Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
Քաղաքականություն
10.11.2026 | 16:37
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը ՀԱՊԿ անդամ երկրները կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը։
Նրա խոսքով՝ նիստի ընթացքում կողմերը ստիպված են եղել քննարկել ՀԱՊԿ կանոնադրությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների չկատարման հարցը՝ կապված կազմակերպության բյուջե ամենամյա անդամավճարների փոխանցման հետ։
«Համապատասխան որոշման նախագիծը (Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ) նախատեսում է կասեցնել Հայաստանի քաղաքացիներին կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և զրկել Հայաստանին ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։ Որոշման այս նախագիծը նույնպես վաղը կքննարկվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստում», – ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։
Նա նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Հայաստանին զրկելու դեպքում Երևանը կպահպանի հավաքական անվտանգության իրավունքը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ այս որոշման ընդունումից հետո հայ գործընկերները փաստացի կպահպանեն Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված բոլոր հիմնական իրավունքները, այդ թվում՝ հենց հավաքական անվտանգության իրավունքը»,-հայտարարել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Հայաստանը Մոսկվայում այսօր կայացած ՀԱՊԿ նիստերին չի մասնակցել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

