Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
Քաղաքականություն
27.11.2026 | 20:44
Ռուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը պայմանագիր են ստորագրել Թուրքիա գազի մատակարարումները ևս երեք տարով երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ Ստամբուլում Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի 20-րդ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում, գրում է Անադոլու գործակալությունը։
Նրա խոսքով՝ պայմանագրով պահպանվում են մատակարարումների նախկին պայմաններն ու ծավալները։
ՌԴ փոխվարչապետը նաև հայտնել է, որ ռուսական «ՆՈՎԱՏԷԿ»-ը պայմանագիր է կնքել 2027 թվականի հունվարի 1-ից Թուրքիա հեղուկ բնական գազ (ՀԲԳ) մատակարարելու վերաբերյալ։
««ՆՈՎԱՏԷԿ»-ը նույնպես պայմանագիր է ստորագրել 2027 թվականի հունվարի 1-ից ՀԲԳ մատակարարելու վերաբերյալ։ Առայժմ ծավալները փոքր են, սակայն հետագայում նախատեսվում է ընդլայնել դրանք»,- ասել է նա։
Նովակի խոսքով՝ 2026 թվականի սկզբից Ռուսաստանը Թուրքիա է մատակարարել ավելի քան 20 միլիոն տոննա նավթամթերք, հիմնականում՝ դիզելային վառելիք։ Բացի այդ, Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է այս տարվա դեկտեմբերին։
«Այսօր, իհարկե, կարևորագույն ուղղություններից մեկը Ռուսաստանի աջակցությամբ Թուրքիայում միջուկային էներգետիկայի զարգացումն է։ Ինչպես հայտնի է, իրականացվում է «Աքքույու» ատոմակայանի կառուցման առաջատար նախագիծը։ Աշխատանքներ են ընթանում բոլոր չորս էներգաբլոկներում, և այս տարի՝ արդեն դեկտեմբերին, նախատեսվում է սկսել առաջին բլոկի շահագործումը»,- ասել է Նովակը։
Նա նաև հավելել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումների անվտանգության և լոգիստիկայի հարցերը Ռուսաստանի և Թուրքիայի միջև քննարկումների օրակարգում են ու երկու երկրներն էլ շահագրգռված են այդ մատակարարումներով։
«Մենք քննարկել ենք լոգիստիկայի և անվտանգության հարցերը, այդ ամենը մեր օրակարգում է»,- ասել է նա։
Հավելենք, որ Թուրքիան և Ռուսաստանը նաև վերահաստատել են տարեկան առևտրաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելու նպատակը։ Այդ մասին հայտարարվել է Ստամբուլում, որտեղ Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ստորագրել են համատեղ տնտեսական հանձնաժողովի արձանագրությունը։
Բոլաթի խոսքով՝ երկու երկրների միջև երկկողմ առևտրաշրջանառությունը ներկայում կազմում է տարեկան շուրջ 50 միլիարդ դոլար, որի ամենամեծ բաժինը բաժին է ընկնում էներգակիրներին։
Թուրքիայի առևտրի նախարարը և Նովակը համանախագահել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի՝ Համատեղ տնտեսական հանձնաժողովի (ՀՏՀ) 20-րդ նիստը։ Բանակցություններից հետո նրանք ստորագրել են նիստի արձանագրությունըԲոլաթը նշել է, որ իրենք հավատարիմ են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրած նպատակին՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

