Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
03.11.2026 | 17:17Ազգային ժողովում պատգամավոր Աննա Գրիգորյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի միջև քննարկում ծավալվեց քաղաքական հայտարարություններում հանցակազմի առկայության, ԱՆԻՖ հիմնադրամի գործի քննության և Քննչական կոմիտեի հաղորդագրությունների վերաբերյալ։
Գրիգորյանը հարց բարձրացրեց հրապարակային սպառնալիք պարունակող արտահայտությունների իրավական գնահատման մասին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նման դեպքերում Քննչական կոմիտեն տարբեր անձանց նկատմամբ տարբեր մոտեցումներ է ցուցաբերում։
«Եթե Հայաստանի Հանրապետության մի քաղաքացի մյուս քաղաքացուն ասում է՝ «սատկացնելու եմ, կզացնելու եմ»… Հանցակազմ պարունակո՞ւմ է իր մեջ նման հայտարարությունը, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը։
Նա նաև կոնկրետ օրինակներ բերեց՝ պնդելով, որ նույնատիպ արտահայտությունները տարբեր քաղաքական գործիչների դեպքում տարբեր իրավական գնահատականի են արժանանում։
«Ն․Փ․ քաղաքացին երբ որ այդ նախադասությունն ասում է, ինչպե՞ս է ստացվում, որ դուք հանցակազմ չեք տեսնում, իսկ երբ Ա․Մ․ քաղաքացին է ասում կամ գրում իր ֆեյսբուքյան էջում, դուք այդտեղ հանցակազմ տեսնում եք»,- ասաց Գրիգորյանը։
Արթուր Պողոսյանը պատասխանեց, որ որևէ արտահայտության մեջ հանցակազմի առկայությունը չի կարող գնահատվել միայն դրա բառացի ձևակերպմամբ և կախված է մի շարք հանգամանքներից։
«Երբ քննարկում ենք արարքում հանցակազմի առկայությունը, մենք քննարկում ենք տեղը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը, անձը․ սրանք այնպիսի վճռորոշ հատկանիշներ են… իմ կարծիքով՝ այդտեղ ոչ մի բան չկա»,- ասաց ՔԿ նախագահը։
Նա նշեց, որ նույնատիպ արտահայտությունները տարբեր իրավիճակներում կարող են տարբեր իրավական հետևանքներ ունենալ։
«Ունեցել ենք դեպքեր… երբ որ մենք գտել ենք, որ, օրինակ, այդտեղ հանցակազմ չկա, ունեցել ենք դեպքեր, որ այս իմ ասած հատկանիշների արդյունքում գտել ենք հանցակազմ․ իրավաբանությունը դա է, հետաքրքիր, շատ հետաքրքիր գիտություն է»,- ասաց Պողոսյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև ԱՆԻՖ հիմնադրամում շուրջ 70 միլիոն դոլարի ենթադրյալ վատնման վերաբերյալ քրեական վարույթին։
«Մենք ունենք մեղադրյալներ… հետախուզվող անձ էլ ունենք, և կարծեմ մի դրվագով, որքան հիշում եմ, դատարան ենք ուղարկել, բայց դրվագներ կան, որ քննություն ենք կատարում»,- ասաց Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

