Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
Քաղաքականություն
23.11.2026 | 21:29
Ստամբուլում կիրակի մի քանի հազար մարդ երթով անցել է փողոցներով՝ բողոքելով ընդդիմության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումների դեմ, գրում է France 24-ը։
Բողոքի ակցիան նախաձեռնել էր գլխավոր ընդդիմադիր «Yeni Parti»-ին՝ Sozcu TV-ի գրասենյակ ոստիկանության ներխուժումից մի քանի օր անց։ Ոստիկանությունը հեռուստաալիքի նկատմամբ պետական հոգաբարձու էր նշանակել և ձերբակալել դրա ղեկավար կազմի մի քանի անդամների։
Վերջին մեկ տարվա ընթացքում սա երրորդ նման դեպքն է․ ավելի վաղ նման քայլեր էին ձեռնարկվել Tele1-ի, Halk TV-ի՝ Թուրքիայի ամենադիտվող լրատվական հեռուստաալիքի, ինչպես նաև առաջատար թվային լրատվական կայքէջի՝ T24-ի նկատմամբ։
Վերջին տասնամյակի ընթացքում մամուլի ազատությունը շարունակական ճնշման է ենթարկվել՝ քրեական հետապնդումների, թվային գրաքննության և լրագրողներին «կեղծ լուրեր» տարածելու մեջ մեղադրող կառավարության հայտարարությունների միջոցով։ Սա քննադատության է արժանացել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում գործող իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։
«Մենք ցանկանում ենք մտքի ազատություն, մամուլի ազատություն և լրագրողների ազատություն» գրությամբ մեծ պաստառ պարզած՝ ցուցարարները երթով անցել են Բեշիքթաշ թաղամասով՝ վանկարկելով, ծափահարելով և սուլելով, հաղորդել է AFP-ի լրագրողը։ Երբ ցուցարարները հասել են Բոսֆորի ափերին, նրանցից մի քանիսը մտահոգություն են հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կառավարության հասցեին քննադատական ձայների արտահայտման հնարավորությունների սահմանափակման կապակցությամբ։
«Մեր մամուլը լռեցվել է, ընդդիմության բոլոր հեռուստաալիքները՝ նույնպես»,- AFP TV-ի հետ զրույցում ասել է 64-ամյա ցուցարար Թունայը։
Մեկ այլ ցուցարար՝ նույնպես 64-ամյա Քյոքսալը, համաձայնել է, որ Թուրքիայի որդեգրած ուղին «լավը չէ»։
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ բոլոր ժողովրդավարական իրավունքները վերացել են: Ժողովրդավարական արժեքներին հավատարիմ բոլոր լրագրողներին և ընդդիմադիր հեռուստաալիքներին փակում են, զրկում հեռարձակման հնարավորությունից։ Բայց նրանք փակում են նաև սոցիալական ցանցերը՝ դրանց բոլոր արդյունավետ հարթակները»,- ասել է նա։
Վերջին երկու ամիսների ընթացքում Թուրքիայում ձերբակալվել են մի քանի լրագրողներ՝ կապված բազմամիլիարդանոց ներդրումային հիմնադրամի շուրջ սկանդալի լուսաբանման հետ։ Նրանցից առնվազն երկուսը շարունակում են մնալ նախնական կալանքի տակ։
Լրատվամիջոցների իրավունքներով զբաղվող MLSA կազմակերպության տվյալներով՝ ներկայում Թուրքիայում բանտարկված է 25 լրագրող։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

