպանունակության հիմք․
«ՀԴՄ կտրոնն է մեր երաշխավորը։ ՀԴՄ կտրոնը։ Որովհետև ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, այնպիսի սահման, այնպիսի ինստիտուտներ, որ մենք ի վիճակի լինենք մեր անվտանգությունն ապահովել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

