Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
Քաղաքականություն
10.11.2026 | 18:59
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կամուրջներին և էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածների միջոցով ձգտում է «Ուկրաինան Դնեպր գետի երկայնքով բաժանել»։ Այս մասին նա ասել է նոյեմբերի 9-ի երեկոյան ունեցած իր ուղերձում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Մանրամասն քննարկել ենք ռուսական գործողության հետևանքով մեր կամուրջներին և էներգետիկ ցանցին սպառնացող մարտահրավերները։ Ռուսաստանը փորձում է Ուկրաինան Դնեպր գետի երկայնքով բաժանել և առավելագույնս բարդացնել մարդկանց, մեր քաղաքների ու գյուղերի բնակիչների կյանքը», -ասել է Զելենսկին։
«Նախօրեին զրուցել եմ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ և շատ շնորհակալ եմ Ուրսուլային աջակցության և ըմբռնման համար։ Եվրամիության կողմից լրացուցիչ աջակցություն և օգնություն կտրամադրվի», -հավելել է Ուկրաինայի նախագահը։
Նման ծրագրերի մասին Զելենսկին նախազգուշացրել էր նաև եվրոպացի առաջնորդներին։ Այս մասին նախօրեին, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր Financial Times-ը։ Ուկրաինայի նախագահն այս հարցը բարձրացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ հայտարարելով, որ Կրեմլը ցանկանում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ սահմանակից արևելյան հատվածը մեկուսացնել ԵՄ-ի հետ սահմանակից արևմտյան հատվածից։
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան Financial Times-ին հայտնել է, որ Ռուսաստանի ծրագիրը ոչ միայն Ուկրաինան երկու մասի բաժանելն է, այլև երկրի արևմտյան հատվածից դեպի արևելք էլեկտրամատակարարումը դադարեցնելը, ինչի հետևանքով ձմռան ամենացուրտ շրջանում միլիոնավոր մարդիկ կարող են զրկվել էլեկտրաէներգիայից։ Հոկտեմբերից Ռուսաստանը սկսել է ավելի ակտիվ հարվածներ հասցնել Դնեպր գետի կամուրջներին, այդ թվում՝ Կիևի Հյուսիսային և Հարավային կամուրջներին, ինչի հետևանքով խաթարվել է քաղաքի տարբեր հատվածների միջև հաղորդակցությունը։
Մայրաքաղաքին ամենամոտ կամուրջները գտնվում են Կիևից մոտ 16 կմ դեպի հյուսիս՝ Կիևի հիդրոէլեկտրակայանի մոտ, և մոտ 130 կմ դեպի հարավ՝ Կանևի հիդրոէլեկտրակայանի մոտ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

