Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
Քաղաքականություն
19.11.2026 | 10:33
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպումը տևել է մոտ 40 րոպե, գրում է Meduza-ն։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկված են եղել պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Հանդիպման սկզբում Թրամփը Պուտինին անվանել է իր ընկերը։
«Մենք վաղուց հիանալի հարաբերություններ ունենք, միմյանց ճանաչում ենք միմյանց երկար տարիներ։ Կարծում եմ՝ այս հանդիպման արդյունքում շատ լավ բաներ կարող են տեղի ունենալ կամ առնվազն սկիզբ առնել»,- ասել է նա։
Պուտինը հայտարարություններ չի արել։
Հանդիպման ավարտից հետո երկու նախագահներն էլ հրաժարվել են մեկնաբանություններից։
Իր հերթին, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը լավ է անցել։
«Լավ հանդիպում էր»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ երկու երկրների առաջնորդների զրույցը նախապատրաստական բնույթ էր կրում՝ ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի եռակողմ գագաթնաժողովին ընդառաջ։
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի հարցը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների երկկողմ հանդիպման հիմնական թեմաներից մեկն է եղել։
«Քննարկել են եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերություններին առնչվող որոշ խնդիրներ։ Բնականաբար, անդրադարձել ենք նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերին»,- նշել է Ուշակովը՝ հավելելով, որ երկու նախագահների հանդիպումը տևել է 35-40 րոպե։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

