Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
28.10.2026 | 17:17Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետության բարձրացմանն ու պահեստազորայինների նախնական պատրաստության նոր պայմաններին։
Պապիկյանը 25-օրյա վարժական հավաքները գնահատեց որպես վերջին տարիների կարևոր բարեփոխումներից մեկը՝ միաժամանակ նշելով, որ համակարգը դեռ կայացման փուլում է։
«25-օրյա վարժական հավաքները վերջին տարիների մեր բարեփոխումների կարևոր մասն եմ համարում։ Իհարկե, այն դեռ կայացման ճանապարհ ունի, անելիք ունենք»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ ներկայումս զորավարժարաններից մեկում կառուցվում է մեծ վրանային ավան, որտեղ վարժական հավաքների մասնակիցները նախնական տասնօրյա պատրաստություն կանցնեն։
Պապիկյանը նշեց, որ նոր ենթակառուցվածքը պետք է բարձրացնի թե՛ պատրաստության արդյունավետությունը, թե՛ հավաքների մասնակիցների կենցաղային պայմանների մակարդակը։
«Այս պահին մեր զորավարժարաններից մեկում կառուցվում է վրանային մի մեծ ավան, որի նպատակն է վարժական հավաքներ անցնող մեր հայրենակիցների նախնական պատրաստվածությունը տասնօրյա անցկացնել հենց այս վարժական ավանում», — ասաց նա։
Նախարարը նաև հայտնեց, որ ծրագրի իրականացմանն աջակցել է Եվրամիությունը՝ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում տրամադրվող ֆինանսավորման միջոցով։
Պապիկյանն անդրադարձավ նաև պահեստազորայինների մասնագիտական կարողությունների կիրառմանը։ Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանք է տարվում այն ուղղությամբ, որ քաղաքացիները բանակում օգտագործեն նաև ծառայությունից հետո ստացած կրթությունն ու մասնագիտական փորձը։
«Հիմա մարդկանց ցանկությունն ավելի շատ այն է, որ իրենց հետագա կրթության, աշխատանքի բերումով ստացած գիտելիքների ու փորձառության հիման վրա բանակում օգտագործեն իրենց կարողությունները․ մենք այդ ուղղությամբ ենք ավելի շատ աշխատում»,- ասաց նախարարը։
Նա հավելեց, որ պահեստազորայինների ամրագրումներն ու կցագրումները հիմնականում իրականացվում են ըստ մասնագիտությունների։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

