ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Լուրեր

24.11.2026 | 13:56
Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
24.11.2026 | 13:45
ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
24.11.2026 | 13:36
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.11.2026 | 13:27
Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ
24.11.2026 | 13:19
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը
24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
24.11.2026 | 13:06
Չեմպիոնների լիգայի հանդիպումը կարող է չեղարկվել առյուծի պատճառով
24.11.2026 | 13:02
Երևանում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
Բոլորը

Նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենալու Հայաստանի 12 համայնքներում, 10-ը՝ համամասնական, 2-ը՝ մեծամասնական ընտրակարգով։

Ընտրություններն ընդգրկելու են ՀՀ 7 մարզերը։

Տավուշի մարզ

Նոյեմբերի 29-ին ընտրություններ են նշանակված Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, 3 քաղաքական ուժ է մտել մրցապայքարի մեջ․ «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։

Համայնքը 25 հազար 65 ընտրող ունի։

Նոյեմբերյանն այն համայնքներից է, որը ղեկավարվում է ընդդիմադիր քաղաքական ուժի, այս դեպքում, «Ապրելու երկիր» կուսակցության կողմից։ Ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, որը 2023 թվականի ապրիլից կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է։ Համայնքապետ է ընտրվել 2021-ի դեկտեմբերին։

Դատախազության փոխանցմամբ՝ դեռ Կողբ համայնքը ղեկավարելու տարիներին Աղաբաբյանը պետական միջոցներով կառուցված և վերակառուցված պոմպակայանը 2018-ին շուրջ 200 հազար դրամով օրինականացրել է մասնավոր ընկերության օգտին։ Հետագայում պետությունը նույն գույքը ստիպված է եղել հետ գնել շուրջ 70 մլն դրամով։ Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու/անցնելու համար, և 2026-ի հուլիսին գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

Օգոստոսի 31-ին Աղաբաբյանը ձերբակալվել է, ապա մի քանի ժամ անց ազատ արձակվել՝ երկրից բացակայելու արգելքով։ Ըստ նրա ներկայացրած մանրամասների՝ մեղադրանքը վերաբերում է համայնքին պատկանող մոտ 300 քմ տարածքը առանց գնահատման ամսական 70 հազար դրամով վարձակալության տալուն․ իրավապահների հաշվարկով այն կարող էր վարձակալության տրվել 100 հազարով։

Այս համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Մխիթար Խաչիկյանը, որն աշխատում է «Տրանսգազ» ՍՊԸ-ում, Դիլիջանի գծային շահագործման մասնաճյուղի պետն է։

«Լուսավոր Հայաստան»-ի ընտրական ցուցակը ղեկավարում է Նարեկ Սիրադեղյանը։ Նա «Անփորձանք» ՍՊԸ-ի տնօրենն է, օպերատոր։ Ընկերությունը զբաղվում է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկողությամբ։

Արագածոտնի մարզ

Աշտարակի ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանը։

Վերջինս Աշտարակի քաղաքապետ է ընտրվել դեռևս 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ 27 տարեկանում։ Այդ ժամանակ նա անկուսակցական էր։ Հետագայում՝ 2021 թվականին, քաղաքական պատկանելությունը փոխվել է, և այժմ Շահվերդյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Աշտարակը ունի 59 հազար 515 ընտրող։

«Հետքը» 2016-ին ուսումնասիրել էր Շահվերդյանի հայտարարագիրը և գրել, որ նա ու հայրը՝ Սարգիս Շահվերդյանը, Աշտարակում մի շարք բիզնեսներ ունեն։

Շահվերդյանի պարզաբանմամբ՝ «Ավգոռ» ՍՊԸ-ի գործունեության տարածքում տեղակայված էին Աշտարակի շուկան, «Աշտարակ» սուպերմարկետը և հացի գործարանը։ Այդ տարածքը «Ավգոռը» վարձակալում էր նրա հորից՝ Սարգիս Շահվերդյանից։ «Հետքը» նաև գրել էր, որ Սարգիս Շահվերդյանը Քասախի կիրճում գործող «Արևիկ» հանգստյան տան սեփականատերն ու տնօրենն էր։

Արագածոտնի մյուս համայնքներից Ապարանի ընտրություններին մասնակցում է միայն «Համերաշխություն» դաշինքը, որի կազմում են ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը։

Ապարան համայնքը 2017-ից ղեկավարում է Կարեն Եղիազարյանը, նա էլ գլխավորում է դաշինքի ընտրական ցուցակը։

