Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
Հաղորդաշարեր
12.11.2026 | 18:51
Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնից՝ ամուսնական դավաճանության մասին հրապարակումներից հետո։ Ըստ լրատվամիջոցների՝ նա ենթադրաբար սիրային կապեր է ունեցել չինացի լրտեսի և ընկերության աշխատակցի հետ, գրում է The Guardian-ը։
Նրան ժամանակավորապես կփոխարինի Nvidia-ի ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսը՝ մինչև ընկերության նոր մշտական ղեկավարի նշանակումը։
Nvidia-ի տնօրենների խորհրդի հայտարարության մեջ, որով հաստատվել է Հուանգի հեռանալը, չեն հիշատակվել ո՛չ լրտեսության հետ կապված սկանդալը, ո՛չ էլ ընկերության շուրջ ծավալված քննարկումները։ Փոխարենը խորհրդի անդամները բարձր են գնահատել Հուանգի «նշանակալի» ներդրումը։
«Ջենսենի ներդրումն Nvidia-ում անգնահատելի է։ Nvidia-ն աշխարհի ամենաազդեցիկ տեխնոլոգիական ընկերություններից մեկն է։ Տնօրենների խորհուրդը և ընկերությունը շնորհակալություն են հայտնում Ջենսենին ընկերության և ամբողջ ոլորտի զարգացման գործում ունեցած անչափ մեծ ավանդի համար», – ասվում է հայտարարության մեջ։
Այս շաբաթվա սկզբին չիպեր արտադրող ընկերության տնօրենների խորհուրդը առաջատար ամերիկյան Wachtell, Lipton, Rosen & Katz իրավաբանական ընկերությանը հանձնարարել էր անցկացնել «համապարփակ և անկախ» հետաքննություն՝ Ալիս Հուանգի հետ Ջենսեն Հուանգի հարաբերությունների վերաբերյալ։ Նշվում է, որ Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ ազգակցական կապ չունի։
Իրավաբանական ընկերությունը Ջենսեն Հուանգին հանձնարարել էր շարունակել ղեկավարել Nvidia-ն, քանի դեռ հետաքննությունը շարունակվում էր։
Սակայն չորեքշաբթի ուշ երեկոյան The New York Times-ը հաղորդել է, որ Հուանգն ունեցել է նաև արտաամուսնական կապ ընկերության աշխատակցուհի Քիմբերլի Փաուելի հետ։ Նա Nvidia-ի առողջապահության ոլորտի ստորաբաժանման նախագահն է և, ըստ տեղեկությունների, մարտին ընկերության համաժողովի ընթացքում հյուրանոցում տեսանկարահանվել է Հուանգի հետ մտերմիկ պահվածք դրսևորելիս։
1993 թվականին իր համահիմնադրած ընկերությունից Հուանգի հեռանալը նշանակում է Սիլիկոնյան հովտի առանցքային դեմքերից մեկի հեռացումը՝ այն ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև արհեստական բանականության ոլորտում մրցակցությունը հասել է իր գագաթնակետին։ Հուանգին է պատկանում Nvidia-ի ավելի քան 870 միլիոն բաժնետոմս կամ ընկերության բաժնետոմսերի շուրջ 3.6 տոկոսը։ Bloomberg-ի տվյալներով՝ նրա կարողությունը գնահատվում է 145 միլիարդ դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի 13-րդ ամենահարուստ մարդը։
Արհեստական բանականության ոլորտի ամբողջ էկոհամակարգը մեծապես կախված է այս ընկերությունից։ Nvidia-ն նախագծում և արտադրում է առաջադեմ չիպեր, որոնք օգտագործվում են արհեստական բանականության մոդելների ուսուցման և այնպիսի ընկերությունների գործունեության ապահովման համար, ինչպիսիք են OpenAI-ն և Anthropic-ը։ Այն նաև աշխարհի ամենաբարձր շուկայական արժեք ունեցող ընկերություններից մեկն է, որի կապիտալիզացիան գերազանցում է 4 տրիլիոն դոլարը։
Սկանդալի ծավալմանը զուգահեռ ֆինանսական կորուստներ են կրել ինչպես Nvidia-ն, այնպես էլ Հուանգը։ Հինգշաբթի նախաբորսայական առևտրի ընթացքում ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է շուրջ 7 տոկոսով՝ այն բանից հետո, երբ The Wall Street Journal-ը հաղորդել է, որ Nvidia-ի տնօրենների խորհուրդը նախապատրաստում է Հուանգի պաշտոնանկությունը։
Թեև Ջենսեն Հուանգը խոստովանել է արտաամուսնական կապ ունենալու փաստը՝ ուղղակիորեն չնշելով ենթադրյալ լրտեսի անունը, նա հերքում է, որ տեղյակ է եղել, թե իբր Ալիս Հուանգն աշխատել է Չինաստանի կառավարության համար։ Վերջին մի քանի տարիների ընթացքում զույգին միասին նկատել են աշխարհի տարբեր երկրներում՝ ռեստորաններում ճաշելիս և հանդիպումների մասնակցելիս։ Ալիս Հուանգը գործարար կին է և Սինգապուրում գործող Megaspeed տվյալների կենտրոնների ընկերության ղեկավար։ Մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կասկածում են, որ նա Չինաստանի շահերի օգտին գործող անձ է։
1985 թվականից կնոջ՝ Լորիի հետ ամուսնացած Ջենսեն Հուանգը կիրակի օրը՝ Megaspeed-ի ղեկավարի հետ իր հարաբերությունների շուրջ մի քանի օր տևած ենթադրություններից հետո, աշխատակիցներին ուղղված էլեկտրոնային նամակում խոստովանել էր ու որ հայտարարել, որ կհամագործակցի ներքին հետաքննության ընթացքում։ Նույն օրը Nvidia-ի տնօրենների խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ընկերությունը հետաքննություն է սկսել այն հրապարակումների առնչությամբ, որոնց համաձայն՝ Հուանգը դարձել է օտարերկրյա հետախուզական գործողության թիրախ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

