Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
12 տարին չլրացած երեխային կերակրել են պայմանով, որ տանը մաքրություն անի, հավաքի բակի աղբը, քնից արթնացրել են, որպեսզի տրորի տատի մեջքը, բռնություն են գործադրել, առանձնացրել մյուս երեխաներից։ Ըստ քրեական գործի՝ երեխայի նկատմամբ նման վերաբերմունքը տեղի է ունեցել Հայաստանի մարզերից մեկում։ Երեխայի խորթ հայրն ու տատը մեղադրվում են նրան թրաֆիքինգի ենթարկելու մեջ։
Ըստ դատարան ուղարկված մեղադրանքի՝ խորթ տատը 12 տարին չլրացած թոռանը ձեռքերով, ձեռնափայտով մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ստիպել է տանը կատարել մաքրություն, հավաքել բակի աղբը, ավլել բակը, կերակրել է այլ պայմանով, որ կատարի հիշյալ գործողությունները, հստակորեն ցույց է տվել մյուս երեխաներից իրեն առանձնացնելու հանգամանքը, օրվա տարբեր ժամերի և հատկապես այն ժամանակ, երբ երեխան քնած է եղել, արթնացրել և ստիպել է տրորել իր մեջքն ու ոտքերը, որպեսզի ինքը կարողանա քնել։
Երեխայի խորթ հայրը, իմանալով իր մոր կողմից այս արարքները դստեր նկատմամբ կատարելու հանգամանքի մասին, լռել է, ինքը ևս բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով, հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ստիպել է տանը կատարել մաքրություն, հավաքել բակի աղբը, ավլել, կերակրել է այն պայմանով, որ կատարի հիշյալ գործողությունները, հստակորեն ցույց է տվել մյուս երեխաներից իրեն առանձնացնելու հանգամանքը, առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել մյուս երեխաների նկատմամբ։
Գործը բացահայտվել է ընտանեկան բռնության դեպքով ահազանգի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի քննության շրջանակներում, երբ երեխայի մայրը հայտնել է ամուսնու կողմից իր և երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մասին։
Երկու տարի առաջ կնոջ նկատմամբ բռնության և երեխայի նկատմամբ թրաֆիքինգի գործն ուղարկվել է դատարան։ Վերջերս դատարանը թրաֆիքինգի դրվագով կայացրել է արդարացման դատական ակտ։ Սակայն դատական գործի ուսումնասիրությամբ այնպիսի հանգամանքներ են ի հայտ գալիս, որոնք կասկածի տակ են դնում այդ դատական ակտի կամ առնվազն դրան նախորդած իրադարձությունների արդարացիությունը։ Ինչպես պարզվում է՝ երեխան քննության ամբողջ ընթացքում ապրել է նույն ընտանիքում՝ իրեն ենթադրաբար բռնության ենթարկած խորթ տատի հետ, տևական ժամանակ, երբ երեխայի խորթ հայրն ազատվել է կալանքից, նույնպես ապրել է նույն տանը, երեխայի մայրը, որը ճանաչվել է նրա օրինական ներկայացուցիչը, քննության ընթացքում զղջացել է ամուսնու դեմ ցուցմունք տալու համար ու դատարանին խնդրել նրան ազատել կալանքից, փորձաքննությամբ արձանագրվել է երեխայի նկատմամբ ազդեցության հանգամանքը։
Մեղադրյալներն ու տուժողներն ապրել են նույն հարկի տակ
Վարույթի քննության սկզբնական շրջանում տղամարդը կալանավորվել է, սակայն երբ քննիչը նրա կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, դատարանը այն չի երկարացրել՝ որոշման հիմքում, ի թիվս այլնի, դնելով այն հանգամանքը, որ մեղադրյալն ու տուժողները հաշտվել են, ուստի մեղադրյալի կողմից նոր արարք կատարելու հավանականությունն էապես նվազել է։ Կալանքից ազատվելուց հետո խորթ հայրը մոտ 10 ամիս բնակվել է նույն ընտանիքում, որտեղ կինն ու երեխան են բնակվել։ Դատախազությունը, սակայն, հետամուտ է եղել, որպեսզի խորթ հայրը կրկին կալանավորվի, ազատ արձակելու որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը բեկանել է դատական ակտերն ու մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարել։
Այս դատական ակտում Վճռաբեկ դատարանը նշել է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել մի շարք հանգամանքներ։
Ինչպես նշեցինք, խորթ հորը կալանքից ազատելու հիմքում, ի թիվս այլնի, դրվել է այն հանգամանքը, որ նա հաշտվել է տուժողների, այսինքն՝ երեխայի և կնոջ հետ։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը նշել է, որ մեղադրյալի և տուժողի հաշտվելը դիտարկելով իբրև նոր արարք կատարելու հավանականությունն էապես նվազեցնող հանգամանք՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ մեղադրյալն իրեն վերագրվող արարքը ենթադրաբար կատարել է տարբեր ժամանակահատվածներում, և այն կրել է պարբերական բնույթ։ Բացի այդ, տուժողները գտնվում են նյութական կախվածության մեջ մեղադրյալից և ներկայումս էլ շարունակում են նույն հարկի տակ բնակվել մեղադրյալի հետ, իսկ ենթադրյալ բռնության զոհերից 