«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Արևելյան գործընկերության 2026-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել
Հասարակություն
25.11.2026 | 15:07
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության գագաթնաժողովի շրջանակում հայաստանյան «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությանը շնորհվել է Արևելյան գործընկերության 2026 թվականի քաղաքացիական հասարակության հեղինակավոր մրցանակը։ Այս մասին տեղեկացնում է ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը։
Մրցանակակրին ամեն տարի ընտրում է ֆորումի ղեկավար կոմիտեն՝ կարևորելով քաղաքացիական հասարակության հավաքական ուժն ու դերը հասարակությունների ապագայի կերտման գործում։
««Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության անունից մրցանակն ընդունել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Էլինա Խաչատրյանը։
Անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին և Հայաստանի եվրոպական հեռանկարին՝ Էլինա Խաչատրյանն ընդգծել է, որ քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարության աքսեսուար չէ, այլ այն հնարավոր դարձնող հիմնարար նախապայմաններից մեկը։ Նա հավելել է, որ Հայաստանի համար եվրոպական ապագան միայն աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չէ, այլ մի հասարակության կառուցման տեսլական, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքները, հաստատությունները հաշվետու են հանրությանը, իսկ խաղաղությունն ընկալվում է որպես արժանապատիվ և անվտանգ ապրելու հնարավորություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն իր ուղերձում նույնպես շնորհավորել է Եվրաքվեին՝ 2026 թվականի քաղաքացիական հասարակության մրցանակին արժանանալու առթիվ՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը հաջողությամբ համախմբել է Հայաստանի քաղաքացիներին՝ նրանց տալով Հայաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու ուղղակի հնարավորություն, և նրանց անվանել է ոգեշնչման օրինակ։
Հիշեցնենք, որ «Եվրաքվե» նախաձեռնությունը 2024 թվականի սեպտեմբերին մեկնարկել էր քաղաքացիական ստորագրահավաք՝ պահանջելով ընդունել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենք։
Նախաձեռնության հեղինակները՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հավաքել էին շուրջ 60 հազար ստորագրություն, որոնցից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր էր ճանաչել 52 հազար 351-ը՝ օրենքով պահանջվող նվազագույն 50 հազարի փոխարեն։
Նախագիծը 2025 թվականի հունվարին հավանության էր արժանացել կառավարության կողմից, փետրվարի 12-ին՝ առաջին ընթերցմամբ ընդունվել Ազգային ժողովում, իսկ մարտի 26-ին՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 64 կողմ, 7 դեմ ձայներով։
Օրենքն ամրագրում է անդամակցության գործընթացը սկսելու Հայաստանի քաղաքական մտադրությունը։

