Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմուրատ Գացալովը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած աշխարհի առաջնությունից հետո «Матч ТВ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր թիմի ըմբիշներին այլևս չի թույլատրելու մասնակցել RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգային:
Արդյո՞ք RAF-ը այն մրցակցային պրակտիկան է, որն անհրաժեշտ է մարզիկներին։
Ոչ: Մեր տղաներից երեքը՝ Խանիևը, Կադեևը, Սադուլաևը, ովքեր գոտեմարտել են RAF-ում, լիարժեք նախապատրաստական փուլ չեն անցել: Մենք լեռներում էինք, որտեղ բարելավում էինք ֆիզիկական պատրաստվածությունը: Իսկ նրանք պատրաստվում էին RAF-ին: Ֆեդերացիայի և իմ անձնական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի առաջնությանը որակավորված ըմբշները չեն գոտեմարտելու ոչ մի տեղ, բացի մարզչական շտաբի կողմից որոշված վարկանիշային մրցաշարերից։
Այսինքն՝ դուք այլևս թույլ չեք տա մասնակցել RAF-ին։
Թույլ չեմ տա։ Այլապես մենք կդիտարկենք երկրորդ կամ երրորդ համարներին։ Դա կոշտ դիրքորոշում է:
Հիշեցնենք, որ RAF-ում հանդես է գալիս նաև Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, որը Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվել էր 1/8 եզրափակիչում ու ավարտել ելույթները:
Դավիթ Եղիազարյան

