ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
Քաղաքականություն
27.11.2026 | 18:00
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8 համայնքապետ դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի դեմ։ Factor TV-ն այս մասին տեղեկանում է «Դատալեքս»-ից։
Հայցվորներն են՝
- Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը,
- Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը,
- Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը,
- Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը,
- Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը,
- Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը,
- Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը,
- Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին՝ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի օրը, Իրինա Յոլյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համայնքապետերը ընկերություններ են հիմնել և պետական բյուջեի միջոցներն օգտագործում են «անորակ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, քննադատելով ընդդիմության պահվածքը խորհրդարանում, նշել էր, որ Յոլյանը փորձել է արդարացնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը՝ իշխանությանը մեղադրելով համակարգային խնդիրների մեջ։
«Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան և պահանջել Ուժեղ Հայաստանի պատգամավորից հերքել հնչեցված կեղծ տեղեկությունները` պահանջելով առավելագույն փոխհատուցում։
Սուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականի»։
Խուդաթյանի այս կոչից հետո ՔՊ-ական համայնքապետերը սկսել էին մեկը մյուսի հետևից հայցեր ներկայացնել դատարան։
Նոյեմբերի 19-ին Իրինա Յոլյանն ԱԺ-ում անդրադարձել էր իր դեմ ներկայացված հայցերին՝ դիմելով նախարարին․ «Ինչպես կասեր երբեմնի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը․ «Պարո՛ն նախարար, դուք կոռումպացված Կառավարության նշանակված անձ եք, ես՝ ընտրված պատգամավոր, և այսուհետ չփորձե՛ք շանտաժի լեզվով խոսել ինձ հետ»»։
Եվգենյա Համբարձումյան

