ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցելույթն ավարտեցին Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ:
85 կգ քաշային կարգում հանդես եկան Ռաֆիկ Հարությունյանը և Մարտին Պողոսյանը։
Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 345 կգ (155+190) արդյունքով 11-րդ տեղը գրավեց B խմբում, իսկ C խմբում հանդես եկած Մարտին Պողոսյանը երկամարտում հավաքեց 337 կգ (147+190)։
A խմբի պայքարից հետո Հարությունյանը վերջնական հաշվարկում զբաղեցրեց 22-րդ տեղը, իսկ Պողոսյանը՝ 23-րդ:
Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց 21-րդ տեղը:
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Եգիպտոսը ներկայացնող Յունես Էլսայեդը, որի երկամարտի արդյունքը 390 կգ էր:
ԱԱ-ում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ պայքարն ավարտել էին ևս երկու ծանրորդներ: Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) հրում վարժությունում դարձել էր բրոնզե մեդալակիր ու չորրորդ տեղը գրավել երկամարտում, իսկ Գառնիկ Չոլաքյանը (65 կգ) զբաղեցրել էր 18-րդ տեղը: Գոռ Սահակյանը (75 կգ) վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չէր եկել։
Դավիթ Եղիազարյան

