Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
Քաղաքականություն
16.11.2026 | 19:51
Բրյուսելում ՆԱՏՕ-Ադրբեջան ձևաչափով հանդիպում է անցկացվել, սոցցանցերում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը մասնակցել է հանդիպմանը։
««ՆԱՏՕ+Ադրբեջան» ձևաչափով ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ այսօրվա հանդիպումը հնարավորություն է տվել գնահատելու Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության առաջընթացը և քննարկելու տարածաշրջանային ու միջազգային օրակարգի զարգացումները»,- գրել է Հաջիևը։
Նա նշել է, որ որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր՝ Ադրբեջանը հետևողականորեն իր ներդրումն է ունեցել միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում, այդ թվում՝ մասնակցելով խաղաղության աջակցության միջազգային գործողություններին։ Տարիների ընթացքում Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունը վերածվել է բազմակողմ գործընկերության, որն ընդգրկում է քաղաքական երկխոսությունը և պաշտպանության, անվտանգության ու կարողությունների զարգացման ոլորտներում գործնական համագործակցությունը։
«Ես նշեցի, որ «1994 թվականին Ադրբեջանը միացավ այս գործընկերությանը պատերազմի և անորոշության ժամանակաշրջանում։ Այսօր մենք ձեզ հետ խոսում ենք՝ հենվելով վերականգնված ինքնիշխանության, իրական խաղաղության և տարածաշրջանային աճող պատասխանատվության վրա։ Մեր գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և գործնական համագործակցության վրա։ Մենք պատրաստ ենք այն զարգացնել՝ հանուն անվտանգ, փոխկապակցված և խաղաղ Հարավային Կովկասի»,- հայտարարել է Հաջիևը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

