ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
Քաղաքականություն
16.11.2026 | 20:13
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով, մասնավորապես, նավթավերամշակման և նավթաքիմիական գործարաններ ու ձեռնարկություններ, ինչպես նաև տասնյակ բանկեր։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում։
Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել՝
-
Մոսկվայի նավթավերամշակման գործարանը,
-
Խաբարովսկի նավթավերամշակման գործարանը,
-
Իլսկի նավթավերամշակման գործարանը,
-
Նովոշախտինսկի նավթամթերքի գործարանը,
-
Սարատովի նավթավերամշակման գործարանը,
-
Օմսկի նավթավերամշակման գործարանը,
-
«Կիրիշինեֆտեօրգսինթեզ» («Կինեֆ»),
-
«Օրսկնեֆտեօրգսինթեզ» (Օրսկի նավթավերամշակման գործարան),
-
«Գազպրոմ նավթաքիմ Սալավատը»,
-
Պետերբուրգի նավթային տերմինալը,
-
ТАИФ-НК ընկերությունը, որին պատկանում է Նիժնեկամսկի մերձակայքում գտնվող նավթավերամշակման գործարանը։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև «ЮMoney» վճարային ծառայության և ավելի քան 40 ռուսական բանկերի ու վարկային կազմակերպությունների նկատմամբ։ Դրանց թվում են «Բանկ 131»-ը, «Ագրոպրոմկրեդիտը», «Սնեժինսկի» և «Սլավիա» բանկերը, «Սոլիդ Բանկը» և «Միջազգային ֆինանսական ակումբ» բանկը։
«Սև ցուցակում» ընդգրկվել են նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի որդին՝ Սերգեյը, Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը, ինչպես նաև Leta Capital վենչուրային հիմնադրամի հիմնադիր Ալեքսանդր Չաչավան (Ozon-ի նախկին խոշորագույն բաժնետերը)։
Եվրամիության վարկածով՝ Կիմը և Չաչավան «նյութական կամ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին և օգուտներ ստանում դրանից, այդ թվում՝ մասնակցելով ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարմանը»։ Իրենք՝ մարկետփլեյսները պատժամիջոցների տակ չեն հայտնվել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

