Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
Քաղաքականություն
13.11.2026 | 14:40
Ադրբեջանում մեկնարկել են Eternity-2026 համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Ռազմական կառավարման ինստիտուտի Ռազմական խաղերի կենտրոնում։ Դրանցում ադրբեջանական բանակի զինծառայողների հետ մեկտեղ ներգրավված են նաև «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Պահպանության դեպարտամենտի և Ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության անձնակազմերը։
Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցած գեներալ-մայոր Վուգար Ալիվերդիևը մասնակիցներին է փոխանցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ողջույնի խոսքը։ Նշվել է, որ զորավարժություններին ներգրավվել է երեք երկրների ավելի քան 200 անձնակազմի անդամ։
Ելույթներից հետո արարողության մասնակիցներին մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել զորավարժությունների նպատակների, առաջադրված խնդիրների և համապատասխան պետական կառույցների գործունեության վերաբերյալ։
Հաղորդվում է, որ պարբերաբար անցկացվող զորավարժությունների նպատակն է կատարելագործել տարածաշրջանային տնտեսական նախագծերի և ռազմավարական օբյեկտների պահպանության ուղղությամբ համատեղ գործողությունների համակարգումը, ինչպես նաև զարգացնել մասնակիցների օպերատիվ և վերլուծական հմտությունները՝ բնական պաշարների փոխադրման անվտանգության ապահովման գործում։
Eternity-2026 համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվելու են մինչև նոյեմբերի 20-ը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

