Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
Քաղաքականություն
13.11.2026 | 13:00
Nvidia ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգին, որը լրտեսության մեջ կասկածվող Չինաստանի քաղաքացու հետ ունեցած կապերի պատճառով հրաժարական է տվել գլխավոր տնօրենի պաշտոնից, կանչել են ԱՄՆ Կոնգրես՝ ցուցմունք տալու համար։ Այս մասին հայտնում են The New York Times-ը և CNN-ը, փոխանցում է Meduza-ն։
Հուանգի հետ միասին դեկտեմբերին Սենատում ցուցմունք տալու է կանչվել նաև ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լյութնիկը։
Հանրապետական կուսակցությունից սենատոր Թիմ Սքոթը Հուանգին և Լյութնիկին նամակներ է ուղարկել՝ խնդրելով ցուցմունք տալ Սենատի բանկային հարցերով հանձնաժողովում։
«Վերջին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում մեր ազգային անվտանգության և գաղտնի տեխնոլոգիաների պաշտպանության առնչությամբ»,- գրել է Սքոթը՝ հավելելով, որ «ամերիկացի ժողովուրդն արժանի է պատասխանների»։
The Wall Street Journal-ը գրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ խորհրդականներ սկսել են Nvidia-ի հետ կապված քաղաքական սկանդալի պատասխանատվությունը բարդել հենց Հովարդ Լյութնիկի վրա։ Առևտրի նախարարը քննադատության հիմնական թիրախներից մեկն է դարձել՝ Հարավարևելյան Ասիայի երկրներ ամերիկյան արտադրության արհեստական բանականության չիպերի արտահանման սահմանափակումներին խոչընդոտելու փորձերի, ինչպես նաև Ջենսեն Հուանգի հետ ունեցած վաղեմի կապերի պատճառով։
Հուանգը ևս կանչվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ․ այնտեղ ցանկանում են, որ նա դեկտեմբերի 1-ին մասնակցի փակ զրույցի։ Հետախուզության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների, ինչպես նաև Չինաստանի հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահները նախազգուշացրել են Հուանգին, որ եթե նա կամավոր չներկայանա, պաշտոնական ծանուցագրով կկանչեն։
Nvidia-ն աշխարհի ամենաթանկարժեք հանրային ընկերություններից է։ Ջենսեն Հուանգն այն հիմնադրել է 1993 թվականին։ 2026 թվականի աշնանը հայտնի էր դարձել նրա հարաբերությունների մասին չինուհի Էլիս Հուանգի հետ, որին ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածել են Չինաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Աշխատակիցներին ուղղված նամակում Հուանգը հաստատել է այդ հարաբերությունների փաստը և ներողություն խնդրել կնոջից ու գործընկերներից։
Նոյեմբերի 11-ին The New York Times-ը պատմել էր Nvidia-ի ղեկավարի մեկ այլ սիրավեպի մասին՝ ընկերության փոխնախագահ Քիմբերլի Փաուելի հետ։ Հաջորդ օրը Nvidia-ն հայտարարել է Ջենսեն Հուանգի՝ ընկերության նախագահի, գլխավոր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոններից հրաժարականի մասին։
Միևնույն ժամանակ, Reuters-ին հայտնի է դարձել, որ Հուանգը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել նաև ընկերության մեկ այլ աշխատակցուհու հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

