«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
Քաղաքականություն
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի գործարար Արթուր Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է ներկայացրել հայտարարագիր, որում գույք, դրամական միջոցներ և եկամուտներ չի հայտարարագրել։
51-ամյա Հարությունյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա չի աշխատում և բնակվում է Աբովյան քաղաքում։ Հայտարարագրում նշված չեն անշարժ կամ շարժական գույք, թանկարժեք իրեր, դրամական միջոցներ կամ եկամուտներ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Աբովյան համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցելու է չորս քաղաքական ուժ՝ «Գործարար», «Քաղաքացիական պայմանագիր», «Քրիստոնեա-ժողովրդավարական» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։
Արթուր Հարությունյանը գլխավորում է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ընտրական ցուցակը։
Աբովյանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Հարությունյանը հայտարարել էր հոկտեմբերի 2-ին՝ իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։
Նա նախկինում ևս հավակնել է Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնին։ 2015 թվականին մասնակցել է համայնքապետի ընտրություններին, սակայն պարտվել է։
Արթուր Հարությունյանը գործարար Գագիկ Ծառուկյանի սանիկն է։ Նախկինում նա եղել է Ծառուկյանի մերձավոր շրջապատից, սակայն հետագայում նրանց հարաբերություններում սուր հակասություններ են առաջացել։
Եվգենյա Համբարձումյան

