Մոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ ռուսական ԱԹՍ-ների կողմից երկրի օդային տարածքի խախտման համար
Քաղաքականություն
18.11.2026 | 15:39
Մոլդովայի ԱԳՆ-ն Քիշնևում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովին բողոքի նոտա է հանձնել՝ երկրի օդային տարածքը ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից բազմիցս խախտելու կապակցությամբ, փոխանցում է Current time-ը։
Գերատեսչության տվյալներով՝ 2026 թվականի նոյեմբերի 17-ին յոթ անօդաչու թռչող սարք է թռել Մոլդովայի տարածքով, այդ թվում՝ Քիշնևի վրայով, իսկ դրանցից վեցն ընկել են։
«ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտում է այդ գործողությունները, որոնք խախտում են Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունը և սպառնում մարդկանց կյանքին ու անվտանգությանը»,- հայտարարել են Քիշնևում՝ կոչ անելով Ռուսաստանին «դադարեցնել այդ գործողությունները և հարգել երկրի օդային տարածքն ու սահմանները»։
Մոլդովայի օդային տարածքով մի քանի անօդաչու թռչող սարքերի թռիչքի մասին նախօրեին գրել էին տեղական լրատվամիջոցները։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ անօդաչու սարքերն ընկել են Կելտուիտոր, Պոգորնիչեն, Պոգրեբեն, Կուխուրեշտիի դե Ժոս, Բեկսան և Նասլավչա բնակավայրերի մերձակայքում։ Մոլդովայի իշխանությունները փակել էին երկրի օդային տարածքը, ինչպես նաև ժամանակավորապես դադարեցրել Ուկրաինայի հետ սահմանին գործող վեց անցակետերի աշխատանքը։
Ուկրաինայի սահմանին մոտ՝ Նասլավչիի մերձակայքում, հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի բեկորներ, որոնք ցրվել էին 25 մետր շառավղով։ Ոստիկանությունը պարզել է, որ դա ռուսական «Գերբերա 2» անօդաչու թռչող սարք է։
Միաժամանակ, Մոլդովայի ԱԳՆ այցելությունից հետո Օլեգ Օզերովը հայտարարել է, որ «դեռևս ոչ ոք որևէ անգամ չի ապացուցել, որ դրանք ռուսական անօդաչուներ են», ինչպես նաև պնդել է, թե դրանք «նպատակաուղղված են հայտնվել» Մոլդովայի տարածքում։
2025 թվականի փետրվարին Մոլդովայի ԱԳՆ-ում Օզերովին ցուցադրել էին երկրի տարածքում ընկած ռուսական անօդաչու թռչող սարքի բեկորները։ Դրանից հետո Քիշնևը փակել էր Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

