ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը

Լուրեր

13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
Բոլորը

Նոյեմբերի 29-ին Հայաստանի 12 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։ Դրանցից 10-ում ընտրությունները կլինեն համամասնական, իսկ երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող 10 համայնքներից երեքում՝ Աշտարակում, Ապարանում և Աշոցքում, իշխանության թեկնածուները մրցակիցներ չեն ունենա։ Ընդ որում՝ այս երեք համայնքներում էլ ընտրական ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը։

Ապարանում «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին մասնակցում է «Գործարար» կուսակցության հետ կազմած «Համերաշխություն» դաշինքով։ Ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Կարեն Եղիազարյանը, որը պաշտոնավարում է 2017 թվականից։

Ուշագրավ է, որ Եղիազարյանն անկուսակցական է, իսկ 2021 թվականի ընտրություններում ոչ թե ՔՊ-ի, այլ «Կարեն Եղիազարյան» դաշինքի թեկնածուն էր։ Այդ ընտրություններում նա հաղթել էր ՔՊ-ի թեկնածու Էդգար Փարվանյանին։ Դաշինքում ընդգրկված էին «Արդար Հայաստան» և «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունները, որոնց ղեկավարներն են իրավաբան Նորայր Նորիկյանն ու Հրաչյա Ներսիսյանը։

Այս անգամ, սակայն, Եղիազարյանը ընտրություններին մասնակցում է հենց ՔՊ-ի հետ դաշինքով։

Հիշեցնենք՝ «Համերաշխություն» դաշինքով ՔՊ-ն մասնակցել է նաև Գորիսի ընտրություններին ու հաղթել համայնքում։

Ապարանի գործող համայնքապետի անունը նաև երկու դատական գործերում է շրջանառվում։ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործը։ Դատախազությունը Եղիազարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել շուրջ 278,4 միլիոն դրամի՝ օրինական եկամուտներով չհիմնավորված գույք և դրամական միջոցներ։

Բացի այդ, 2025 թվականից դատարանում քննվում է Եղիազարյանի վերաբերյալ քրեական գործ։ Ըստ մեղադրանքի՝ համայնքապետը օրենքով նախատեսված միջոցներ չի ձեռնարկել պետական կամ համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը կամ ինքնակամ շինարարությունը կանխելու և կասեցնելու համար։

Ապարան համայնքում ընտրողների թիվը 18 հազար 854 է։

Առանց մրցակցության ընտրություններ են անցկացվելու նաև Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում, որտեղ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանը։

Շահվերդյանը Աշտարակի քաղաքապետ է ընտրվել դեռևս 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ 27 տարեկանում։ Այդ ժամանակ նա անկուսակցական էր։ Հետագայում՝ 2021 թվականին, քաղաքական պատկանելությունը փոխվել է, և այժմ Շահվերդյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Աշտարակը երեք համայնքներից ամենաշատ ընտրողներն ունի՝ 59 հազար 515։

Մրցակցություն չի լինելու նաև Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում։ Այստեղ ՔՊ-ի ցուցակը կրկին գլխավորում է համայնքի գործող ղեկավար Կարեն Մանուկյանը, որը համայնքը ղեկավարում է 2018 թվականից։

Մանուկյանը համայնքի ղեկավարի պաշտոնը սկզբում ստանձնել է նշանակմամբ։ 2018 թվականի նոյեմբերին, երբ Աշոցքի այն ժամանակվա համայնքապետ Արթուր Ալոյանը հրաժարական տվեց, Մանուկյանը նշանակվեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ այդ նա Աշոցքում ՔՊ-ի համակարգողն էր։

Մամուլում հրապարակումներ են եղել նաև այն մասին, որ Մանուկյանը Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի մտերիմ ընկերն է։

Աշոցք համայնքն ունի շուրջ 8900 ընտրող։

Այսպիսով, նոյեմբերի 29-ի ընտրություններում Աշտարակում և Աշոցքում ՔՊ-ն, իսկ Ապարանում՝ ՔՊ-ի մասնակցությամբ «Համերաշխություն» դաշինքը, ընտրողներին կներկայանան առանց մրցակից քաղաքական ուժերի։ Երեք համայնքներում էլ ընտրական ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը։

Եվգենյա Համբարձումյան