Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր

Լուրեր

17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
Բոլորը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է վիրավորանքի համար սահմանել նվազագույնը 1 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ 2 մլն դրամ փոխհատուցում։ Համապատասխան փոփոխությունները նախատեսված են նախարարության մշակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով։

Գործող օրենսդրությամբ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատարանից պահանջել մինչև 3 մլն դրամ, իսկ զրպարտության դեպքում՝ մինչև 6 մլն դրամ փոխհատուցում։ Նվազագույն դրամական շեմեր ներկայում սահմանված չեն։

Նախագծով առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել 1-3 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ 2-6 մլն դրամ փոխհատուցման սահմաններ։

Փոփոխություններ են նախատեսվում նաև մարդու հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման չափերում։

Մասնավորապես, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման դեպքում առաջարկվում է սահմանել 3-8 մլն դրամ փոխհատուցում, իսկ այլ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման դեպքում՝ 1-4 մլն դրամ։

Առանձին կարգավորում է նախատեսվում խոշտանգման հետևանքով պատճառված վնասի համար։ Նախագծով առաջարկվում է սահմանել նվազագույնը 4 մլն դրամ փոխհատուցում՝ առանց առավելագույն շեմի։ Այսինքն՝ դատարանը, հաշվի առնելով խոշտանգման ծանրությունն ու հետևանքները, հնարավորություն կունենա նշանակելու նաև ավելի մեծ փոխհատուցում։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների նպատակն է ապահովել պատճառված վնասի ծանրությանը համարժեք հատուցում և բարձրացնել քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը։

Միաժամանակ, Արդարադատության նախարարությունն ընդգծում է, որ նվազագույն շեմերի սահմանումը չի նշանակում, թե վիրավորանքի կամ զրպարտության յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտադիր դրամական փոխհատուցում պետք է նշանակի։

Որպես առաջնահերթ միջոցներ կարող են կիրառվել հերքումը, հրապարակային ներողությունը կամ դատական ակտի հրապարակումը։ Դրամական փոխհատուցումը նախատեսվում է այն դեպքերի համար, երբ դատարանը մյուս միջոցները բավարար չի համարի պատճառված վնասը հատուցելու համար։

Նախագծով նախատեսվում է նոր կարգավորումները կիրառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված իրավախախտումների նկատմամբ։

Ըստ հիմնավորման՝ փոփոխությունների ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Եվգենյա Համբարձումյան