Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Քաղաքականություն
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի եղբայրը՝ Աարոն Օրբանը, ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։ Հետաքննությունն իրականացնում են Ակտիվների վերադարձի ազգային գործակալությունը (NVVH) և Ազգային հետաքննչական բյուրոն (KR NNI), գրում է The Insider-ը։
Եղբոր ձերբակալությունը X սոցիալական ցանցում հաստատել է նաև ինքը՝ Օրբանը։ «Սա վհուկների քաղաքական որս է… Այս կեղտոտ քաղաքական խաղի նպատակն է վերացնել ընդդիմախոսներին և ստեղծել միակուսակցական պետություն։ Իրական թիրախը ես եմ։ Իմ կրտսեր եղբորը պարզապես օգտագործում են ինձ հասնելու համար»,– գրել է նա։
Ավելի վաղ հունգարական Telex պարբերականը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ի առավոտյան խուզարկություն է իրականացվել Աարոն Օրբանի ընկերության հետ կապ ունեցող շենքում։
Հունգարիայի ոստիկանության կայքում (KR NNI-ն ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է) նշվում է, որ մարդկանց առևտրի գործով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել Բուդապեշտի և Պեշտի մարզի մի քանի հասցեներում։ Հաղորդագրության մեջ ձերբակալվածների անունները չեն նշվում։ Telex-ի տվյալներով՝ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում Վիկտոր Օրբանն ու նրա կուսակցությունը կորցրեցին իշխանությունը, ձերբակալվել էր Աարոն Օրբանի ենթադրյալ հանցակիցը, սակայն նրան վերջերս ազատ էին արձակել։
Պարբերականը նաև պարզել է, որ գործի շրջանակում հարցաքննվել է Բուդապեշտում բնակվող վիետնամցի թարգմանիչը, որը գործարար հանդիպման ժամանակ ուղեկցել է կրտսեր Օրբանին։ Telex-ի տվյալներով՝ այդ անձինք առնչություն են ունեցել վիզաների առևտրով զբաղվող բիզնեսի հետ։

