Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.11.2026 | 15:02Սահմանադրության նոր նախագիծը մշակվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի շրջանակում, իսկ այժմ հրապարակված տարբերակը հանրային քննարկման փուլում է․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով նախագծի մշակման գործընթացի գաղտնիության վերաբերյալ մտահոգություններին և Դատավորների միության հայտարարությանը, ըստ որի՝ իրենց ներկայացուցիչներին չեն ներգրավել քննարկումներում։
Աննա Կարապետյանի խոսքով՝ Սահմանադրության նախագիծը լրամշակման բազմաթիվ փուլեր է անցել։ Բարեփոխումների խորհրդում ընդգրկված են եղել հասարակական կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչներ։
Անդրադառնալով Դատավորների միության հայտարարությանը՝ փոխնախարարը նշեց, որ միությունը՝ որպես հասարակական կազմակերպություն, կարող է հանրային քննարկումների շրջանակում ներկայացնել իր առաջարկները։
Նրա խոսքով՝ Սահմանադրության նախագծի համար ստեղծվել է առանձին կայք, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ծանոթանալ տեքստին և առաջարկություններ ներկայացնել։ Դրանք հաշվի կառնվեն նախագծի հետագա խմբագրումների ընթացքում։
Անդրադառնալով հարցին, թե ինչու են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները ողջունել Սահմանադրության նոր նախագիծը, և արդյոք դա կարող է դիտարկվել որպես Հայաստանի ներքին գործերին միջամտություն, Աննա Կարապետյանն ասաց, որ նախագիծը վերաբերում է Հայաստանի ներքին օրակարգին, իսկ այլ պետությունների գնահատականները չեն կարող մեկնաբանել։
Փոխնախարարի խոսքով՝ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության հարցը բարձրացվել է դեռևս 2018 թվականից հետո։ Փոփոխությունների նպատակն իշխանության թևերի միջև հավասարակշռություն ապահովելն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

