Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
Հասարակություն
27.11.2026 | 15:30
«Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին փոխանցել նրանց հասցեագրված 1254 նամակները իր Ադրբեջան առաջիկա այցի ընթացքում։
«Հոկտեմբերի 1-ին կառավարությանը փոխանցված նամակները, որոնք հավաքվել էին Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությամբ, դեռևս չեն ուղարկվել հայ գերիներին: Բացի դրանից, առ այսօր որևէ պետական մարմին գրավոր պատասխան չի տվել իմ հանրագրին՝ խախտելով օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը:
Քանի որ Սիմոնյանը պլանավորում է այցելել Ադրբեջան առաջիկա օրերին, շատ տեղին ու պահանջված կլինի, որ տեսակցի հայ գերիների հետ: Էլ չասեմ, որ պատեհ առիթ է գերիներին հայրենիք վերադարձնելու համար: Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով գերիների վերադարձը կամ տեսակցությունը չի ստացվում, ապա գոնե կարող է նվազագույն քայլ անել և նշածս 1,254 նամակները հասցնի գերիներին:
Ենթադրում եմ, որ նրա ադրբեջանցի գործընկերները դեմ չեն արտահայտվի նման մարդասիրական քայլի համար:
Նամակների տեղն էլ հուշեմ՝ արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն, որտեղ հանգրվանել են վարչապետի աշխատակազմի փոխանցող գրության միջոցով»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ալեն Սիմանոյանը Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր այցն Ադրբեջան դեկտեմբերի սկիզբ է նախատեսվում։

