Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
28.10.2026 | 18:08Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությանը վերադարձված ակտիվների կառավարմանը և ներկայացրեց դրամական միջոցների օգտագործման նախատեսվող մեխանիզմը։
Պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ արդեն կան օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռները, որոնց արդյունքում պետությանը վերադարձվել են երկու տասնյակի հասնող գույքեր և ավելի քան 300 միլիոն դրամ։
Նա հետաքրքրվեց նաև, թե Կառավարությունն ինչ ռազմավարություն ունի վերադարձված անշարժ գույքի վերաբերյալ, մասնավորապես՝ հնարավո՞ր է դրանք օգտագործել հանրային նպատակներով՝ որպես մանկապարտեզներ, տարեցների խնամքի կենտրոններ կամ այլ սոցիալական նշանակության կառույցներ։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բռնագանձված դրամական միջոցների վերաբերյալ Կառավարությունն արդեն որոշում է կայացրել․ դրանք նախատեսվում է կենտրոնացնել առանձին անձեռնմխելի հաշվին և դեպոնացնել։
«Մենք որոշել ենք, որ այդ դրամական միջոցները կկենտրոնանան մի անձեռնմխելի հաշվում, կդեպոնացվեն, այսինքն՝ որպես դեպոզիտ կդրվեն, և այդ գումարները մենք չենք ծախսի, այլ դրա բերած տոկոսները ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ այս պահին կուտակված գումարը մեծ չէ, սակայն ժամանակի ընթացքում՝ նոր ակտիվների վերադարձի և դրանցից ստացվող եկամուտների ավելացման արդյունքում, այն կարող է դառնալ կենսաթոշակային ապահովման համար շոշափելի ֆինանսական աղբյուր։
Անդրադառնալով պետությանը վերադարձված անշարժ գույքի հետագա ճակատագրին՝ վարչապետն ասաց, որ վերջնական մոտեցումը դեռ որոշված չէ և հարցին Կառավարությունը կրկին կանդրադառնա։
«Եթե որևէ տարբերակով ապօրինի գույքերը դառնան դրամական միջոցներ, հավանականությունը, որ էլի կտանենք, կդնենք այդ անձեռնմխելի հաշվի վրա, որ ամբողջ տոկոսները ուղղվեն կենսաթոշակային ապահովմանը, բավականին մեծ է»,- նշեց Փաշինյանը։
Թագուհի Ղազարյանն արձագանքեց, որ բռնագանձված անշարժ գույքը մասնավոր անձանց օտարելու դեպքում հանրության շրջանում կարող է տպավորություն ստեղծվել, թե գույքը պարզապես մեկ հարուստից անցնում է մյուսին։
Փաշինյանը հակադարձեց, որ եթե գույքը ձեռք է բերում օրինական միջոցներով գործող անձը, վաճառքից ստացված գումարն ամեն դեպքում վերադարձվում է պետությանը։
«Եթե կոռումպացված հարուստ մարդու փոխարեն ձեռք է բերել ոչ կոռումպացված հարուստ մարդ, այդ գումարները էլի վերադարձվել են պետությանը։ Եթե ձեռք է բերել կոռումպացված հարուստ մարդ, մեկ է, էլի ապօրինի գույքով դա էլի հետ ենք վերցնելու»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

