Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
09.11.2026 | 14:27Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանել է, թե ինչու նպատակահարմար չի համարում Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներ այցելելու հարցը՝ ընդգծելով, որ նման այցը կարող է չապահովել հայ գերիների իրավունքների պաշտպանության իրական մեխանիզմներ։
ՄԻՊ-ի խոսքով՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասություններն ու գործառույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների վրա։ Այլ պետության տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում, նա չունի համապատասխան լիազորություններ՝ խնդիրներ պահանջելու, արձանագրելու և դրանց լուծումը վերահսկելու համար։
Պաշտպանի գնահատմամբ՝ առանց իրական լիազորությունների և վերահսկողության մեխանիզմների՝ նման այցի ընթացքում հնարավոր է միայն ներկայացվի նախապես ընտրված՝ «ամենալավ իրավիճակը», ինչը թույլ չի տա բացահայտել առկա խնդիրներն ու իրական պայմանները։
Անդրադառնալով հայ գերիների իրավունքների պաշտպանությանը՝ ՄԻՊ-ն ընդգծել է, որ հարցը մշտապես բարձրաձայնվում է միջազգային տարբեր հարթակներում։
Նրա խոսքով՝ խնդրին անդրադարձել են նաև միջազգային դերակատարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։
ՄԻՊ-ը նաև նշել է, որ հարցը պահանջում է զգայուն և հաշվարկված մոտեցում՝ հաշվի առնելով անվտանգային երաշխիքներն ու միջազգային պատվիրակությունների հնարավոր այցերի հետ կապված դժվարությունները։
Հիշեցնենք, որ դեռևս 2026 թվականի ապրիլի 21-ին Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ խնդրելով դիտարկել իր, ինչպես նաև կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և մյուս հայ գերիների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։
Վարդանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ հանդիպման ընթացքում քննարկել է հայ բանտարկյալների պահման պայմաններին և իրավունքներին վերաբերող հարցեր։ Նրա փոխանցմամբ՝ Սաբինա Ալիևան ասել էր, որ Հայաստանի ՄԻՊ-ի հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել այցի կազմակերպմանը։ Սակայն այցը չէր իրականացվել։
Անահիտ Մանասյանը Վարդանյանին պատասխանել էր, որ Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներ այցելելը դուրս է իր լիազորությունների շրջանակից։
Ապրիլի 30-ին Վերոնիկա Զոնաբենդը, անդրադառնալով ՄԻՊ-ի պատասխանին, նշել էր, որ հասկանում է պետական մարմինների լիազորությունների սահմանափակումները, սակայն միայն ձևական պատասխանը բավարար չէ։ Նրա խոսքով՝ ընտանիքներն ակնկալում են, որ պետական կառույցները կփորձեն գտնել իրենց հարազատներին այցելելու և նրանց իրավունքները պաշտպանելու հնարավոր մեխանիզմներ։
Ավելի ուշ՝ նոյեմբերի 6-ին, Զոնաբենդը հայտարարել էր, որ կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը Բաքու կմեկնի միայն այն դեպքում, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների անվտանգության երաշխիքները։
Նրա խոսքով՝ հունիսից մի քանի անգամ դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին՝ առաջարկելով այցի տարբեր ձևաչափեր, սակայն որևէ պատասխան չի ստացել։ Միաժամանակ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել Բաքու մեկնելու դեպքում իր հնարավոր ձերբակալության մասին։
Զոնաբենդը հայտնել էր նաև, որ դիվանագիտական աջակցության խնդրանքով դիմել է Հայաստանի կառավարությանը, սակայն օգոստոսի 17-ին ԱԳՆ-ում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ ունեցած հանդիպումից հետո իրենց գրավոր հարցումն անպատասխան է մնացել։
Նրա տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանը փոխանցվել է Բաքվում պահվող հայ բանտարկյալներին հասցեագրված 1254 նամակ՝ դրանք հասցեատերերին փոխանցելու հարցում աջակցելու խնդրանքով։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

