Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին
Քաղաքականություն
19.11.2026 | 12:30Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Լենա Մաթևոսյանը քննադատեց կառավարության բյուջետային առաջնահերթությունները՝ նշելով, որ միլիոնավոր դոլարներ են ծախսվում «Վարչաֆեստի», «Ֆեստիվառի» և հեծանվավազքի կազմակերպման վրա, մինչդեռ միջազգային օլիմպիադաների մեկնող երեխաների համար բավարար ֆինանսավորում չի հատկացվում։
Պատգամավորը հեգնանքով անդրադարձավ նաև վարչապետի մասնակցությամբ միջոցառումներին՝ հայտարարելով․ «Ինչպես մի շարք ոլորտներում, այս ոլորտում էլ հիանալի ռազմավարություն եք որդեգրել, տիկի՛ն Անդրեասյան․ այո՛, համայնքում բնակվող երեխան կգնա, կտեսնի, թե վարչապետը ինչպես է թմբուկ խփում, կխթանվի մարզվելու և, չգիտեմ, լողի գնալու ցանկությունը»։
Մաթևոսյանը խոսեց նաև, իր գնահատմամբ, նախարարության կողմից դրսևորվող խտրական վերաբերմունքի մասին՝ պնդելով, որ քաղաքական հայացքների պատճառով որոշ ֆուտբոլային ակումբներ զրկվում են մարզվելու հնարավորությունից։
«Այդ ձեր խտրական վերաբերմունքը բոլոր տեղերում է գործում․ ֆուտբոլային ակումբի սեփականատերը ընդդիմադի՞ր է, կարելի է դաշտից զրկել, պարապելու հնարավորություն չտալ, որովհետև ընդդիմադիր է»,- ասաց պատգամավորը։
Արձագանքելով քննադատություններին՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կառավարության իրականացրած մշակութային և մարզական ծրագրերն ուղղված են քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանն ու մշակութային կյանքի հասանելիության ապահովմանը։
Նախարարը խոսեց նաև բազմաչափ աղքատության և ընտրակաշառքների միջև կապի մասին՝ հայտարարելով․ «Գիտե՞ք, օրինակ, որ մշակութային կյանքի հասանելիության պակասը առաջ է բերում բազմաչափ աղքատություն։ Եվ բազմաչափ աղքատությունը քաղաքացիների մոտ ոչնչացնում է սեփական ձայնի կարևորության գիտակցումը՝ այն ձայնի, որը հետո հեշտությամբ տարիներ շարունակ ընտրություններում գնվել է»։
Անդրեասյանն անդրադարձավ նաև Tour de Armenia հեծանվավազքի կազմակերպմանը։ Նա նշեց, որ միջոցառման շնորհիվ Հայաստանի ավելի քան 500 կիլոմետր տարածքը ցուցադրվել է միջազգային հարթակներում, ինչը, նախարարի գնահատմամբ, երկրի ճանաչելիության բարձրացման և զբոսաշրջության զարգացման կարևոր հնարավորություն է։
Անդրադառնալով Լենա Մաթևոսյանի՝ լողի վերաբերյալ հեգնական դիտարկմանը՝ Ժաննա Անդրեասյանը քննադատեց նախկինում մարզական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Նա ասաց, որ Հայաստանում կան մարզեր, որտեղ նույնիսկ մեկ լողավազան չկա, ինչի պատճառով երեխաների համար լողով զբաղվելու հնարավորությունները սահմանափակ են։
«Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, որ այսօր մարզեր ունենք՝ մի հատ լողավազան չունեն։ Լողի մրցույթ ենք անում, ամբողջ հանրապետությունում 1000 երեխա է կարողանում լողալ, որովհետև լողավազան չեք թողել, ու գալիս եք մի հատ էլ հեգնում եք, որ մասնավորին ֆինանսավորում ենք, որ մեր երեխաները լողով զբաղվեն․ ապշեցուցիչ է Ձեր տրամաբանությունը»,- հայտարարեց ԿԳՄՍ նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