12 տարին չլրացած տուժողն իր ցուցմունքում հայտնել է, որ այլևս չի ցանկանում իր բնակարան գնալ, քանի որ այնտեղ իրեն ծեծում են, և չի ուզում այնտեղ ապրել։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ խոցելի վիճակում գտնվող անձանց կամահայտնության արժանահավատության վերաբերյալ կասկածների՝ նրանց խոցելիությամբ պայմանավորված ընդհանուր հիմքերից զատ, վարույթում առկա է հոգեբան-փորձագետի ցուցմունքն այն մասին, որ 12 տարին չլրացած տուժողի՝ նախկինում անցկացված հարցաքննության համեմատ, 2023 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած հարցաքննության ընթացքում դրսևորված փոփոխված վարքագիծը կարող է պայմանավորված լինել ընտանիքի անդամների կամ այլ անձի կողմից անօրինական ազդեցությամբ։ Նշված կարծիքը հատուկ գիտելիքներ ունեցող փորձագետի մոտ ձևավորվել է անչափահաս տուժողի՝ ցուցմունք տալու ժամանակ դրսևորած վարքագիծն անմիջականորեն դիտարկելու ընթացքում։
Արդյունքում, տուժողի հետ հաշտվելու հանգամանքն իբրև վճռորոշ գործոն դիտարկելիս՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել նրա հորը մեղսագրվող ենթադրյալ արարքների՝ որպես ընտանիքում բռնության դեպքերի առանձնահատկությունները, մասնավորապես, գնահատման առարկա չեն դարձրել այն հանգամանքը, թե կոնկրետ գործի փաստական հանգամանքների պայմաններում տուժողի հետ հաշտվելը որքանո՞վ է օբյեկտիվորեն նվազեցնում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու ռիսկերը։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել նաև, որ Վերաքննիչ դատարանը՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ, մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու մտավախության փարատված լինելը հիմնավորելով այն հանգամանքով, որ քրեական վարույթի շրջանակներում արդեն իսկ կատարվել են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ, իրականացվել են տուժողների, վկաների հարցաքննություններ, այդ թվում՝ նաև առերեսումներ, և քրեական վարույթը չի գտնվում սկզբնական փուլում, հանգել է ոչ իրավաչափ հետևության։ Մինչդեռ գործի փաստական հանգամանքները վկայում են, որ ենթադրաբար բռնություն է գործադրվել անչափահաս, այդ թվում՝ մանկահասակ երեխաների նկատմամբ, իսկ բռնության համար նպաստավոր բոլոր պայմանները (մեղադրյալի՝ ալկոհոլից կախվածություն ունենալը, զոհերի՝ մեղադրյալից նյութական և այլ կախվածության արդյունքում խոցելի վիճակում գտնվելը) պահպանվել են։ Ավելին՝ խոցելի վիճակում գտնվող տուժողները, ովքեր ցուցմունք են տվել ենթադրյալ բռնարարի դեմ, այժմ ստիպված են բնակվել իրենց նկատմամբ ենթադրաբար պարբերաբար բռնություն գործադրած անձի հետ՝ թե՛ իրենց արդեն իսկ տրված, թե՛ հետագայում տրվելիք հնարավոր ցուցմունքների համար վրեժխնդրության զոհ դառնալու ողջամտորեն առկա սպառնալիքի և վախի պայմաններում։
Երբ գործն արդեն ուղարկվել է դատարան, կրկին քննարկման առարկա է դարձել մեղադրյալների խափանման միջոցի հարցը։
Երեխայի տատի նկատմամբ դեռ նախաքննության ընթացքում ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը թողնվել է անփոփոխ։
Հոր խափանման միջոցի հարցը քննարկելիս երեխայի մայրը, որը փաստացի պետք է երեխայի շահերը ներկայացներ, ամուսնու խափանման միջոցի քննության ժամանակ խնդրել է ամուսնու կալանքի տակ պահելու ժամկետը չերկարաձգել, քանի որ մեղադրյալն իրենից վտանգ չի ներկայացնում։ Ինքն առանց մտածելու քայլ է արել, որի համար զղջում է։
Մեղադրյալ հոր պաշտպանն էլ հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ է որոշվել, որ նույն արարքը կատարած մեղադրյալներից մեկը՝ երեխայի տատը, կարող է մնալ ազատության մեջ, իսկ մյուսը՝ անազատության, ինչպե՞ս է հիմնավորվում, որ մի մեղադրյալը չի կարող անօրինական ազդեցություն ունենալ տուժողների և վկաների վրա, իսկ մյուս մեղադրյալը՝ կարող է։ Փաստարկել է նաև, թե պաշտպանյալն ունի չորս անչափահաս երեխա, այդ երեխաներից մեկն էլ տուժողն է։ Բացի այդ՝ նշել է, որ իր պաշտպանյալը նախաքննության ընթացքում 10 ամիս ազատության մեջ է գտնվել և բնակվել տուժողների հետ նույն բնակարանում, սակայն որևէ անօրինական ազդեցություն չի գործադրել, նախաքննությանը որևէ կերպ չի խոչընդոտել, տուժողներին ցուցմունք տալուն չի հարկադրել կամ չի ուղղորդել, թեև այդպիսի հնարավորություն ունեցել է։
Երեխայի տատը ևս խնդրել է որդուն ազատ արձակել, որ տեր կանգնի երեխաներին։
