Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
Քաղաքականություն
09.11.2026 | 14:56
G7-ի՝ «Մեծ յոթնյակի» անդամ երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրվանից երկու օրով կհավաքվեն Փարիզում՝ քննարկումներ անցկացնելու համար։ Ակնկալվում է, որ եվրոպական տերությունները ԱՄՆ-ին կճնշեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի կարգավորման հարցում ձգտել արդարացի համաձայնության և զերծ մնալ Իրանի դեմ հետագա ռազմական գործողություններից, գրում է France 24-ը։
Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները կհանդիպեն՝ օրակարգում ունենալով այնպիսի հարցեր, որոնք էապես չեն տարբերվում մարտին կայացած նախորդ հանդիպման քննարկումներից։
2022 թվականի փետրվարին հարևան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած լայնածավալ ներխուժումից հետո պատերազմը մոտենում է իր հինգերորդ տարելիցին։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը շարունակում է չբացառել Իրանի դեմ նոր հարվածների հնարավորությունը՝ նույնիսկ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում նախագահ Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցության պարտությունից հետո։ Հատուկ ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նախատեսում է մասնակցել հանդիպման երկու օրերին՝ ի տարբերություն մարտյան հանդիպման, որին նա մասնակցել էր ընդամենը մեկ օր։
G7-ի ԱԳ նախարարների այս հանդիպումը ֆրանսիական նախագահության վերջին միջոցառումներից մեկն է։ Ֆրանսիան այս ամառ նախագահ Էմանուել Մակրոնի հյուրընկալությամբ հանգստավայրում ընդունել էր Դոնալդ Թրամփին՝ G7-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում։ Նախարարական հանդիպումը երկար ժամանակ նախատեսված էր անցկացնել Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել նավահանգստային քաղաքում։
Սակայն վերջին պահին միջոցառումը տեղափոխվել է Փարիզ։ Տեղափոխության պատճառների վերաբերյալ նշվել են միայն ժամանակացույցի հետ կապված հանգամանքները։ Ռուբիոյի այցը, որին ամերիկյան լրատվամիջոցները դիտարկում են որպես Թրամփին փոխարինելու հնարավոր թեկնածուի, կլինի նրա առաջին արտասահմանյան այցը միջանկյալ ընտրություններից հետո։ 2027 թվականին ԱՄՆ-ը Ֆրանսիայից կստանձնի G7-ի նախագահությունը։
Հանդիպումն անցկացվում է Աբու Դաբիում երեքշաբթի և չորեքշաբթի օրերին նախատեսված՝ ԱՄՆ միջնորդությամբ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ֆոնին։ Դրանց նպատակն Ուկրաինայի պատերազմը դադարեցնելն է։ Եվրոպական երկրները մտահոգված են, որ Կիևին կարող են հարկադրել ընդունել իր համար անբարենպաստ պայմաններ։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն RTL ռադիոկայանին հայտնել է, որ այս անգամ «եվրոպացիները ներկայացված կլինեն, իսկ Ֆրանսիան կմեկնի Աբու Դաբի՝ մասնակցելու այդ բանակցություններին»։
ԱՄՆ նախագահի բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է «եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետության» ձևավորման ուղղությամբ, որը կարող է նպաստել «տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»։ Եվրոպայում նախկինում այս գաղափարը թերահավատությամբ են ընդունել։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա Թրամփը չի բացառել նոր հարվածների հնարավորությունը, այդ թվում՝ այսպես կոչված «Փիքաքս լեռան» (Pickaxe Mountain) օբյեկտին, որը կասկածվում է միջուկային նշանակություն ունենալու մեջ։ Թեհրանը հերքում է, որ այդ օբյեկտը նման նշանակություն ունի։
Մինչդեռ եվրոպական երկրները ձգտում են հասնել իրավիճակի կարգավորմանը և Հորմուզի նեղուցով նավագնացության բնականոն վերականգնմանը։ Նեղուցը էներգակիրների տեղափոխման կարևորագույն տարանցիկ հանգույցներից է։
«Մենք այժմ բանակցում ենք նրանց հետ։ Նրանք շատ են ցանկանում գործարք կնքել», – ուրբաթ օրը, խոսելով իրանցիների մասին, հայտարարել էր Թրամփը։
Հանդիպման շրջանակում Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը երկուշաբթի օրը կհյուրընկալի նաև դոնորների համաժողով, որի նպատակն է միջոցներ հավաքել 1986 թվականին Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանում պայթած միջուկային ռեակտորի պաշտպանիչ գմբեթի վերանորոգման համար։ Գմբեթը վնասվել էր անցյալ տարի Ռուսաստանի հասցրած հարվածի հետևանքով։
Անհրաժեշտ է շուրջ 500 միլիոն եվրո, սակայն մինչ այժմ հավաքագրվել է այդ գումարի կեսից մի փոքր ավելին։ Մնացած միջոցները հավաքելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի գարունը, AFP-ին հայտնել են Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունից։ Թեև հանդիպումը տեղափոխվել է Փարիզ, Մարսելում, այնուամենայնիվ, կկայանա թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով 14 համաշխարհային նավահանգիստներ միավորող ցանցի մեկնարկը։
Ֆրանսիա մեկնելուց առաջ էլ լրագրողների հետ զրույցում Ռուբիոն հրաժարվել է ուղղակիորեն մեկնաբանել ԱՄՆ միջանկյալ ընտրություններում Թրամփի և Հանրապետական կուսակցության կրած ջախջախիչ պարտությունը։
«Այս երկրում իշխանության բաժանումը սովորական երևույթ է», – լրագրողներին ասել է Ռուբիոն՝ ակնարկելով, որ այսուհետ Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկվելու են դեմոկրատների կողմից։
Անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցող լայնածավալ բողոքի ցույցերին՝ Ռուբիոն հավելել է, որ մտահոգված չէ և վստահում է տեղում գտնվող ամերիկացի գործընկերներին, որոնք իրեն հավաստիացրել են, որ G7-ի հանդիպմանը մասնակցելը անվտանգ է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