Համայնքը 18 հազար 854 ընտրող ունի։

Եղիազարյանն անկուսակցական է։ 2021-ի ընտրություններին մասնակցել է «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքով և առաջ է անցել ՔՊ-ի թեկնածու Էդգար Փարվանյանից։

Դաշինքում ներառված են եղել «Արդար Հայաստան» և «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունները։ Առաջինի ղեկավարը իրավաբան Նորայր Նորիկյանն է, երկրորդինը՝ Հրաչյա Ներսիսյանը։

Եղիազարյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, որն այժմ քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։ Դատախազությունը Կարեն Եղիազարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել շուրջ 278.4 մլն դրամի՝ օրինական եկամուտներով չհիմնավորված գույք ու դրամական միջոցներ։

2025-ից դատարանում է քննվում նաև Եղիազարյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ։ Ըստ մեղադրանքի՝ համայնքապետը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը կամ ինքնակամ շինարարությունը կասեցնելու/կանխարգելելու համար օրենքով նախատեսված միջոցներ չի ձեռնարկել։

Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու Արագածոտնի երկու այլ համայնքներում` Մեծաձորում և Արևուտում։

2021-ից Արևուտ համայնքի ղեկավարը Էդիկ Օսեյանն է։ Նա անկուսակցական է։ Այս տարվա ընտրություններին չի մասնակցելու։

Ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել Սերյոժա Չարչոյանը և Սլավիկ Սալոյանը։ Չարչոյանը չի աշխատում, իսկ Սալոյանը Թլիկ գյուղի վարչական ղեկավարն է։

Մեծաձորում գործող համայնքապետ Մրազ Միրոյանի հետ մրցապայքարի մեջ է մտել Ջամալ Սալմոյանը, նա չի աշխատում։

Արևուտն ունի 491 ընտրող, իսկ Մեծաձորը՝ 119։

Արմավիրի մարզ

55 հազար 266 ընտրող ունեցող Մեծամորում 2 քաղաքական ուժ կմասնակցի ընտրություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները։

Գործող համայնքապետ, ՔՊ-ական Էդգար Հովհաննիսյանը ընտրական ցուցակում ընդգրկված է, բայց ցուցակն առաջնորդում է Սարգիս Արշակյանը, որը զբաղեցնում է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

ՀՅԴ-ի ընտրական ցուցակը գլխավորում է Արամայիս Մխիթարյանը, որը համայնքի ավագանու ՀՅԴ խմբակցության ղեկավարն է։

Արմավիրի համայնքներից Բաղրամյանում էլ ընտրություններին մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» և մի շարք այլ համայնքներում ՔՊ-ի հետ դաշինք կազմած «Գործարար» կուսակցությունը։

Բաղրամյան համայնքի ղեկավարն էլ 2021 թվականից Շանթ Առաքելյանն է, նա նույնպես իշխող ՔՊ կուսակցության անդամ է։ Առաջիկա ընտրություններում նա կրկին գլխավորելու է ՔՊ-ի ընտրական ցուցակը։

Առաքելյանի առաջին տեղակալն էլ գլխավորում է «Գործարար» կուսակցության ընտրական ցուցակը։

Գեղարքունիքի մարզ

Սևան համայնքի ընտրություններին 3 քաղաքական ուժ է մասնակցում․ «Միասնական համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, ինչպես նաև «Վստահություն» կուսակցությունների դաշինքը։

Դաշինքում ընդգրկված են Հայաստանի աշխատավորական սոցիալիստական և Ռամկավար ազատական կուսակցությունները։

Համայնքն ունի 32 հազար 791 ընտրող։

2016-ից Սևանը ղեկավարը Սարգիս Մուրադյանն է, անկուսակցական։ Նոյեմբերի 29-ի ընտրություններին նա գլխավորելու է «Վստահություն» դաշինք ընտրական ցուցակը։

Հայաստանի համայնքների միության ներկայիս էջում նրա կուսակցական պատկանելությունը դեռ նշված է որպես ՀՀԿ անդամ։ Մուրադյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում որևէ կուսակցության անդամակցելու վերաբերյալ տվյալներ լրացված չեն։