Դատարանը, սակայն, հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, 3 ամիս ժամկետով երկարաձգել է հոր կալանքի ժամկետը։ Այս որոշման մեջ դատարանը նշել է, որ առկա է մեղադրյալի կողմից թե՛ նոր հանցանք կատարելու, թե՛ վարույթին խոչընդոտելու ռիսկ։ Խոչընդոտելու ռիսկի առնչությամբ դատարանը նշել է, որ մեղադրյալը կարող է դրսևորվել քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։ Նշված մտավախությունը գնահատելիս դատարանը հաշվի է առել, որ գործով անցնող գրեթե բոլոր անձինք ճանաչում են միմյանց, իսկ մեղադրյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում մեծ է հավանականությունը, որ վերջինս կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն ունենալով, համոզելու, անչափահաս երեխաներին վախեցնելու կամ այլ եղանակով ի նպաստ իրեն ցուցմունքներ տալու համար։
Այսպիսով, մեղադրյալի խափանման միջոցը երեք ամսով երկարացվել է։
2025-ի հունվարին կրկին քննարկման առարկա է դարձել խափանման միջոցի հարցը։
Պաշտպանը հայտնել է, որ քրեական գործով տուժողները արդեն իսկ հարցաքննվել են, հարցաքննվել են նաև դատակոչված չորս վկաներից երկուսը, իսկ այս պարագայում մտավախությունը, որ հնարավոր է՝ մեղադրյալն անօրինական ազդեցություն գործադրի նրանց նկատմամբ, չեզոքացել է։ Բացի այդ, սույն գործով կա ևս մեկ մեղադրյալ, ով իր վստահորդի մայրն է։ Վերջինս առ այսօր բնակվում է իր վստահորդի կնոջ և երեխաների հետ, նրանց երկուսին էլ առաջադրված են նույն մեղադրանքները։ Պետք է հաշվի առնել, որ իր վստահորդն այդ ընտանիքի միակ աշխատողն է, նա ունի վատառողջ մայր, բազմանդամ ընտանիք, ներկայումս այդ ընտանիքը հայտնվել է շատ ծանր ֆինանսական վիճակում, ունի հանապազօրյա հացի խնդիր։ Այս ամենը հաշվի առնելով՝ գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը պետք է վերացնել կամ փոփոխել և ընտրել այլընտրանքային խափանման միջոցներից որևէ մեկը։ Միևնույն ժամանակ պաշտպանը խնդրել է տնային կալանք չկիրառել, այլ կիրառել վարչական հսկողությունը, որպեսզի մեղադրյալը հնարավորություն ունենա զբաղվել բանվորությամբ՝ հոգալ ընտանիքի կարիքները։
Նշենք, որ այս փուլում հարցաքննվել էին 12 տարին չլրացած երեխան ու մայրը, իսկ վկա երկու երեխաները դեռևս հարցաքննված չէին, սակայն դատարանը համարել է, որ նրանց նկատմամբ ազդեցության բարձր ռիսկ առկա չէ։
Այսպիսով՝ դատարանը հոր նկատմամբ ընտրված կալանքը փոխել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներով՝ վարչական հսկողության և բացակայելու արգելքի։
Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է եղել նաև դատական նիստում կնոջ այն հայտարարությամբ, որ մեղադրյալն իրենից վտանգ չի ներկայացնում, և երեխաներն իրենց հոր կարիքն ունեն։ Այս հանգամանքը, դատարանի գնահատմամբ, վկայել է, որ մեղադրյալի ընտանեկան և սոցիալական կապերն ամրանում են։
Մոտ մեկուկես տարի գործի քննությունը շարունակվել է, հայրը ապրել է նույն ընտանիքում, որից հետո դատարանը արդարացման վերդիկտ է կայացրել թրաֆիքինգի դրվագով։
Օղին վերջացել է, հայրը վաճառել է լվացքի մեքենան, որ գնի
2026 թվականի հուլիսի 27-ին հրապարակված արդարացման դատական ակտի ուսումնասիրությամբ պարզեցինք․
Մեղադրյալ հայրը իրեն մեղավոր է ճանաչել միայն կնոջը վնասելու դրվագով, իսկ երեխային թրաֆիքինգի ենթարկելու հանգամանքը չի ընդունել, հիմնական դատալսումների ժամանակ հրաժարվել է ցուցմունք տալ, ինչպես նաև հրաժարվել է նախաքննության ընթացքում առանց փաստաբանի տված ցուցմունքներից, ուստի դրանք դատարանում չեն հրապարակվել, հրապարակվել են միայն նրանք, որոնք փաստաբանի մասնակցությամբ են տրվել։
Անդրադառնալով կնոջ՝ տնից հեռանալու հանգամանքին՝ տղամարդը մանրամասն պատմել է դրան նախորդած միջադեպը․
«Տանը նշում էինք իմ քրոջ աղջկա ծննդյան տարեդարձը, որի ընթացքում ալկոհոլը պակասեց, և ես որոշեցի վաճառեմ լվացքի մեքենան, որպեսզի ալկոհոլ գնեմ, և այդ հարցի շուրջ իմ և կնոջս միջև լեզվակռիվ սկսվեց, և նա չէր ցանկանում, որպեսզի վաճառեմ լվացքի մեքենան, և ես դուրս եկա տանից՝ այն վաճառելու նպատակով, իսկ երբ վերադարձա, այլևս տանը ոչ ոք չկար: Հաջորդ օրը ես տեղեկացա, որ երեխաների հետ գնացել է քաղաք: Ես այդ օրը ոչ ոքի չեմ հարվածել, վիճաբանություն տեղի չի ունեցել, երեխաներին նույնպես չեմ հարվածել»,- ասել է տղամարդը։
Ըստ գործի՝ մեկ այլ օր ամուսինը հարվածել է կնոջն ու պատառաքաղով վնասել նրա շրթունքը։ Այս կապակցությամբ ամուսինը հայտնել է, որ դիտավորյալ չի եղել, ինքը ներողություն է խնդրել կնոջից։
