ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ էսկալացիայի սպառնալիքի պատճառով
Քաղաքականություն
25.11.2026 | 14:53
Վաշինգտոնը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքի ամբողջ տարածքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին բարձր զգոնություն ցուցաբերել այն բանից հետո, երբ Իրանը հարվածել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտներին, իսկ եմենյան հութիների ուժերը հարված են հասցրել Էր Ռիադի ֆինանսական թաղամասի աշտարակներից մեկին՝ վիրավորելով 11 մարդու, գրում է Euronews-ը։
Իրանում ԱՄՆ-ի վիրտուալ դեսպանատունը՝ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական առցանց հարթակը, չորեքշաբթի անվտանգության նախազգուշացում է տարածել՝ ուղղակիորեն նշելով այդ հարձակումները և զգուշացնելով, որ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել։ Նախազգուշացման մեջ նշվում է, որ Իրանը, հութիները և Թեհրանի հետ կապված այլ խմբավորումներ կարող են թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերն ու քաղաքացիներին, այդ թվում՝ ընկերություններն ու հաստատությունները։
«Որևէ պատճառով մի մեկնեք Իրան։ ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը»,- ասվում է նախազգուշացման մեջ։
Երեքշաբթի հութիները հարված են հասցրել Էր Ռիադի ֆինանսական թաղամասի աշտարակներից մեկին, վիրավորվել է 11 մարդ, հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Բահրեյնի ՆԳՆ-ն էլ հաղորդել է, որ շաբաթ Թեհրանի հարվածների հետևանքով երկու մարդ է վիրավորվել, իսկ «քաղաքացիական արդյունաբերական օբյեկտում» հրդեհ է բռնկվել։
Տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել հետևել ավիաընկերությունների և օդանավակայանների աշխատանքին, ինչպես նաև պատրաստ լինել չվերթների հնարավոր չեղարկմանը և օդային տարածքի փակմանը։ Նախազգուշացման մեջ նաև նշվում է, որ Իրանի ցամաքային սահմանները հատելու կանոնները և նպատակակետ երկրներ մուտք գործելու պայմանները կարող են կարճ ժամանակում փոփոխվել։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվել խուսափել ցույցերից, մարդկանց մեծ կուտակումներից և ոստիկանության ուժեղացված ներկայությամբ տարածքներից, ինչպես նաև զգոնություն պահպանել ԱՄՆ-ի հետ առնչություն ունեցող վայրերում։
Նախազգուշացման համաձայն՝ օդային հարձակումների դեպքում քաղաքացիները պետք է հեռու մնան դռներից, պատուհաններից և բեկորներից, լիցքավորված պահեն բջջային հեռախոսները և հետևեն տեղական իշխանությունների ցուցումներին։ Նրանց նաև առաջարկվել է գրանցվել ԱՄՆ Պետդեպարտամենտի տեղեկատվական համակարգում՝ անվտանգության վերաբերյալ թարմացումներ ստանալու համար։
ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 1980 թվականից ի վեր։ Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիան։ Օգնության կարիք ունեցող քաղաքացիների համար նախազգուշացման մեջ որպես կապի միջոց նշված է Շվեյցարիայի դեսպանատանը գործող ԱՄՆ-ի շահերի բաժինը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