2021-ի ընտրություններում ՔՊ-ն առանձին չէր մասնակցում Սևանի ընտրությունների և հրապարակայնորեն աջակցում էր Մուրադյանի դաշինքին, թեև Մուրադյանը նախկինում և պաշտոնական որոշ աղբյուրներում շարունակում էր ներկայացվել որպես ՀՀԿ անդամ։

Այս ընտրություններին ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Գեղարքունիքի մարզպետի արդեն նախկին օգնական Սուրեն Գրիգորյանը, որը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 2-ից՝ անձնական դիմումի համաձայն։

«Միասնական համայնք»-ի ընտրական ցուցակը գլխավորում է Վահրամ Գևորգյանը։ Նա «Բոբքեթ» ՍՊ ընկերության տնօրենն է։

Սյունիքի մարզ

Կապան համայնքում ընտրություններին մասնակցել է 3 քաղաքական ուժ․ «Շանթ դաշինք», «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

2026 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ՝ համայնքն ունի 33 հազար 340 ընտրող։

Գևորգ Փարսյանն առաջին անգամ Կապանի համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է 2018 թ. հոկտեմբերի 21-ի ՏԻՄ արտահերթ ընտրություններին` որպես անկուսակցական թեկնածու։ Նրա հիմնական մրցակիցը ՔՊ-ի ներկայացուցիչ Նարեկ Բաբայանն էր։

Ըստ ընտրությունների արդյունքների՝ Փարսյանը ստացել էր մոտ 54.4% և ընտրվել համայնքի ղեկավար։ ՔՊ թեկնածուն պարտվել էր։

2021-ի նոյեմբերի 14-ի ընտրություններին արդեն կիրառվում էր համամասնական ընտրակարգ։ Փարսյանը գլխավորում էր «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակը և հաղթեց նաև այդ ընտրություններում։

Այս տարի նույնպես Փարսյանը Կապանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է «Շանթ դաշինք»-ի ընտրական ցուցակով։

Նրա ընտանիքի հետ է կապված «Կապանի Նորոգշին» ՍՊԸ-ն։ Ինքը Փարսյանը 2024-ին հրապարակային պարզաբանման մեջ նշել է, որ ընկերության 100% բաժնետերը իր հայր Ռազմիկ Փարսյանն է, իսկ տնօրենը եղբայրն է՝ Գրիգոր Փարսյանը։

2024-ին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ իրավապահները Կապանի համայնքապետարանից առգրավել են գնումների և սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ փաստաթղթեր։ Փարսյանը հաստատել էր, որ իրեն ներկայացվել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշում, և որ այն վերաբերում էր հրապարակային սակարկությունների կամ գնումների ընթացքում ենթադրյալ չարաշահումներին։ Նրա խոսքով՝ առգրավված փաստաթղթերը վերաբերում էին հատկապես «Կապանի Նորոգշինի» մասնակցությամբ գնումներին։

Միաժամանակ, Փարսյանը այդ գործընթացները կապել էր իր քաղաքական գործունեության հետ և դրանք բնութագրել որպես ճնշում։

Փարսյանի պաշտոնավարման ընթացքում Կապանի համայնքապետարանը բավական սերտ համագործակցություն է ունեցել տարածաշրջանի հանքարդյունաբերական ընկերությունների, հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ։

Այս ընթացքում ԶՊՄԿ-ն ֆինանսապես մասնակցել է Կապանի համայնքային և սուբվենցիոն մի շարք ծրագրերի։ Օրինակ՝ Սյունիք բնակավայրի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրում համայնքի համաֆինանսավորման մասնաբաժինը վճարել է ԶՊՄԿ-ն։

Նույն ձևաչափով ընկերությունը մասնակցել է Սզնակ և Դիցմայրի գյուղերի խմելու ջրագծերի կառուցմանը․ ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 250 մլն դրամ էր, իսկ համայնքի մասնաբաժնի համաֆինանսավորողը՝ ԶՊՄԿ-ն։

Նախատեսվել են նաև արևային պանելների ու ջրատաքացուցիչների տեղադրման սոցիալական ծրագրեր գյուղական բնակավայրերում։ Այս տվյալները ներկայացրել է հենց Գևորգ Փարսյանը 2024-ի՝ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման ծրագրի հանրային քննարկման ժամանակ։