Ըստ գործի՝ հայրը շուրջ երկու տարի պարբերաբար ծեծել է անչափահաս երեխային՝ ստիպելով տանը աշխատանքներ կատարել։ Սակայն հայրը նշել է, թե երբևէ չի հարվածել աղջկան, նա իր կամքով է տանը աշխատել, մաքրություն կատարել և տունը հավաքել։ Չի ընդունել նաև երեխայի նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու հանգամանքը։
«Բոլորին հավասար սիրել ենք: Շուրջ 7 ամիս է, ինչ իմ մայրը մեզ հետ է բնակվում, և նա ինձ ասել է, որ չի սիրում, սակայն ես նրան ասել եմ, որ ես նրան ընդունում եմ որպես իմ աղջիկ և պետք է համակերպվի»,- քննիչին ասել է խորթ հայրը՝ բացատրելով, որ 12 տարին չլրացած երեխան կնոջ առաջին ամուսնությունից է։
Խորթ հայրը և երեխան առերեսվել են։ Առերեսման ժամանակ հոգեբանը հայտարարել է, որ մասնակցելով նախկինում որպես տուժող հարցաքննությանը և մասնակցելով ներկայումս առերես հարցաքննությանը՝ ակնհայտ է, որ անչափահաս տուժողի վրա առկա է անօրինական ազդեցություն, քանի որ հարցաքննությունների միջև էական տարբերություններ են առկա․ մասնավորապես՝ առաջին հարցաքննության ժամանակ տուժողը մանրամասն նկարագրել է իր հետ կատարվածը, սակայն ներկայումս հայտնում է, որ որևէ միջադեպ տեղի չի ունեցել, ուստի նման պայմաններում անհրաժեշտ է նշանակել դատահոգեբանական և դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու նպատակով երեխայի կողմից իրարամերժ ցուցմունքների իսկությունը և հասկանալու, թե որ հարցաքննության ժամանակ է արժանահավատ ցուցմունքներ տվել։
Նույն օրը հարցաքննվել են նաև մեղադրյալ հոր մյուս երեխաները, մայրը, կինը և այլ անձինք։ Մեղադրյալը երեխաներից մեկի և կնոջ հետ առերեսումից հրաժարվել է։ Հոգեբանը, որը մասնակցել է այդ քննչական գործողություններին, հայտարարել է, որ անհրաժեշտ է նշանակել դատահոգեբանական փորձաքննություններ, քանի որ նրանք բոլորը բնակվում են նույն հասցեում, և նրանց վարքագծում ակնհայտ է ազդեցություն որևէ անձի կողմից։
Դատարանում հայրն ու տատը հրաժարվել են ցուցմունք տալ, մեղադրանքը չեն ընդունել։
Երեխայի մայրը հայտնել է, որ բողոք, պահանջ չունի և, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալ։
Երեխան ևս հայտնել է, որ չի ցանկանում ցուցմունքներ տալ: Վկաները, որոնք մեղադրյալների մերձավոր ազգականներ են, ևս հրաժարվել են ցուցմունքներ տալ՝ օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից։
Ստացվում է՝ գործին առնչվող անձանց մեծ մասը, որոնք տեսականորեն կարող էին բացահայտել ճշմարտությունը, լռել են։
Ենթադրյալ հանցագործության մասին ահազանգած վկան հրաժարվել է ցուցմունքից
Դատարանում ամուսնու և վերջինիս մոր դեմ տված ցուցմունքներից հրաժարվել է նաև այն միակ վկան, որը ահազանգել էր Ոստիկանություն ու հայտնել երեխայի և մոր նկատմամբ ենթադրյալ անօրինական գործողությունների մասին։
Խոսքը կնոջ հորաքրոջ մասին է։ Վերջինս նախաքննության ընթացքում պատմել էր, որ 2023-ին եղբոր աղջիկը զանգահարել ու ասել է, որ ցանկանում է գալ Երևան։ Երբ եկել է, նրան օգնել և տեղավորել են ապաստարանում, քանի որ այդտեղ տեղավորված անձանց պետությունն օգնում է, մասնավորապես՝ երեխաներին դպրոց են տանում, ծնողին հնարավորություն են տալիս աշխատել, սակայն ապաստարանում նա ընդամենը 7 օր է մնացել, իր կամքով վերադարձել է տուն։
Այս վկան դատարանում նախաքննական ցուցմունքին էականորեն հակասող ցուցմունքներ է տվել։ Հանրային մեղադրողը, այս հանգամանքը հաշվի առնելով, միջնորդել է հրապարակել նախաքննական ցուցմունքը։
Նախաքննական ցուցմունքում վկան նշել է, որ մեղադրյալի ընտանիքի հետ հարաբերությունները սրվել են, քանի որ եղբոր աղջկան ու վերջինիս աղջկան ճնշում էին այդ ընտանիքում։ Հորաքույրը հայտնել է, որ եղբոր դստեր ամուսինը խմիչքի հետ սեր ուներ, իսկ սկեսուրն անտեղի կռիվներ էր ստեղծում, և ծեծում էին նրան, անգամ իր ներկայությամբ են ծեծել։
Ըստ հորաքրոջ ահազանգի՝ եղբոր դուստրն իրեն հայտնել է, որ ամուսինը ծեծում է իրեն և գերու պես պահում, իսկ սկեսուրն ասում է՝ «Թողեք, թող սատկի»: Հորաքույրը քննիչին պատմել է, որ այս ամենի մասին իմանալով՝ որոշել է, որ եղբոր դստերը պետք է փրկի, սակայն շուտով կինը հրաժարվել է բողոքից։
«Դրանից հետո ինձ զանգահարեց և ասաց, որ ամուսնու դեմ ինքը որևէ բողոք չունի և խնդրեց, որ ես չբողոքեմ նրա դեմ։ Ես կատաղեցի նրա վրա և ասացի՝ եթե որոշում չէր կայացնում, ապա ի՞նչ պատճառով էիր ցանկանում գալ Երևան, ես էլ, իմանալով, որ խնդիր ունի, ահազանգել եմ Ոստիկանություն: Դրանից հետո ես նրա հետ չեմ խոսել և մի անգամ ևս զանգահարել և խնդրել է, որ չբողոքեմ ամուսնու դեմ»,- նախաքննության ընթացքում պատմել է կինը։
