Եվրահանձնաժողովն առաջարկել է 45 միլիարդ եվրոյի նոր վարկ տրամադրել Ուկրաինային
Քաղաքականություն
18.11.2026 | 19:36
Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերի 18-ին ընդունել է օրենսդրական առաջարկների փաթեթ՝ 2027 թվականին Ուկրաինային մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Այդ գումարը նախատեսվում է հատկացնել ի լրումն 90 միլիարդ եվրոյի վարկի շրջանակում նախատեսված 45 միլիարդ եվրոյի։ Այս մասին Բրյուսելում Европейская правда-ի թղթակցին հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային տրամադրել լրացուցիչ 45 միլիարդ եվրոյի վարկ, որից 25 միլիարդ եվրոն կհատկացվի ռազմական օգնությանը, իսկ 20 միլիարդը՝ բյուջետային աջակցության համար։
«Այսօր Եվրոպական հանձնաժողովն ընդունել է օրենսդրական առաջարկների փաթեթ՝ 2027 թվականին Ուկրաինային մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ հաջորդ տարվա համար երկրի ֆինանսավորման պակասուրդը ծածկելուն օգնելու նպատակով։ Այդ պակասուրդը գնահատվում է 70 միլիարդ եվրո։ Այս առաջարկները լրացնում են 2026 և 2027 թվականների համար նախատեսված՝ Ուկրաինային աջակցելու 90 միլիարդ եվրոյի չափով ԵՄ վարկը (Ukraine Support Loan) և վերահաստատում են Միության անփոփոխ հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային Ռուսաստանի շարունակվող զավթողական պատերազմի պայմաններում», -հայտնել են Եվրահանձնաժողովից։
Մասնավորապես, առաջարկվում է ստեղծել Ուկրաինային համակարգված աջակցության գործիք (Instrument for Coordinated Support to Ukraine), որը նախատեսում է մինչև 45 միլիարդ եվրոյի նոր վարկի տրամադրում՝ կապիտալի շուկաներում փոխառությունների ներգրավման միջոցով։
«Առաջարկվող 45 միլիարդ եվրոյի աջակցությունը կտրամադրվի սահմանափակ հետադարձ պահանջի իրավունքով վարկի (limited-recourse loan) ձևով։ Սա նշանակում է, որ Ուկրաինան պարտավոր կլինի մարել վարկի մայր գումարը միայն Ռուսաստանից ռազմատուգանքներ ստանալուց հետո», — ընդգծել են Եվրահանձնաժողովում։
Բյուջետային աջակցության տրամադրումը կախված կլինի Ուկրաինայի կողմից բարեփոխումների իրականացումից, մասնավորապես՝ օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Դրանք կարևոր նշանակություն ունեն «Հիմնարար սկզբունքներ» կլաստերի (Fundamentals Cluster) շրջանակում միջանկյալ վերահսկողական ցուցանիշների կատարման համար։
Եվրոպական հանձնաժողովի առաջարկը պետք է քննարկվի նոյեմբերի 26–27-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական խորհրդի արտահերթ գագաթնաժողովում։
Եթե ԵՄ առաջնորդները հավանություն տան առաջարկին, հաջորդ քայլը կլինի բազմամյա ֆինանսական շրջանակի գործող կանոնակարգում փոփոխություններ կատարելու ընթացակարգի իրականացումը։ Այդ փոփոխությունները հնարավորություն կտան ԵՄ բյուջեն օգտագործել որպես նոր վարկի երաշխիք։ Դրանք նույնպես պետք է հաստատվեն Եվրոպական խորհրդարանի կողմից։
Հավելենք, որ հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում ԵՄ անդամ պետությունների առաջնորդներին հայտնել էր, որ 2027 թվականին Ուկրաինային անհրաժեշտ է միջազգային գործընկերների կողմից առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական օգնություն։
Գագաթնաժողովի արդյունքներով՝ Եվրոպական խորհուրդը Եվրահանձնաժողովին հանձնարարել էր առաջարկներ մշակել այդ ֆինանսական կարիքները հոգալու վերաբերյալ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