Կապանի համայնքապետարանի և ԶՊՄԿ-ի համագործակցության առավել խոշոր օրինակներից մեկը համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման ծրագիրն է։ 2024 թվականից իրականացվող ծրագրին կոմբինատը ընդհանուր 301 մլն դրամ է հատկացրել․ այդ գումարից 195 մլն դրամը ուղղվել է համայնքի համաֆինանսավորման մասնաբաժինը ապահովելուն, իսկ ևս 106 մլն դրամը՝ վերանորոգված շենքի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը։

ԶԼՄ-ները գրել էին նաև, որ Փարսյանը նախկինում դատապարտված է եղել։ 2018-ի հարցազրույցում նա ասել էր, որ իրավական առումով գործող դատվածություն չունի, քանի որ այն մարված է, և նշել էր, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 15 տարի առաջ և կապված է եղել անձնական կոնֆլիկտի հետ։

Կապանի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է գործազուրկ Տիգրան Աղասյանը։ Հաշվետու ժամանակաշրջանում, 2025-ի նոյեմբերի 1-ից մինչև 2026-ի նոյեմբերի 1-ը 5,8 միլիոն դրամի եկամուտ է հայտարարագրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեից։

ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է Նարեկ Բաբայանը, որը նախկինում զբաղեցրել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը։

2018-ի արտահերթ ընտրություններում, ինչպես նշեցինք, Բաբայանը «Իմ քայլը» դաշինքով առաջադրվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնում, սակայն պարտվել էր։

Բացի քաղաքապետի ընտրություններից՝ Բաբայանը երկու անգամ մասնակցել է Կապանի ավագանու ընտրություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ելք» դաշինքի ցուցակներով։

2022 թվականի փետրվարի 18-ին Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ։ Նա ՀՀ կառավարության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի լիազոր ներկայացուցիչն է։ ՀՀ-ն 2022-ից տիրապետում է կոմբինատի 21,8% բաժնեմասը։

Ինչպես նշված է թեկնածուի՝ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում, մեկ տարվա ընթացքում ԶՊՄԿ-ից Բաբայանը 72 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել, ամսական՝ 6 միլիոն դրամ՝ հարկերը ներառյալ։

Շիրակի մարզ

Շիրակում ՏԻՄ ընտրություններ լինելու են 2 համայնքներում` Ամասիա և Աշոցք։

Ամասիան 5751 ընտրող ունի։

Համայնքի ընտրություններին 2 ուժ է մասնակցում․ «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները։

«Բարոյական արժեքներ»-ի ընտրական ցուցակը գլխավորում է Սամվել Ղարիբյանը։ Կուսակցության և ոչ մի ներկայացուցիչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում չի տեղադրել իր հայտարարագիրը։

Համայնքը 2016 թվականից ղեկավարում է Ջեմմա Հարությունյանը։ Նա այս տարի ընտրություններին մասնակցում է ՔՊ-ի ցուցակով, ավելի վաղ հայտնել էր, որ կուսակցությանը անդամակցելու դիմում է ներկայացրել։

76-ամյա համայնքապետը 2017 թվականի ԱԺ ընտրություններում ընդգրկված է եղել ՀՀԿ-ի համապետական ցուցակում՝ 181-րդ համարով։ Նա առաջադրված էր նաև Շիրակի թիվ 11 տարածքային ընտրական ցուցակով։

2021-ի ՏԻՄ ընտրություններին Հարությունյանը մասնակցել է ոչ թե ՀՀԿ-ից, այլ գլխավորել է «Ամասիա-Արփի» դաշինքը, որը կազմված էր «Ազատություն» և «Համերաշխություն» կուսակցություններից։

Նույն «Համերաշխություն» կուսակցությունն առաջիկա ընտրություններին ընդառաջ Արմավիրում դաշինք էր կազմել «Առաջ» աջակենտրոն կուսակցության հետ, որի ղեկավար Սևակ Խաչատրյանն այժմ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայատան» խմբակցության պատգամավոր է։

Աշոցք համայնքում էլ ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Համայնքը 8900 ընտրող ունի։

ՔՊ-ի ցուցակը կրկին գլխավորում է Կարեն Մանուկյանը, որը համայնքը ղեկավարում է 2018 թվականից։

Մանուկյանը համայնքի ղեկավարի պաշտոնը սկզբում ստանձնել է նշանակմամբ։ 2018 թվականի նոյեմբերին, երբ Աշոցքի այն ժամանակվա համայնքապետ Արթուր Ալոյանը հրաժարական տվեց, Մանուկյանը նշանակվեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ այդ նա Աշոցքում ՔՊ-ի համակարգողն էր։