Նա նաև հայտնել է, որ տատը փոքր ժամանակ տակը միզելու համար ծեծել է 12 տարին չլրացած երեխային, նրան ստիպել են, որ տները մաքրի, փոքր երեխաներին պահի, անընդհատ գրկի:
Նա նաև հայտնել է, որ երեխային ընտանիքում առանձնացրել են այն պատճառով, որ երեխան իրենցը չի, իր եղբոր դստեր առաջին ամուսնուց է։
«Այդ իսկ պատճառով ծեծում են, մունաթ են գալիս, պահանջում են փոքր երեխային հելնի օրորի, պահի: Նույնիսկ իմ ներկայությամբ լացելով ասել է, որ չեմ կարողանում, մեջքս ցավում է, սակայն գոռում էին նրա վրա, և երեխան ստիպված գրկում էր փոքր երեխային։ Ես միջամտել եմ, ջղայնացել եմ և ասել, որ այդպես երեխա չեն պահում։ Նույնիսկ առաջարկել եմ՝ տանեմ, ես պահեմ, սակայն հրաժարվել է և ասել՝ որտեղ ես, այնտեղ էլ իմ երեխան։ Իմ ներկայությամբ հայրն ու տատը հարվածել են ամեն մի հասարակ առիթից, իսկ երեխաներին պահելու կամ մաքրություն կատարելու համար իմ ներկայությամբ բարձր գոռում էին երեխայի վրա»,- պատմել է կինը։
Դատարանում, սակայն, նա հակառակն է պնդել․ հայտնել է, որ երեխան տատի կողմից բռնության չի ենթարկվել, առհասարակ երեխայի ընտանիքի անդամները նրան չեն ծեծել, չեն ապտակել, չեն ճնշել, որևէ այլ կերպ չեն վնասել։ Տեղյակ է, որ ընտանիքում նրանց երեխաների միջև որևէ տարբերություն չի եղել, հավասար են սիրել, դաստիարակել, հավասար կերակրել են, հավասար նրանց համար գնումներ են կատարել, իսկ երբ բարկանալու առիթ է եղել, բոլորի վրա են բարկացել։ 12 տարին չլրացած երեխայի՝ նախկին ամուսնու երեխան լինելու հանգամանքը պատճառ չի եղել, որ նրա հանդեպ այդ ընտանիքում հոր կամ տատի կողմից տարբերակված մոտեցում դրսևորվի։
Հայտնել է նաև, որ եղբոր որդու և սկեսուրի հարաբերությունները լավ են, 12 տարին չլրացած երեխային երբեք չեն ստիպել տները մաքրել կամ իրենից փոքր երեխաներին անընդհատ գրկած պահել։
Հարցին, թե ինչո՞ւ է նախաքննության ընթացքում այլ բան հայտնել, վկան պատասխանել է, թե իր երևակայության կամ ենթադրությունների պատճառով քննիչին ավելի բարդ է ներկայացրել իրավիճակը։
Հոր և տատի գործողությունները հոգեկան ուժեղ տառապանք են պատճառել երեխային, երեխայի վրա կա ազդեցություն
Գործում առկա է դատահոգեբանական փորձաքննության եզրակացություն, որում հոգեբանը եզրակացրել է, որ հոր և տատի կողմից կատարված գործողությունները՝ երեխային ծեծի ենթարկելը, վիրավորելը, աշխատանքներ կատարել հարկադրելը, մյուս երեխաների համեմատությամբ խիստ տարբերակված և խտրական բացասական մոտեցում ցուցաբերելը, հանդիսանում են հոգետրավմատիկ գործոնների ամբողջություն և իրենց համակցության մեջ երեխային պատճառել են հոգեկան ուժեղ տառապանք, որը դրսևորվում է երեխայի սոցիալական շփումներ հաստատելու դժվարությունների, ըստ փորձարարական հետազոտության արդյունքների՝ երեխայի մոտ բացահայտված հուսահատության առկայության, անվստահության, կաշկանդվածության, մեկուսացվածության, ճնշվածության, բարձր տագնապայնության, անկաշկանդ խոսելու խիստ սահմանափակ հնարավորություններ ունենալու զգացողության, լռելու անհրաժեշտության և զգացմունքները բացահայտ արտահայտելու սահմանափակումներով պայմանավորված ներքին կոնֆլիկտի առկայության, իրողությունները խիստ վերահսկելու անհրաժեշտության զգացողության, կախյալության, վախի, շրջապատի թշնամական ընկալման, բռնության ենթարկված լինելու զգացողության, սթրեսի ենթարկվածության, ընտանիքում սպառնալիքների և վտանգների առկայության զգացողության, հոր նկատմամբ հակասական հույզերի առկայության, նրան ագրեսիվ, որպես սպառնացող և վախ առաջացնող կերպար ընկալելու տեսքով, ինչը համատեղ բնակության շարունակության պայմաններում ունի կրկնման բարձր ռիսկայնություն։
Հոգեբանը նաև եզրակացրել է, որ 12 տարին չլրացած տուժողը կարող է լիարժեք ընկալել և վերարտադրել իրադարձությունները, տալ ճիշտ ցուցմունքներ, սակայն քրեական վարույթի շրջանակներում երեխայի կողմից խիստ իրարամերժ տեղեկություններ հայտնելու և դրանց շրջանակներում վարքի խիստ տարբեր լինելու (մասնավորապես՝ հարցաքննության ընթացքում բռնության ենթարկված լինելու իրավիճակների մասին նկարագրելիս վարքի առավել ինքնաբուխ լինելը, հարցադրումներին պատասխանելուց չխուսափելը, մանրամասներ ներկայացնել կարողանալը, իսկ բռնության ենթարկված չլինելու մասին տեղեկություններ հայտնելիս՝ հարցաքննությունների ընթացքում արտահայտված կաշկանդված, խուսափողական վարքի դրսևորումները, փորձագիտական զրույցի ընթացքում վարքը վերահսկելը, բռնության հանգամանքները հաստատելուց նեղսրտելը), ինչպես