Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մշակույթ
19.11.2026 | 11:51Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց առաջիկա տարիներին նախատեսվող կրթական, մարզական և մշակութային խոշոր ծրագրերի մասին։
Անդրադառնալով մշակութային խոշոր միջոցառումներին՝ Անդրեասյանն ասաց, որ Հայաստանը նախատեսում է հյուրընկալել համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն երկու կատարողի։ Նրա խոսքով՝ համերգների կազմակերպման համար արդեն մրցույթ է հայտարարվել։
Նախարարը նշեց, որ միջազգային միջոցառումների կազմակերպման համար նախատեսվում է հատկացնել ավելի քան 5 միլիարդ դրամ։ Անդրեասյանի խոսքով՝ նման միջոցառումները կարևոր են Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացման, զբոսաշրջության զարգացման և տնտեսության վրա դրական ազդեցություն ունենալու տեսանկյունից։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին։ Նա ասաց, որ նախատեսվում է շուրջ 50 երկրից ավելի քան 4000 մասնակցի ներկայություն։ Նախարարը նաև նշեց, որ Հայաստանում կանցկացվեն աշխարհի և Եվրոպայի վեց խոշոր առաջնություններ։
Խոսելով Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին՝ Անդրեասյանն ասաց, որ ամբողջությամբ վերականգնվում և միջազգային չափանիշներին է համապատասխանեցվում «Հրազդան» ստադիոնի աթլետիկական ենթակառուցվածքը։
Նախարարն անդրադարձավ նաև մարզական ենթակառուցվածքների զարգացմանը։ Նա ասաց, որ նախատեսվում է Վանաձորում կառուցել ավելի քան 10 հազար հանդիսական տեղավորող ստադիոն, նոր ստադիոն՝ Իջևանում, ինչպես նաև արդիականացնել Կապանի ստադիոնը։
Անդրեասյանը նշեց, որ այս ծրագրերը ֆուտբոլի զարգացման նոր հնարավորություններ կստեղծեն, այդ թվում՝ 2029 թվականին աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը հյուրընկալելու համար։
Խոսելով կրթական ենթակառուցվածքներից՝ նախարարը հայտնեց, որ Ակադեմիական քաղաքում մեկնարկում է 3600 ուսանողական կացարանների կառուցումը։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաև պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը։ Նա ասաց, որ այդ նպատակով հատկացվող բյուջեն 213 միլիոն դրամից ավելացել է՝ հասնելով 1 միլիարդ 790 միլիոն դրամի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