Մամուլում հրապարակումներ են եղել նաև այն մասին, որ Մանուկյանը Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի մտերիմ ընկերն է։

Լոռու մարզ

Լոռիում նոյեմբերին ՏԻՄ ընտրություններ կլինեն միայն Սպիտակում, որտեղ 3 քաղաքական ուժ է մտել ընտրապայքարի մեջ․ «Բարոյական արժեքներ», «Ուժեղ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացությունները։

Համայնքը 30 հազար 662 ընտրող ունի։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու է միայն այս համայնքում։

Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է 32-ամյա Արման Ավետիսյանը, որը, ըստ ներկայացրած հայտարարագրի, չի աշխատում, սակայն հայտարարագրել է բազմաթիվ անշարժ գույքեր Երևանում, Սպիտակում, Գյումրիում և Վանաձորում։

Ավետիսյանը հայտարարագրել է նաև շուրջ 32,7 միլիոն դրամ, 30 հազար դոլար, 750 հազար ռուբլի և 13 հազար 919 եվրո։

ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։ Ցուցակում ընդգրկված է նաև նրա որդին՝ Գոռ Նիկողոսյանը։

Նրա վերաբերյալ ընտրություններին ընդառաջ Սպիտակում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպք է հայտնվել «Անկախ դիտորդ» դաշինքի ուշադրության կենտրոնում։ Նիկողոսյանն աշխատանքից ազատել է համայնքապետարանի չորս աշխատակցի՝ իր տեղակալին և երեք բնակավայրերի վարչական ղեկավարներին, որոնք առաջադրված են մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով։

Միաժամանակ, մյուս վարչական ղեկավարներին շրջաբերական է ուղարկել՝ պահանջելով նպատակային արձակուրդի դիմումներ չներկայացնել։

«Անկախ դիտորդ» դաշինքի գնահատմամբ՝ աշխատանքից ազատումները պատշաճ հիմնավորում չեն ունեցել և կարող են մյուս աշխատակիցներին հետ պահել իրենց քաղաքական նախապատվություններն ազատ արտահայտելուց՝ առավելություն տալով ՔՊ-ին։ Դաշինքը կոչ է արել արձանագրել վարչական ռեսուրսի չարաշահումը և դիմել դատարան։

Դեպքի առնչությամբ թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վարչական վարույթ է նախաձեռնել։ Նոյեմբերի 12-ին հանձնաժողովը լսել է կողմերին, իսկ նոյեմբերի 13-ին որոշել Նիկողոսյանին ընտրական ցուցակից հանելու հարցով դատարան դիմել։

ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված են նաև Սպիտակի մի շարք մանկապարտեզների ղեկավարներ, որոնցից մի քանիսի նշանակումների ընթացքում Կրթության տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել։

Մասնավորապես, ցուցակի 60-րդ հորիզոնականում է Կաթնաջուրի մանկապարտեզը շուրջ երեք տարի առանց պարտադիր հավաստագրի ղեկավարող Հերմինե Նիկողոսյանը։

Ցուցակում 54-րդը Շենավանի «Արեգակ» մանկապարտեզի տնօրեն Արփինե Պետրոսյանն է, որի՝ առանց հավաստագրի ժամանակավոր նշանակումների ընթացքում նույնպես խախտումներ են արձանագրվել։

ՔՊ-ի ցուցակի երրորդ տեղում Սպիտակի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Վանուհի Միրզոյանն է, իսկ 63-րդում՝ Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզի տնօրեն Նվարդ Սիրունյանը։ Երկուսն էլ պաշտոնի են նշանակվել մրցույթներից հետո, որոնցում հաղթող էր ճանաչվել նաև Մարինե Գալստյանը։ Վերջինս, թեև հաղթել է չորս մրցույթում, ոչ մի անգամ տնօրեն չի նշանակվել։

ՔՊ-ի ցուցակում է նաև Արևաշողի «Հասմիկ» մանկապարտեզի տնօրեն Էդվինա Խաչատրյանը, որի նշանակման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել։

Factor TV-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սպիտակի մանկապարտեզներում առանց անհրաժեշտ հավաստագրերի նշանակումների վերաբերյալ Կրթության տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են միայն մասամբ։ Տեսչական մարմինն ուսումնասիրության նյութերը փոխանցել է նաև Հակակոռուպցիոն կոմիտե։

 

Եվգենյա Համբարձումյան