նաև հոր՝ բնակության վայր վերադառնալուց հետո ընտանիքի անդամների համար ոչ շահեկան մեկնաբանման ենթակա հարցադրումներին պատասխանելուց խուսափելու դրսևորումների, հորը և տատիկին սույն վարույթով մեղադրանքից զերծ պահելու համար պատասխանատվություն զգալու պայմաններում առկա են բավարար հիմքեր հաստատելու, որ հայտնած տեղեկությունների շրջանակներում առկա են հոգեբանական ներազդեցության դրսևորումներ, որոնք արտահայտվում են հոր և տատի համար ոչ շահեկան տեղեկություններ հայտնելուց խուսափելու միտվածությամբ։ Այդ ներազդեցությունն իրականացվել է հոր, տատի կամ վերջիններիս աջակցել ցանկացող մեծահասակի կամ մեծահասակների կողմից, ումից ունի որևէ կախյալություն։
Ինչ հիմնավորումներով է դատարանն արդարացրել երեխայի հորն ու տատին
Դատարանը արդարացման դատական ակտ կայացնելիս վերլուծել է, թե ինչ հատկանիշների առկայության դեպքում արարքը կարող է որակվել որպես (մերձավոր ազգականի կողմից անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգ)։
Դատարանի գնահատմամբ՝ երեխայի կողմից ընտանիքում որևէ կենցաղային կամ տնային աշխատանք կատարելու յուրաքանչյուր դեպք ինքնին չի կարող նույնացվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի իմաստով շահագործման հետ։
Ըստ դատարանի՝ ապացուցման ենթակա է ոչ թե ընդհանրապես երեխայի նկատմամբ կոպիտ, անընդունելի, խտրական կամ նույնիսկ բռնի վերաբերմունք դրսևորելու փաստը, այլ այն, որ տատն ու թոռը շահագործել են կամ շահագործման վիճակի մեջ են դրել կամ այդ վիճակում պահել երեխային՝ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի կամ ծառայություն մատուցելուն հարկադրելու եղանակով։
Դատարանը կարևոր է համարել առանձնացնել մեղադրանքի փաստական նկարագրությունը գործով առկա ընդհանուր բնույթի տեղեկություններից և նշել, որ չի արձանագրել ապացուցողական այնպիսի ամբողջություն, որով հնարավոր կլիներ հաստատել ոչ միայն մեղադրյալներին վերագրվող գործողություններից յուրաքանչյուրի կատարումը մեղադրանքում նկարագրված եղանակով, այլև դրանց միջև այնպիսի փոխկապակցվածություն, պարբերականություն, տևականություն և նպատակաուղղվածություն, որպիսի պայմաններում երեխան կարող էր համարվել շահագործվող կամ շահագործման վիճակի մեջ դրված և այդ վիճակում պահվող անձ։
Անդրադառնալով երեխայի կողմից վարույթի ընթացքում հայտնած հակասական տեղեկություններին՝ դատարանը դրանցից ոչ մեկն արժանահավատ չի համարել։
Հոգեբանի այն հայտարարությունը, որ երեխայի նկատմամբ առկա է եղել անօրինական ազդեցություն, ըստ դատարանի՝ ինքնին չի բացահայտում այդ ենթադրյալ ազդեցության աղբյուրը, եղանակը, ժամանակը, ինտենսիվությունը և այն անձին, ում կողմից այն իրականացվել է։
Ըստ դատարանի՝ վարույթով ձեռք չեն բերվել կոնկրետ փաստական տվյալներ, որոնցով կհաստատվեր, որ կալանքի տակ գտնվելու պայմաններում հայրը անձամբ կամ այլ անձի միջոցով որևէ գործողությամբ կամ որևէ այլ եղանակով ազդեցություն է գործադրել երեխայի վրա՝ վերջինիս կողմից նախկինում հայտնած տեղեկությունները փոխելու նպատակով, և նման պայմաններում երեխան չի հաստատել նախկինում նկարագրված բռնության և հարկադրանքի հանգամանքները, իսկ դատաքննության ընթացքում հայտնել է, որ չի ցանկանում ցուցմունք տալ։
Անդրադառնալով մեղադրյալի կնոջ հորաքրոջ ցուցմունքի բովանդակությանը՝ դատարանը նշել է, որ նույնիսկ եթե հիմք ընդունվի նրա նախաքննության ընթացքում, այսինքն՝ երեխայի հոր և տատի դեմ տված ցուցմունքները, դրանցով չի հաստատվում, որ նրանք երեխային կերակրել են միայն տան, բակի և մեղադրանքում նկարագրված աշխատանքները կատարելու պայմանով, չի հաստատվում նաև, որ տատը քնած ժամանակ պարբերաբար արթնացրել է թոռանն ու ստիպել տրորել իր մեջքն ու ոտքերը, ինչպես նաև չեն նկարագրվում այնպիսի կոնկրետ հանգամանքներ, որոնք հնարավորություն կտային որոշելու ենթադրյալ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի կամ ծառայության պարբերականությունը, տևողությունը և ծավալը։
Անդրադառնալով դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը՝ դատարանը նշել է, որ այն նախապես սահմանված ապացուցողական ուժ չունի և ենթակա է գնահատման՝ գործով առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ։ Դատարանը նշել է, որ, ի թիվս այլնի, որպես ելակետային տվյալներ դիտարկվել են նաև հոր և տատի կողմից երեխային ծեծի ենթարկելու, վիրավորելու, աշխատանքներ կատարել հարկադրելու և մյուս երեխաների համեմատ խտրական բացասական վերաբերմունք ցուցաբերելու հանգամանքները։ Մինչդեռ այդ հանգամանքների՝ որպես իրականում տեղի ունեցած փաստերի հաստատումը փորձագետի մասնագիտական իրավասության հարց չէ, այլ քրեական վարույթում ապացույցների ամբողջության գնահատման արդյունքում դատարանի լուծմանը ենթակա հարց։
Դատարանը հաշվի է առել նաև, որ տուժող մայրը դատաքննության ընթացքում հայտնել է, որ բողոք և պահանջ չունի և, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց։
Դատական ակտում արձանագրվել է նաև, որ երեխայի ենթադրյալ շահագործման փաստի կապակցությամբ առանձին քրեական վարույթ չի նախաձեռնվել, այլ նախաքննության ընթացքում արդեն քննվող վարույթի շրջանակներում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա ձևավորվել և մեղադրյալներին ներկայացվել է թրաֆիքինգի հոդվածով մեղադրանք։ Դատարանը, սակայն, ընդգծում է, որ նշված դատավարական հանգամանքը ինքնին չի դիտարկում որպես մեղադրյալներին թրաֆիքինգի հոդվածով ներկայացված մեղադրանքից արդարացնելու ինքնուրույն և բավարար հիմք, այլ արդարացման դատական ակտը կայացվում է գործում առկա բոլոր ապացույցների գնահատման արդյունքում։
Դատարանը նաև նշել է, որ այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածով ներկայացված մեղադրանքի հիմքում դրված առանձին փաստական տվյալները կարող են պարունակել այլ քրեաիրավական գնահատականի արժանի վարքագծի վերաբերյալ տեղեկություններ, ինքնին դատարանին իրավասություն չի տալիս մեղադրյալներին ներկայացված մեղադրանքը վերակառուցելու, դրա փաստական հիմքում չներառված նոր հանգամանքներով լրացնելու կամ մեղադրանքի կողմի փոխարեն փաստականորեն այլ մեղադրանք ձևակերպելու։
Այսպիսով՝ դատարանը որոշել է մեղադրյալ տատի և հոր վերաբերյալ թրաֆիքինգի գործով արդարացման վերդիկտ կայացնել՝ արարքը կատարած չլինելու հիմքով։ Իսկ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մասով ամուսնուն մեղավոր ճանաչել և որպես պատիժ նշանակել 100 ժամ տևողությամբ հանրային աշխատանքները, նշանակված պատժին հաշվակցել ամուսնու՝ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը և վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը համարել կրած։
Այսպիսով՝ երեխան շարունակում է ապրել այդ ընտանիքում։
Երեխան չպետք է ապրեր նույն ընտանիքում․ Դավիթ Թումասյան
Ո՞վ և ո՞ր հարցում է թերացել, և ինչպես է ստացվում, որ պետության հոգածության ներքո գտնվող, այն էլ՝ անօգնական վիճակում գտնվող անձը հայտնվում է նման իրավիճակում։
Factor TV-ն պարզեց, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն (նախկինում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն) այս երեխայի խնդրից տեղյակ է եղել, խնդրի մասին տեղյակ է եղել նաև Խնամակալության և հոգաբարձության մարմինը։ Սակայն երեխան գործի քննության ամբողջ ընթացքում իր նկատմամբ ենթադրյալ հանցանք գործած անձանց հետ ապրել է նույն տան մեջ։
Դավիթ Թումասյանի նկարը
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը մեզ հետ զրույցում նշում է․ երեխան չպետք է ապրեր նույն հասցեում։
Երեխայի կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի դեպքում Խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է երեխային ընտանիքից վերցներ։ Սա սահմանված է Խնամակալության և հոգաբարձության մարմնի կանոնադրությամբ, որը հաստատված է Կառավարության որոշմամբ։
«Իրենց պետք է երեխային վերցնեին և կազմակերպեին երեխայի խնամքը։ Նկարագրված իրավիճակում երեխան ստրկության նմանվող վիճակի մեջ էր պահվում, այսինքն՝ հանդիսանում էր այդ ընտանիքում ամեն գործ անող, և դա պայմանավորված էր նրանով, որ նա այլ ամուսնությունից ծնված երեխա էր, իսկ մյուս երեխաները հոր, այսպես ասած, կենսաբանական երեխաներն էին»,- նշում է Դավիթ Թումասյանը։
Փորձագետի խոսքով՝ փաստացի նույն հասցեում տուժող երեխայի հետ երկու մեղադրյալ է ապրել, երկուսն էլ՝ ընտանիքի անդամ։ Երրորդ խնդիրն այն է, որ երեխայի օրինական ներկայացուցիչը, այսինքն՝ մայրը, ևս ընտանիքի անդամ է, ինչի պայմաններում երեխայի նկատմամբ ճնշում գործադրելու ռիսկն է բարձրանում։
«Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ օրինական ներկայացուցիչը՝ անգամ ծնողը, պետք է վարույթից հեռացվի, եթե ի վնաս երեխայի շահերի կամ արդարադատության շահերի գործողություն է կատարում»,- հիշեցնում է Դավիթ Թումասյանը։
Համապատասխան տարածքի Խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը, որի անունը չենք հրապարակում՝ տարածքը չբացահայտելու և երեխայի հնարավոր նույնականացում թույլ չտալու համար, Factor TV-ի հետ զրույցում նշեց, թե երեխան իրենց հսկողության ներքո է եղել։
Ըստ մեր զրուցակցի՝ չնայած իրավապահ մարմիններում երեխայի նկատմամբ ենթադրյալ թրաֆիքինգի կամ ոտնձգությունների վերաբերյալ գործի առկայությանը՝ կատարված բազմաթիվ այցելությունների արդյունքում այդ կասկածները չեն հաստատվել։
«Այնտեղ մայրը սկզբում դիտարկել էր, որ հայրը երեխային մյուս երեխաներից ավելի շատ է աշխատանքի լծում, օրինակ՝ բերքի հավաքման հարցում օգնելու համար, բայց հետագայում հրաժարվել է իր նախնական հայտարարություններից»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ երեխային ընտանիքից վերցնելու կարիք չկար, քանի որ երեխան, փաստացի, ապրում էր կենսաբանական մոր հետ։ Մեր դիտարկմանը՝ արդյոք այն հանգամանքը, որ մայրը հաշտվել էր հոր հետ և այլևս բողոք չուներ, կասկած չի՞ հարուցել նրա՝ երեխայի շահով առաջնորդվելու հարցում, ԽՀՄ-ի անդամը պատասխանեց, որ նման կասկածներ չեն եղել։
Ինչպե՞ս քննել փակ դռների ետևում կատարվածը
Երեխայի վերաբերյալ գործով շատ հանգամանքներ հրապարակման ենթակա չեն, դատական ակտում ևս ոչ բոլոր հանգամանքներն են նշվում, սակայն, հաշվի առնելով դատական ակտում արձանագրված հանգամանքները՝ Դավիթ Թումասյանը մի քանի խնդիր է արձանագրում նմանատիպ գործերի քննության հայաստանյան պրակտիկայում։
Փորձագետի խոսքով՝ 1998 թվականի Քրեական դատավարության օրենսգրքում կային հոդվածներ, որոնք հատուկ վերաբերում էին թրաֆիքինգին, սեռական հանցագործություններին և տալիս էին որոշակի առանձնահատկություններ՝ հարմարեցված վարույթ իրականացնելու համար, սակայն այժմ գործող օրենսգիրքը որևէ դրույթ, որը կվերաբերի թրաֆիքինգի կամ սեռական հանցագործությունների քննության առանձնահատկություններին, չի սահմանում, ինչպիսի պայմաններում ունենք ոչ հարմարեցված վարույթ։
«Եթե դրան գումարվում է նաև ապացուցման շեմի բարձր լինելը, ինչպես մյուս բոլոր վարույթներով, ստացվում է, որ շատ բարդ է ապացուցել այն, ինչ տեղի է ունենում փակ դռների ետևում, այսինքն՝ տնային պայմաններում շահագործումը, իսկ այստեղ մենք ակնհայտորեն գործ ունենք ստրկությանը նմանվող վիճակի և տնային պայմաններում երեխայի հարկադիր աշխատանքի հետ»,- նշում է Դավիթ Թումասյանը։
Իսկ ինչպե՞ս քննել փակ դռների ետևում երեխայի ենթադրյալ շահագործման դեպքը, երբ ընտանիքում գրեթե բոլորը մերձավոր ազգականներ են և հավանականությունը, որ կլռեն, ազդեցության կենթարկվեն, մեծ է։
Թումասյանը նշում է, որ շատ այլ պետություններում նշանակվում է դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար՝ երեխան բռնության ենթարկվել է, թե՞ ոչ, և հոգեբանը, հենվելով հետտրավմատիկ և այլ հատկանիշների վրա, տալիս է նման եզրակացություն, սակայն Հայաստանում այս պրակտիկան, ըստ Թումասյանի, տարածված չէ։
Քննության մեկ այլ առանձնահատկություն է երեխայի նկատմամբ անուղղակի առերեսում նշանակելը, ինչի պայմաններում երեխան ավելի վստահ է իրեն զգում, չի վախենում պնդել իր ցուցմունքները, չի փոխում դրանք։
Թումասյանը բացատրում է, որ երբ երեխային նստեցնեն իր նկատմամբ ենթադրյալ հանցավոր արարք կատարած անձի առջև, գուցե նա չպնդի ցուցմունքը, ինչը կաշխատի ի վնաս երեխայի, իսկ անուղղակի առերեսումը լուծում է այս խնդիրը։
Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետությունը շարունակում է խնդրահարույց մնալ ոչ միայն հանցագործությունների բացահայտման, այլև դրանց քննության և դատական ավարտի փուլերում։ Եվրոպայի խորհրդի՝ թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագիտական խմբի՝ GRETA-ի 2026 թվականի զեկույցում արձանագրվում է, որ քննությունների թվի աճին զուգահեռ դատապարտումների թիվը շարունակում է փոքր մնալ։ Փորձագետները հորդորում են ապահովել գործերի նախաձեռնողական քննություն, թրաֆիքինգի դեպքերը չվերաորակավորել ավելի մեղմ հանցագործությունների և ապահովել հանցանքի ծանրությանը համարժեք պատիժներ։
Խնդրահարույց իրավիճակ է արձանագրում նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը։ 2025 թվականի զեկույցի համաձայն՝ 2024 թվականին թրաֆիքինգի գործերով դատապարտված վեց անձանցից միայն մեկն է դատապարտվել ազատազրկման։ Զեկույցում քննադատության է ենթարկվում նաև դատական համակարգում թրաֆիքինգի զոհերի նկատմամբ ոչ զոհակենտրոն մոտեցումը։
Նոյեմբերի 30-ին Վերաքննիչ դատարանը պետք է հրապարակի թրաֆիքինգի գործով երեխայի հորն ու տատին արդարացնելու դատական ակտի դեմ բողոքի գործով որոշումը։
Արաքս Մամուլյան

